Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐԻՆԸ՝ ՓՈՔՐ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ, ՄԵԾԻ՞ՆԸ…

Դեկտեմբեր 26,1998 00:00
erexa

Ազգիս հայտնի դեմքերի մեծ ու փոքր «չարությունների» մասին ամբողջ տարի գրեցինք։ Ու քանի որ ասում են՝ նոր տարում մարդիկ մանկանում են, մենք էլ որոշեցինք այս անգամ պատմել նրանց մանկական «չարություններից»։

Աշոտ Բլեյանի ստացած ապտակը

Աշոտ Բլեյանը գերազանց պատմող է. պատմում է համով- հոտով, անսպառ ոգեւորությամբ, համարյա ողջ մարմնի մասնակցությամբ։ Նման պահերին շատ եմ նախանձում տեսախցիկներով աշխատող գործընկերներիս, քանի որ գրավոր խոսքը երբեմն այնպիսի՜ մանրամասներ բաց կթողնի։ Ու չնայած այս պատմությունից հետո «հիասթափված» բողոքեցի, թե պատմածը ոչ թե իր, այլ ուսուցչի «խուլիգանության» մասին էր, բայց էլի հետաքրքիր է։

«Երեւի չորրորդ դասարանում էի։ Մի ուսուցիչ ունեինք՝ Մուրադյան Ալետան։ Մինչեւ հիմա էլ դասավանդում է։ Հայաստանի ճանաչված, հարգի ուսուցիչներից է։ Այն ժամանակ նոր էր եկել դպրոց, ջահե՜լ աղջնակ էր, շատ գեղեցի՜կ, խորոտի՜կ։ Դպրոցում բոլորս սիրահարվել էինք նրան, ու տղաներիս գլխավոր գործը դարձել էր երեւալը, առանձնանալը։ Ես էլ լավ էի սովորում ու դրանով առանձնանում էի։ Ալետան ինձ շատ էր սիրում, շատ շոյում, գուրգուրում էր միշտ։ Այսօրվա պես վերաբերմունքը հիշում եմ։ Մի օր հերթական դաս լսողը եկավ։ Ալետան սովորույթի համաձայն վստահ էր, որ Բլեյան Աշոտը սովորել է, կարելի է հարցնել։ Նայեց՝ գիտե՞մ դասը։ Ես էլ՝ դե, իհարկե (դեմքի գոհ ու ինքնավստահ արտահայտությամբ։ – Ն. Հ.), այն հույսով, որ չի հարցնի, էլի՛։ Ալետա, Ալետա. բռնեց ու հարցրեց։ Ես կանգնեցի գրատախտակի մոտ, էդ խորոտ կնոջ առաջ, ինձ կորցրած ու առաջին անգամ կմկմացի։ Չէի հասցրել կմկմոցս ավարտել ու մեկ էլ՝ շըխ՜կ… ապտակ։ Դրանից հետո էլ ապտակ չեմ ստացել, դպրոցական տասը տարիներիս միակ ապտակն է եղել։ Ես ինձ պարգեւատրված էի զգում… ապտա՜կ, Ալետայի՜ց»։

Հ. Գ. Ափսո՜ս, պարոն Բլեյանի պատմածները՝ մոր «չարաճճիությունների» մասին չձայնագրեցի։ Շատ հետաքրքիր կին է եղել, մանկավարժական ուրույն հայացքներով ու մեթոդներով։ Ինքը գրաճանաչ չի եղել, բայց երեխաներին ստիպել է ժամերով դաս սերտել, ընդ որում՝ ամեն ավելացող տարվան զուգընթաց ժամերի քանակն էլ է ավելացրել, ասենք՝ չորրորդ դասարանում չորս ժամ պիտի անցկացնեին գրքերի վրա կքած։ Երեխաներն էլ ձեւը գտել էին ու դասագրքի փոխարեն գեղարվեստական գիրք էին կարդում։ Բայց մայրն էլ միամիտը չէր, ժամանակ առ ժամանակ գալիս բոլոր գրքերը հավաքում ու տանում էր գրագետ հարեւանուհու մոտ «էքսպերտիզայի» ու.. սկսվում էր իսկական մանկավարժությունը։

Զադոյանից մա՞րդ դուրս եկավ, թե՞ նախարար

Տարածքային կառավարման եւ օպերատիվ հարցերի նախարար Դավիթ Զադոյանի արձագանքը՝ իր դպրոցական խուլիգանություններից պատմելու խնդրանքիս, շատ անմիջական էր։ Պարզեցի, որ պարոն նախարարը շատ չարաճճի աշակերտ է եղել ու լիքը պատմելու բան ունի, բայց այդ պահին միայն այս մեկը հիշեց.

