Հյուր գնալիս տղամարդը փողկապ է կապում, կինը՝ լավագույն կամ ամենաթանկ զգեստն է հագնում։ Հետո յուրաքանչյուրը փորձում է ներկայանալ ըստ արժանվույն։
Քաղաքակիրթ աշխարհին (իմա՝ վարկատու երկրներին) հայերով կպած ուզում ենք դեմոկրատական երկիր ներկայանալ։ Շուկա է, բան է՝ ուզում ենք ճիշտ երեւալ։ Հետո վերադառնում ենք Հայաստան ու ուզում ենք սեփական երկրում էլ ճիշտ ընկալվել։ Այսինքն, ընկալվել լավ ու բարի կառավարիչ։ Հետեւաբար փորձում ենք բյուջե հավաքել։ Հետո բաժանել որպես թոշակ կամ նպաստ։ Ու փույթ չէ, որ այդ ընթացքում մեր հարկային համակարգը ամեն ինչ թանկացնում է։ Թույլ չի տալիս անգամ հացն էժան վաճառել կամ գնել։
Եվրոպական համայնքի եւ Հայաստանի համատեղ 4-րդ հանձնաժողովի նիստը, որ կայացավ դեկտեմբերի 17-ին, ահագին բան բացահայտեց։ Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակությունը պարզապես զարմացած էր, որ ներմուծման պահին մաքսատուրքերը գանձվում են չափազանց մեծ թվից՝ հացահատիկի 1 տոննան 300 դոլար արժեքից։ Ամենաազգայնական տրամադրված մասնագետներն անգամ գիտեն, որ Հայաստանում արտադրվում է անհրաժեշտ հացահատիկի շատ փոքր մասը։ Հետեւաբար, Հայաստանը հացահատիկ ներկրող երկիր է։ Վերջին տարիներին այս շուկան սկսել էր հետաքրքրել արտասահմանյան կազմակերպություններին։ «Գրանդի Մոլինի» իտալական հանրահայտ կազմակերպությունը Հայաստանում համատեղ ձեռնարկություն է հիմնել եւ զբաղվում է հացահատիկի եւ ալյուրի ներկրմամբ։ Այն, որ մեր շուկան իտալացի գործարարներին լուրջ է հետաքրքրում՝ հեշտ է ապացուցել։ Նրանք Հայաստանում սեփականություն են ձեռք բերել։ Խոսքը Սեւանի ալրաղաց գործարանի մասին է։ Այս ձեռնարկությունը 5 մլն դոլարին համարժեք շրջանառու միջոցներ ունի։
Վերջին օրերին ձեռնարկությունում տեղադրվել է փաթեթավորման հոսքագիծ։ Արտասահմանյան ձեռնարկության ներկայությունը, բիզնեսի այս ոլորտում, բնականաբար, որոշակի պայմաններ ու պահանջներ է ձեւավորում։ Եվ հանկարծ, Եվրահամայնքի եւ Հայաստանի ներկայացուցիչների համատեղ նիստում պարզվեց, որ մեր մաքսային վարչությունը հացի (ալյուրի) ներմուծման անիրական բարձր թիվ է սահմանել։ Ներմուծման պահին 1 տոննայի գինը հաշվարկվում է 300 դոլար։ Համապատասխանաբար, 10 % մաքսային տուրքը եւ 20 % ավելացած արժեքահարկը գանձվում է այս թվից։ Այս ոլորտի մասնագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ սրանով, ի վերջո, թանկանում է վաճառվող հացի գինը։ Այն, որ մեր կառավարությունը սոցիալական քաղաքականություն չի վարում ամենաանհրաժեշտ ապրանքների գների ու սակագների որոշման ոլորտում՝ նորություն չէր։ Պարզապես առաջին անգամ էր, որ այս փաստն ակնհայտ դարձավ։
Կարդացեք նաև
Իհարկե մեր տնտեսական ղեկավարությունը կարող է հիմնավորել, որ բարձր գինը սահմանված է բյուջեի համար բարձր մուտքեր ապահովելու նպատակով։ Այս հիմնավորումը որեւէ քննադատության չի կարող դիմանալ, որովհետեւ խոսքը հացի մասին է։ Հաց գնում են բոլորը։ Հացը համարյա միակ կերակուրն է ամենաանապահով խավերի համար։ Բարձր գինը կարելի է հիմնավորել տեղական արտադրողի շահերի պաշտպանությամբ։ Անձամբ ես տարօրինակ կհամարեի նման հիմնավորումը, որովհետեւ մեր տնտեսական համակարգը երբեք նման ուղղվածություն չի ունեցել։ Սեփական արտադրության հացահատիկը Հայաստանին բավարարում է առնվազն 40-45 օր։ Այնպես որ, պարենային անվտանգության մասին հիմնավորումները պարզապես լուրջ չեն։
Բարձր մաքսային հայտարարագրի սահմանումը, ամենայն հավանականությամբ, բոլորովին այլ նպատակ ունի՝ տնտեսավարման այս ոլորտը պակաս հրապուրիչ դարձնել ե՛ւ արտասահմանյան, ե՛ւ տեղական մասնավոր (ոչ վերահսկելի) կապիտալի համար։ Բիզնեսի այս ոլորտը վերահսկելի կապիտալին զիջելով, կառավարող շրջանակները կարող են սեփական գրպանի համար լուրջ եկամուտներ ապահովել՝ հաջողությամբ այն հիմնավորելով պետության ու պետական բյուջեի շահերով։
Եթե հյուր գնալիս տղամարդը փողկապ է կապում, կինը՝ լավագույն կամ ամենաթանկ զգեստն է հագնում, ապա կառավարությունը բիզնեսի այս ոլորտում փորձում է բյուջեի համար առավել մուտքեր հավաքել։ Բայց միջոցներն ի վերջո հավաքվում են ժողովրդի հաշվին։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