Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵՍ ՀԱՃԱԽ ԵՄ ԱՍՈՒՄ՝ ՉԷ»

Դեկտեմբեր 26,1998 00:00
Suren Abrahamyan

«Առավոտը» մեծածավալ հարցազրույց է անցկացրել Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի հետ, ուր հիմնականում արծարծվում են 1998 թ. ընթացքում Երեւանում արվածին եւ չարվածին, ինչպես նաեւ 1999-ին արվելիքին վերագրվող հարցեր։ Այդ թեմայով հարցազրույցը կներկայացնենք թերթի հաջորդ համարում, իսկ այսօր առավելապես փորձել ենք շոշափել ներիշխանական շրջանակներում գոյություն ունեցող տարբեր բնույթի խոսակցություններ։

– Պարոն Աբրահամյան, խոսակցություններ են շրջանառվում, որ հակասություններ ունեք վարչապետ Արմեն Դարբինյանի հետ։

– Ի սեր Աստծո, վարչապետի հետ ես բացարձակապես այդ կարգի լրջության վեճ չունեմ։ Բնական է, որ ես վեճեր եմ ունենում այս կամ այն նախարարի հետ։ Ես քաղաքի տարածքային շահն եմ պաշտպանում, նախարարն էլ՝ իր գերատեսչությանը։ Մեր չլուծված կոնֆլիկտների լուծողը, դատավորը միշտ վարչապետն է։ Եթե, ասենք՝ վարչապետն իմ կողմն է պահում, ապա խոսակցություններ են առաջանում նրա եւ նախարարի մասին, եթե նախարարի կողմն է պահում, խոսակցություններ են տարածվում իմ եւ նախարարի մասին։ Տվյալ դեպքում, մի քիչ ավելի խիստ է ասված, թե հակասություններ գոյություն ունեն։ Խոսքը զուտ տրանսպորտի խնդիրներին է վերաբերում։ Բոլորը համակարծիք են, որ քաղաքապետը պետք է լինի պատասխանատուն մայրաքաղաքում տրանսպորտային ներքաղաքային ցանցի, ուղեւորափոխադրումների անխափան գործունեության համար։

Բայց մի անհեթեթ վիճակ գոյություն ունի՝ բոլոր ավտոձեռնարկությունները տրանսպորտի նախարարի ենթակայության տակ են, իսկ երթուղիները՝ քաղաքապետի իրավասության ներքո։ Ես ընտրել եմ կամ-կամի տարբերակը։ Կամ՝ ամբողջ տրանսպորտային համակարգը պետք է փոխանցվի քաղաքապետարանին, այդ թվում եւ տրամվայների ու տրոլեյբուսների քայքայված պատկերը, ինչպես նաեւ՝ մետրոն, որովհետեւ դա էլ ներքաղաքային տրանսպորտի միջոց է, կամ էլ ոչինչ չեմ ուզում։ Տրանսպորտի նախարարը համաձայն է ամեն ինչ զիջել, բացի մետրոյից եւ երթուղային տաքսիների պարկից։ Այս առումով հակասություն գոյություն ունի զուտ իմ եւ տրանսպորտի նախարարի մոտեցումների միջեւ։ Հարցը պետք է կարգավորի վարչապետը, որը միջանկյալ լուծում է առաջարկում։ Բայց ես էլի կանգնած եմ կամ-կամի դիրքերում։

– Պարոն Աբրահամյան, հասարակության մեջ ձեր նկատմամբ, համենայնդեպս, բացասական ընդգծված կարծիք գոյություն չունի, ինչը չեմ կարող ասել «Երկրապահ» պատգամավորական խմբի մի մասի մասին։

– Խնդիրը պետք է դիտարկել երկու տեսանկյունից։ Մեկ՝ իմ անձնական հարաբերությունները «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամների հետ։ Զուտ անձնական հարցերում ես որեւէ խնդիր չունեմ այն մարդկանց հետ, որոնց հետ ուս-ուսի կռվել ենք, որոնց հետ այսօր էլ կանգնած ենք կողք-կողքի։ Ես նրանց եմ հարգում, նրանք էլ՝ ինձ։ Իսկ դժգոհությունները կարող են լինել ընդամենը մեկի կամ երկուսի կողմից, այն էլ մեկ կամ երկու հարցի վերաբերյալ՝ կապված, ասենք, քաղաքի հետ։

– Պարոն Աբրահամյան, խոսքը դրա մասին չէ։ Նույն այդ «Երկրապահ» պատգամավորական խմբի շրջանակներում խոսվում է, որ կառավարության անդամ երկու երկրապահները, տրվում է Ձեր եւ տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանի անունը, կրկնակի խաղ եք խաղում Վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ։

– Դրանք քաղաքական անլուրջ գնահատականներ են՝ քաղաքականությամբ անլրջորեն զբաղվող մարդկանց գնահատականներ։ Այդպես՝ որովհետեւ Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, իբրեւ պաշտպանության նախարար եւ հանրապետության նախագահ՝ նույն սայլին լծված մարդիկ են, քաշող հիմնական ուժերը։ Այս պարագայում չի կարելի տարբերություն դնել պաշտպանության նախարարի ու հանրապետության նախագահի շահերի միջեւ՝ դրանք անարժանահավատ աղբյուրների տարածած խոսակցություններ են։ Պարզապես թեմա են գտել ու շահարկում են։ Ես պետական շահն ընդգծված պաշտպանող անձնավորություն եմ եւ նույնն էլ կարող եմ ասել Զադոյան Դավիթի մասին։ Վերջին հաշվով՝ մենք պետություն ենք կառուցում, իսկ պետության հարցում խնդիրներն անձնավորելն ինձ համար անհասկանալի է։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031