«Ութերորդ դասարանում էի սովորում, չարաճճի էի, շատ էի դասերը խանգարում։ Հայրս ասաց, թե՝ քեզնից մարդ դուրս չի գա։ Վերցրեց-բերեց Երեւան, մի ուսումնարան։ Տրամվայի վարորդ պիտի դառնայի։ Երեւանցիք էլ բռնեցին լա՜վ ծեծեցին, փախա նորից հետ գնացի։ Արարատ քաղաքում այդ տարի տեխնիկում էր բացվել։ Քննությունները հինգերով հանձնեցի ու ընդունվեցի։ Հետո այն գերազանց ավարտեցի ու եկա ինստիտուտ։ Այսինքն, որպես չար երեխա, ասում էին, որ ինձնից մարդ դուրս չի գա։ Պարզվում է՝ չարաճճի լինելը դեռ հոգով չար լինել չէ»։

Նախարարը էն գլխից էր «կատաղացնում» մանկավարժներին

Պակաս չարաճճի աշակերտ չի եղել նաեւ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, որը ոնց որ թե լավ էլ հպարտությամբ էր պատմում այն մասին, թե իրենց դասարանցի տղաներով այնքան չարաճճի էին, որ համադասարանցի աղջիկները տասներորդ դասարանում իրենց դարդից մի նամակ էին գրել տնօրինությանը՝ իրենց այլ դասարան տեղափոխելու խնդրանքով։ Իր անձնական «սխրագործություններից» մի բան պատմելու խնդրանքին արձագանքեց՝ «Մենք բոլոր վատ բաներն արել ենք կոլեկտիվով» արդարացմամբ ու պատմեց.

«Չեմ հիշում, իններոդ կամ տասներորդ դասարանում էր, որոշեցինք մեր դասարանը վերանորոգել։ Գումար հավաքեցինք։ Այն ժամանակ նման բաներին ժողկրթբաժինները շատ խիստ էին վերաբերում։ Մի խոսքով, գնացինք ներկեր առանք, մտանք դպրոց ու սկսեցինք մեր դասարանը վերանորոգել, կարմիր գույնի ներկով, կարմիր վարագույրներով (չպարզեցինք, թե ինչո՞ւ էին հենց ա՛յդ գույնին նախապատվությունը տվել։ – Ն. Հ.), գեղեցիկ ջահերով։ Երեք անգամ ժողկրթբաժնից մարդիկ եկան, որ փակեն, չկարողացան։ Ամբողջ դասարանով դասերին չէինք նստում, որ վերանորոգենք մեր դասարանը։ Ի վերջո, մեր աշխատանքը ընդունեցին։ Հաջորդ տասներորդ դասարանցիներն էլ մեր փորձը ցանկացան կրկնել։ Նրանց մի կերպ արգելեցին»։

Այ էդպես կվազեն հետեւից

ՀՀ բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանը «խուլիգանություն» արել է հենց համապատասխան տարիքում։ Ընդ որում, դա միակն է եղել։ Դրա համար շատ հեշտ ու միանգամից հիշեց։

«Ես դպրոցում շատ խելոք աշակերտ եմ եղել։ Քիմիայի ավարտական քննությանը գրատախտակի մոտ պատասխանում էի, դպրոցի տնօրենը ներս մտավ։ Դե, երեւի, ինչպես ցանկացած կուլտուրա ունեցող մարդ, ես կանգնեցի։ Սկսեցի չպատասխանել, սպասեցի, տեսնեմ՝ տնօրենն ինչո՞ւ է ներս մտել։ Նա էլ շրջվեց ու հանձնաժողովին ասաց. «Եթե չի կարողանում պատասխանել, ինչո՞ւ եք կանգնեցրել մարդուն։ Երկու նշանակեք՝ դուրս գա»։ Չգիտեմ՝ ինչ կատարվեց հետս. ձեռքիս կավիճով խփեցի տնօրենին։ Լավ է՝ չկպավ։ Ու կատաղած դուրս եկա։ Հետո հետեւիցս եկան։

