Հանրապետության բնակչության կեսն այսօր գործազուրկ է։ Տարեվերջ է, թե՝ տարեսկիզբ, ոչ մի նշանակություն չունի։
Միեւնույն է, գործ տվող չկա ու չի էլ լինի։ Ֆայլաբազարի իմ ծանոթներին խնդրեցի ամփոփել տարին եւ ահա թե ինչ ստացվեց։ Նախօրոք զգուշացնեմ, որ ծանոթների խոսքից դուրս եմ թողնում բոլոր հայհոյանքներն ու անպատիվ խոսքերը։
«Ամբողջ տարին այստեղ կանգնեցի, ստացածս փողը լավագույն դեպքում հերիքում էր մի օր ապրելուն, հետո՝ ամիսներով անգործ ու անփող։ Թուհ, էս կառավարության…»։ Այսպես խոսեց մի հոգնած ՀՀ քաղաքացի։ Իսկ մի երիտասարդ փորձեց ինքն էլ իր խոսքն ասել. «Նոր տարի՞, ի՞նչ ես խոսում։ Երեխես ամեն օր ձեռքիս է նայում, մի երկու կոնֆետ չեմ կարող առնել։ Ձմեռ պապին է սպասում, ախր Ձմեռ պապն էլ գիտի ուր գնա, ինձ պես խեղճի տուն գա ի՞նչ անի»։
«Ասում են, թե հայերը հայրենիքը թողած գնում են, մնան՝ ի՞նչ անեն։ Ես մնացել եմ, ամեն օր էս բազարում կանգնած սպասում եմ, որ մեկնումեկն ինձ օգտագործի։ Ես կանգնած եմ, տղաս կանգնած է, փեսաս կանգնած է, բայց մեջն ի՞նչ կա։ Թոռներս էլի վիզը ծուռ են ու երեւի Նոր տարին առանց մանդարանի դիմավորեն»։ Ֆայլաբազարը թող մնա իր տեղում, սակայն քրջի շուկան այլեւս իր տեղում չէ, այն տեղահանվել է եւ գաղթել։ Տարեմուտի այս օրերին ամենավատ առեւտուրն այստեղ է կատարվում։ Բայց վաճառողներին փող շատ է պետք, եւ նրանք վերջին շաքարամանն ու ջրամանն են բերել վաճառելու, մի հին բաճկոն եւ մի գունաթափ վերարկու։ Այստեղ մարդիկ ավելի դյուրագրգիռ էին. «Թող, Նոր տարվա սիրտ չունենք, մեր բոլոր նոր տարիներն անցել են»։
Կարդացեք նաև
Քրջի բազարում կանգնած ՀՀ քաղաքացիների համար հավերժական հին տարին է «չունենք-չկայի» մտասեւեռումով։ Եվ ոչ մի հրաշք այստեղ իրական չէ, ո՛չ Ձմեռ պապն է հրեշտակ, ո՛չ էլ տոնածառը շողշողուն։ Տխուր ստացվե՞ց… ֆրանսիացի լինեի, կասեի՝ «C՝-est la vie»։ Բայց քանի որ ֆրանսիացի չեմ, այլ ընդամենը հայ եմ, ուրեմն՝ անելիքս չգիտեմ ու չեմ ընդունում կյանքը ինչպես որ է։