Պոմպիդուի անվան կենտրոնում (Բոբուռ) դեկտեմբերի 7-15-ը կայացած մշակութային ֆիլմերին նվիրված փառատոնին մասնակցում էր նկարիչ Գրիգոր Խաչատրյանը («Անուն բարձր ու վսեմ»)։ Նա ներկայացել է իր երեք ֆիլմերով՝ «Տարողություն» (նկարիչներ Արեւիկ Արեւշատյանի եւ Ռուբեն Գրիգորյանի նախագծի մասին պատմող), «Օպուսէտսետերա» («Ստեղծագործություն եւ այլն», ներկայացնում է Կիլիկյան նավատորմի ցուցահանդեսը) եւ «Վարուժան Վարդանյան, մենախոսություն»։
Փառատոնը մրցակցության խնդիր չէր ենթադրում, այլ ֆիլմերի դիտում էր։ Բայց ամենակարեւորն այն է, որ Գրիգոր Խաչատրյանը Փարիզում կատարեց 1990 թվականից սկսած իր ակցիան։ Ակցիայի առաջին գործողությունը նա կատարել է Երեւանի ավտոկայարանի կողքի ջրանցքում։ Ակցիայի էությունը միզելն է, որի ընթացքում պարտադիր արտասանվում են Գիյոմ Ապոլիների հայտնի բանաստեղծություններից մեկի հետեւյալ տողերը.
Անցնում են սերերս Միրաբոյի կամրջի տակով,
Թող գա գիշեր, անցնի ժամ,
Կարդացեք նաև
Օրերս անցնեն,
Ես դեռ կամ։
Գրիգոր Խաչատրյանի ընկերները Փարիզում գտնվելիս անպայման կատարում են նրա՝ Սենայի մեջ միզելու խնդրանքը։ Մինչ օրս արդեն վեց անձնավորություն (հայտնի դեմքեր) կատարել է նրա խնդրանքը։ Իսկ այս անգամ Գրիգոր Խաչատրյանն անձամբ իրականացրեց իր ակցիայի վերոհիշյալ գործողությունը. Միրաբոյի կամրջից նա իրիկունը (մթնշաղի քողի ներքո) միզեց Սենայի մեջ։ Գրիգոր Խաչատրյանը ութերորդ անձնավորությունն է, որը կատարել է այդ գործողությունը։ Յոթերորդը Վահրամ Սահակյանն է եղել։ Գ. Խաչատրյանն ասաց, որ այդ բանն անելիս մի ֆրանսիացի է միայն իրեն տեսել, բայց «ձեն չի հանել»։ «Իսկ եթե ֆրանսիացիները այլեւս քեզ չթողնե՞ն գնաս Ֆրանսիա» հարցիս Գրիգոր Խաչատրյանը, որը իր կարիերայի համար բոլորովին չի անհանգստանում, պատասխանեց. «Թող չթողնեն, եթե իրենք չեն հասկանում նկարչական ակցիաները…»
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Ակցիայի լուսանկարները կներկայացնենք Նոր տարուց հետո