Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾԻ ԵՎ ԲԵՐԱԾԻ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 26,1998 00:00
qami

Ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց տարեմուտի այս էջը պատրաստելուց առաջ դիմել սոցապ նախարարին, որ նա մի քանի քաղցր խոսք ասի ժողովրդին։

Այդ խոսքը քաղցր է, դառը, թե՝ անհամ, թող ընթերցողը դատի։ Իսկ մենք անխոսք գիտենք, որ հազարավոր կենսաթոշակառուներին, հաշմանդամներին, միայնակներին, խեղճերին ու լքվածներին, տկարամիտներին, գործազուրկներին ու փախստականներին այս օրերին ոչ թե խոսք է հարկավոր (անկախ համից), այլ մի քիչ արեւ՝ ձմռան սառնության մեջ, մի քիչ դրամ, մի տանիք, մի տաք հագուստ եւ ուրիշ ոչինչ։ Այս օրերին ՀՀ սոցապ նախարարության շենքի առջեւ ավելի շատ են այցելուները, իսկ փախստականների վարչության շենքի ներսն ու դուրսը իզուր գրավել են փախստականները։ Մարդիկ հույս ունեն, թե տարվա վերջին օրերին գուցե մի բան կտան, մի քանի կոպեկ։ Բայց տվողները տարեվերջյան հաշվետվություններ են կազմում, խորհրդակցություններ են հրավիրում եւ սպասում են, թե ե՞րբ են վերջապես մի երկու օր տանը մնալու։

Թվաբանական գործողությունը սկսենք գումարումից։ Հիշո՞ւմ եք՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Այս պարզ թվաբանական կանոնն են ուզում տարեվերջին վերլուծել կարիքավորները։ Նրանք այդպես էլ չհասկացան, թե ի՞նչ է տալու իրենց ընտանեկան նպաստը։ Եթե տալու է՝ ինչքան, եթե վերցնելու է՝ էլ ի՞նչը։ Նույնիսկ ցանկության դեպքում դժվար է ընտանեկան նպաստի համակարգի անցումը գումարման գործողություն համարել։ Բայց եկեք առայժմ այդպես մտածենք, քանի որ հանման գործողությունն ավելի բազմաթիվ է։ Նոր տարվանից կհանվեն բոլոր փոխհատուցումներն ու նպաստները, կհանվեն բոլոր արտոնությունները։ Իսկ ի՞նչ կմնա դրանից հետո։ Դրանից հետո կմնան հազարավոր անտուն ու անհայրենիք փախստականները, «դոմիկային» գրանցում ունեցող աղետի գոտու բնակիչները, խղճուկ կենսաթոշակներով ապրող տատիկներն ու պապիկները, թափառաշրջիկ եւ մուրացիկ մեծերն ու փոքրերը, ստիպված մարմնավաճառ ու առեւտրական դարձածները եւ… բոլորը, բոլորը։

«Առավոտի» սոցիալ-առողջապահական բաժինը շնորհավորում է բոլոր ծանոթ ու անծանոթ կարիքավորների նոր տարին եւ ցավում է, որ ոչինչ ավելի չի կարող անել նրանց համար, քան…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031