Տարին ավարտվում է, եւ երկնքից դարձյալ երեք խնձոր չի ընկնում։ Փոխարենը բամփեցնում են գլխիդ երեք հարց՝ առաջին, երկրորդ, երրորդ։ Որոնք, իբրեւ ուղղված են Հայաստանի նախագահին եւ որոնց պատասխանն, իբրեւ, չգիտի ԼՂՀ պաշտպանության նախարարը։ Հարցերը Հայաստան-Ղարաբաղ «ընդհանուր պետության» սուբյեկտների փոխհարաբերությունների եւ մեր դեմ աշխարհի հինավուրց դավերի մասին են։ Սամվել Բաբայանն այդպես էլ ասաց, որ կշարունակի իր գիծը, թողնելով Ռոբերտ Քոչարյանին իր «պրոբլեման»։ Ասում են, 1998-ի հունվարին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծնունդը շնորհավորելու առիթով, նրա տանն էին հավաքվել Հայաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները։ Դա այն ժամանակ էր, երբ «հայտնի ուժերը» դեռ միասնական իշխանական թիմի կազմում էին։ Այս հավաքից քիչ անց Հայաստանի առաջին նախագահը գահընկեց եղավ։ Պետք է ենթադրել, որ այս պատմական իշխանափոխությունը տեղի ունեցավ հանուն Ղարաբաղի անվտանգության ու մեր «ընդհանուր պետության» ազգային շահի։
Անշուշտ, դժվար է ասել, թե այս ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին չհասցրեց Սամվել Բաբայանի հարցերին պատասխանել։ Անցել է մեկ տարի, նոր «աշխատակարգ» ձեւավորվեց, Հայաստանում ջրեր հոսեցին… Հարցերը մնացին նույնը։ Ուրեմն ի՞նչ։ Հազարամյակն ավարտենք նոր «հայտնի ուժեր» մոգոնելով եւ թատերաբեմ նետելով։ Դարձյալ այս երկրի ու ժողովրդի գլխի՞ն։
Բայց ուզում ես, չէ՞, հավատալ, որ մի օր երկնքից երեք խնձոր կընկնի։ Մեկը՝ Հայաստանին, մյուսը՝ Ղարաբաղին։ Երրորդը՝՞… Այս հարցի պատասխանը ակնկալում ենք գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանից, մաղթելով նրան լավագույն բաներ 1999 եւ մյուս բոլոր տարիներին։ Ինչպես նաեւ՝ խոհեմություն հարցերի պատասխանները ըմբռնելու խնդրում։
ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