Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՆԴՈՒԿ, ՊՈՊՈՔ, ՄԱՆԴԱՐԻՆ, ՇՈՒՏՈՎ ԿԳԱ ՆՈՐ ՏԱՐԻՆ»

Դեկտեմբեր 26,1998 00:00
amanor

Այս նորությունն այնքան հին է, որքան Երկիր մոլորակի պատմությունը։ Տարին գնալու է, եւ նրա տեղը դատարկ չի մնալու, մի նոր տարի է գալու իր ուրախությամբ, հոգսով, սիրով, հիասթափությամբ, գտածով ու կորցրածով։

Նոր տարվա սեղան գցելը տարվա առաջին հոգսն է։ Հավանաբար, նաեւ այս հոգսից է, որ մեր համաքաղաքացիներն ավելի նյարդային ու ավելի դյուրագրգիռ են դարձել։ Ամեն տարի յուրաքանչյուր տանտիկին ինքն իրենից, ամուսնու գրպանի դատարկությունից, շուկայի գներից դժգոհ, նախօրոք հայտարարում է, թե՝ «էս տարի ոչ մի սեղան էլ չեմ գցելու, ճար չունեմ»։ Սակայն միշտ էլ հաղթահարում է հայկական ամոթխածությունը, եւ կաշվից դուրս գալով ու աշխարհի վրա փնթփնթալով գցում է տարեմուտի հերթական սեղանը։

Սեղանին ոչ ճագար, ոչ նապաստակ

Խոզի հանրածանոթ բուդի հեղինակությունը կամաց-կամաց նվազում է։ Խոճկորն էլ մի տեսակ ծանոթ ու ձանձրալի է, եթե նույնիսկ անունը Տիմոֆեյ դնես։ Հիմա ավելի ճոխ կենցաղով ապրողները որոնումների մեջ են։ Որոնում են այն միակն ու անփոխարինելին, որը ոչ մի ծանոթ-հարեւան չի կռահել մաքրել-խաշել-խորովել, զարդարել ու նստեցնել սեղանի գլխին։ Ավելի աչքաբացները եւ Ճապոնիայի մասին աստղագուշակով լսածները անմիջապես գլխի ընկան՝ քանի որ եկողը ճագարի կամ նապաստակի տարի է, ուրեմն պետք է դրանցից մեկնումեկին հատկացնել սեղանի պատվավոր տեղը։ Ավելի սնահավատներն էլ շտապում են զգուշացնել. «Վո՜ւյ, ախչի, այդպիսի բան չանես, մեղք է»։ Ո՞վ է ճիշտ, ով՝ սխալ, մենք մտադիր չենք որոշել։ Ամեն մեկն իր սեղանին թող դնի ինչ կարող է, ճաշակի խնդիր է։ Սակայն նախատոնական առեւտրի այս օրերին բնակչության մեծ մասը նույնիսկ հնդկահավի հազար դրամանոց սիրտ գնելու սիրտ չունի։

Իսկ շարքերը ստվարանում են

Որքան էլ առաջին հայացքից թվա, թե քաղաքը ճոխացել է, մարմարի ու գունավոր լույսերի առատություն է, այնուամենայնիվ, իրականությունն ավելի տխուր է եւ անհույս։ Սոցիալապես անապահովների, խեղճերի ու աղքատների թիվն ավելի է մեծանում։ Այդ է վկայում քաղաքի բացօթյա շուկաների տխուր եւ հուսահատ առեւտուրը։ Տարեմուտի եռուզեռը այնքան էլ նկատելի չէ։ Բոլոր առեւտրականների վկայությամբ, անցյալ տարի այս օրերին նախատոնական առեւտուրն ավելի աշխույժ էր։ Ընդհանրապես տարեցտարի ավելի ու ավելի պակասում է նախատոնական եռուզեռը։

Տարեմուտի «դելիկատեսներ»

Հնդկական ընկույզ, նուշ, չիր ու չամիչ, ընկույզ եւ կաղին վաճառողների վիճակն ամենահուսահատականն է։ Այստեղ գներն ամենաբարձրն են՝ յոթ հազարից մինչեւ երկու հազար, գնորդները՝ ամենաքիչը։ Շաբաթվա ընթացքում միայն մեկ կամ երկու հոգի են ամենաշատը մեկ կիլոգրամ նուշ կամ հնդկական ընկույզ գնում, մյուս գնորդներն այս «դելիկատեսներից» գրամներով են գնում։ «Բալիկն» ու այլ ձկնեղենը, հինգ-վեց հազարանոց երշիկն ու ապխտած միսը գնորդի երես գրեթե չեն տեսնում։ Իսկ սեւ խավիարն ու կարմիրը՝ հուսահատ ճիգեր են գործադրում տեսանելի դառնալու համար, սակայն գնորդ չի հայտնվում, քանի որ փողոցային այս շուկաներում ո՛չ նախարար կտեսնես, ո՛չ վարչապետ։

Փուչիկի գործը փուչիկ է

«Էլ ի՞նչ նոր տարի առանց ծառ». երգում է Թաթան։ Սակայն նա երգի, թե չերգի, միեւնույն է, փոքրիկները (նաեւ իմ եւ քո նման փոքրիկ մեծերը) անհամբեր սպասում են տոնածառի հրաշքին։ Իսկ տոնածառը զարդարել է պետք։ Խաղալիքների խնդիր չկա, փողի խնդիր է։ 250-ից մինչեւ երեք հազար, չորս հազար, հինգ հազար (ով կարող է՝ թող շարունակի հաշվելը) խաղալիքներ կան։ Հազար ու մի «տրաքոցներ» ու «ճայթճայթուններ», «պզիկներ», մի խոսքով՝ բոլոր երեւակայական եւ աներեւակայելի հրաշքները։ … Իսկ մի կին իր բալիկին համոզում էր, թե «էդ խաղալիքը լավը չի, մենք տանն ավելի լավն ունենք»։ Փոքրիկը լաց լինելով՝ գնում էր մոր հետեւից։ Նա ձանձրացել էր իր խաղալիքներից եւ նոր տարվա հրաշքը նրա համար մի քիչ սովորական, շուկայական դարձավ։

Անանաս կուզե՞ս…

Եթե անանաս ես ուզում դնել սեղանիդ (որ երբեք չկտրես, կամ՝ կտրես հարգարժան շեֆիդ համար), ուրեմն մի չորս-հինգ հազար էլ լրացուցիչ ունեցիր։ Անանասը լավ բան է, ոչինչ, որ հարազատ պետությանդ տված մեկ ամսվա (գուցե՝ երկու) աշխատավարձ արժի։ Չնայած ի՞նչ եմ ասում, պետական աշխատավարձով գոյատեւող ոչ մի հայ քրիստոնյայի գլխում սեղանին անանաս դնելու չափ խելահեղ միտք չի փայլատակի։

Այս նոր տարին ուրիշ է

Մերը միշտ ուրիշ է, ճոխության ու թշվառության անհաշտ ներդաշնակությամբ, ոտքի տակի շուկաների ու հրաշալի խանութների շարասյունով։ Այլեւս ոչ մեկը մեր պապերի պես (կամ՝ ծնողների) տոնածառից մանդարին ու փշատ չի կախի։ Իսկ նոր տարին կգա ու կհնանա, ոչինչ հավերժական չէ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031