Բնական է՝ ավարտեցի։ Քիմիայից ինչ ստացա՝ չեմ հիշում։ Երեւի բավարար. քիմիա չեմ սիրել։ Դրանից հետո էլ հարաբերություններս տնօրենի հետ շատ լավ էին. ես սիրված աշակերտ եմ եղել»։

Կորժիկով սնված տղեն էլ առանց աստիճան չի լինի

ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի դպրոցական անցյալից այնպիսի մի համով պատմություն գիտեինք, որ նրան այլեւս չդիմեցինք. հանկարծ ու էս իմացածներս էլ պետական գաղտնիք համարեր ու թույլ չտար գրել։

Ամբողջ դասարանով «կորժիկ» են առնում, ու դասի զանգը հնչում է։ Դասին ուսուցչուհին տեսնում է, որ բոլորն ուտում են։ Բարկանում է։ Անօգուտ։ Հավաքել է տալիս բոլորի կորժիկները, լցնում իր սեղանին ու շարունակում դասը։ Քիչ հետո նկատում է, որ սեղանը դատարկ է, փոխարենը՝ բոլորի բերանները լիքն են։ Այս անգամ կորժիկները հավաքելով՝ լցնում է գրապահարանի դարակն ու փակում։ Ուսուցչուհու՝ դասով տարվելը նորից ճակատագրական է դառնում կորժիկների համար։ Արդեն «ափերից դուրս եկած» կինը բոլորից մեկառմեկ իր ձեռքով հավաքում է կորժիկները (կամ այն, ինչ մնացել էր), շարում աթոռին եւ… նստում վրան։ Հասկանալի է, թե ինչ աղմուկ է բարձրանում դասարանում։ Խեղճ կինը էլ չի դիմանում ու թե. «Ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել։ Զանգը կտա, էլի ձեզ կտամ, կտանեք… կուտեք, հո գյոռս չե՞մ տանելու»։

Այս ցուցակում էլ են անհամատեղելի

Երբ իրենց դպրոցական հերոսական անցյալից մի դրվագ պատմելու խնդրանքով դիմեցինք Վանո Սիրադեղյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին, ժպտացին եւ թվաց, համապատասխանաբար նոստալգիկ տրամադրվեցին։ Մեկ էլ Վանո Սիրադեղյանը թե՝ էլ ո՞ւմ եք հարցրել, ո՞վ կա այդ ցուցակում։ «Թարսի բան էր». կես ժամ առաջ Գեւորգ Վարդանյանը իր դպրոցական միակ խուլիգանությունն էր պատմել։ Ես էլ առանց սար ու ձոր ընկնելու նրա անունը տվեցի։ «Ո՞վ՝ Ժոկո՞ն,- մի անգամ էլ հարցրեց պրն Սիրադեղյանը ու թե,- այդ ցուցակում Ժոկոն կա՝ ես չեմ լինի»։

Ալեքսանդր Արզումանյանն էլ իրեն ՀՀ բնապահպանության նախարարի հետ անհամատեղելի համարեց։ Ու հանկարծ գրեթե միաժամանակ երկուսն էլ ասացին. «Համ էլ ես դպրոցում խելոք աշակերտ եմ եղել»։ եվ ինքնաբերաբար հայտնվեցին «ցուցակում»։

Հ. Գ. Բոլոր նրանք, ում դիմել էինք նման խնդրանքով, պատրաստակամորեն ու ինչ-որ տեղ նաեւ հաճույքով վերհիշում էին իրենց մանկական «չարությունները»։ Այնպես որ, կարիք չեղավ սպառնալու՝ թե դուք մանկական տարիների «չարություններից» պատմեք, թե չէ մենք կհիշեցնենք «մեծականները»։

Կենսագիրներ՝ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031