Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

Դեկտեմբեր 25,1998 00:00
averak

Մինչ այսօր դեռեւս ոչ մի ոլորտում չհանդիպեցինք մի բարեփոխման, որ ծառայեր իր բուն իմաստին։ Ընդհակառակը, ամեն մեկն սկսեց իր ձեւով բառին հատկանիշներ գտնել ու դա օգտագործել։ …Ու մնաց միայն բառի թարգմանությունը, այն էլ՝ աննպատակ, օդում կախված:

ՀՀ Սահմանադրությունն ամրագրեց նոր դատական համակարգ։ Այս ոլորտի «բարեփոխումներին» այս տարի վերջին անգամ փորձեցինք անդրադառնալ՝ զրուցելով փաստաբանների կոլեգիայի նախագահի տեղակալ Վանյա Սուքիասյանի հետ։ Վերջինս իր (դեռ չհանդիպած) ձեւով թարգմանեց բառը։ Բայց դրա մասին՝ հետո։

Նախ՝ լրագրությանն առնչվող «ձայնագրությունն իբրեւ վկայություն» հարցի վերաբերյալ։ Եթե դատական նոր համակարգով ձայնագրությունը ապացույց չէ, ուրեմն լրագրողն ինչպե՞ս պետք է աշխատի. ցանկացած դեպքում դիմացինը կարող է, ասենք, փոշմանել իր ասածի համար եւ ներկայացնել իր ձայնագրությունը։

– Հարցը պարզելու երկու մեթոդ գոյություն ունի։ Մի դեպքում դրանից կարող է ծագել քրեական գործ, մյուս դեպքում՝ քաղաքացիական։ Այսինքն՝ դիմացինը գանգատվում է, որ՝ իմ պատիվը, արժանապատվությունը ոտնահարված է այսինչ թղթակցի կողմից եւ պատիվ է պահանջում։ Այս դեպքում քաղաքացիական-տնտեսական դատարանը կարող է այդ ձայնագրության կապակցությամբ համապատասխան միջոցների դիմել. փորձաքննության ուղարկել։ Դատարանը հանձնարարում է քննիչին՝ նմուշ վերցնել. ինչ ժապավենի վրա է գրվել, օրվա որ ժամին, օդի ինչ ջերմաստիճանի տակ, եւ կպարզվի՝ ով է ճիշտ։ Այդ հնարավորությունը կա։

…Լուծող մարմինը դատարանն է կամ քննիչը, նրա իրավազորությունն է, որ միջամտի եւ օրենքի կանոնակարգմանը համապատասխան գործողություններ կատարի։ Քննիչը (կամ դատարանը) պետք է ձեռք բերի համեմատական հետազոտման համար նյութի նմուշը, որպեսզի համեմատի։ Թե չէ՝ յուրաքանչյուրն իր ձայնագրությունը կարող է ներկայացնել։ Օրենսդիրն ասում է. որքան հնարավոր է՝ վիճարկվողի ստեղծման պայմաններին համապատասխան կամ մոտ պայմաններում պետք է նմուշը վերցնել (եթե հնարավոր է, նույն ձայնագրիչով, օրվա նույն ժամին, նույն պայմաններում պետք է նորից նմուշ վերցնել)։

– Ըստ նոր դատական համակարգի, ստեղծվել է եռաստիճան համակարգ, նախկին երկուսի (ժողովրդական եւ գերագույն) փոխարեն՝ առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ։ Նախորդի համեմատ, սրանք անկախ են եւ ոչ մեկը վերադաս չէ մյուսի նկատմամբ…

-Ընդհանրապես, ասեմ, որ այս դատական բարեփոխումները (կարելի է զավեշտի վերածել ու ասել) հաճախ դատական ավերածություններ են։ Հենց միայն այն, որ Վճռաբեկ դատարանը, որն իր էությամբ գերադաս է եւ իր էությամբ փոխարինելու է այսօրվա գործող Գերագույն դատարանին, որոշակի իմաստով անարտադրողական է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այն շատ հարցերում նախկին Գերագույն դատարանի համեմատ իրավազուրկ է։

Հենց միայն այդ՝ միմյանցից անկախ համակարգ ստեղծելն է խնդիրը։ Վճռաբեկ դատարանը համապատասխան վճռաբեկ բողոքների հիման վրա, քննելով գանգատները, ըստ էության, կարող է կայացնել երկու կարգի որոշում. կամ ասել, որ այս գանգատը անհիմն է, դատավճիռը (վճիռը) ճիշտ է, եւ դա վերջնական է, այլեւս բողոքարկման ենթակա չէ, կամ կարող է վճիռը բեկանել, նորից վերադարձնել առաջին ատյանի դատարան։ Ենթադրենք՝ առաջին ատյանի դատարանը մեկին դատապարտեց այսինչ հոդվածով, համապատասխան գանգատից հետո հետաքննիչ (իմա՝ վերաքննիչ) դատարանն այդ նույն վճիռն է կայացրել՝ նույն հոդվածով։ Նորից եկավ համապատասխան գանգատը։ Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճիռը ճիշտ չէ, եւ քանի որ պարտադիր ցուցումներ տալու իրավունք չունի, գործը կարող է գնալ նորից առաջին ատյանի դատարան եւ նույն ձեւով նույն վճիռը կհրապարակվի, նույնը կմնա հետաքննիչ դատարանում, կարող է գալ էլի բեկանվել, էլի գնալ… Իսկ Գերագույն (այսօրվա) դատարանն իրավունք ունի գործի մասին բավարար նյութեր հավաքելով՝ շտկել գործը։ Մի խոսքով, արատներ շատ կան, հատկապես՝ մարդու իրավունքի պաշտպանության առումով…

Փաստաբանը դառնում է խամաճիկ

«Փաստաբանական գործունեության մասին» նոր օրենքում մի կերպ մտցվեց «ինքնակառավարվող մարմին» հասկացությունը, որ վերաբերում էր փաստաբանների կոլեգիային, սակայն հետո իրենք ընդունեցին, թե նրանք պետք է կազմավորվեն պետական մարմինների հովանու ներքո. «Ի՞նչ ինքնակառավարում պետական հովանու ներքո, հովանին ո՞րն է»։

Փաստորեն, փաստաբանը պետական հանձնաժողովին քննություն պետք է հանձնի, պետք է ստուգվեն նրա գիտելիքները. «Սա նշանակում է, որ տվյալ փաստաբանը դառնում է նրանց խամաճիկը… ցանկացած ժամանակ, նրանց ընտրելով, կարող են կանչել եւ ասել, որ դու պիտանի չես։

Աբսուրդի են հասցրել. փաստաբանությունը որպես ինքնուրույն գիտություն, գիտության ճյուղ, գործունեության տեսակ այնքան չեն ընդունում, որ ընդունված օրենքում ասված է, որ իրավաբանական բարձրագույն կրթություն ստացած անձը կարող է ըստ էության դիպլոմն ստանալու հաջորդ օրը գալ, պետական որակավորող հանձնաժողովին քննություն հանձնել եւ անցնել աշխատանքի։ Իսկ փաստաբանների կոլեգիան ինքը քննություն է վերցնում, առնվազն մեկ տարի պատրաստում է աշխատանքի, որովհետեւ դա մասնագիտություն է, եւ նորից քննություն է ընդունում՝ ստուգելու համար, նրանք պիտանի՞ են աշխատանքի, թե՞ ոչ։ Իսկ հիմա պետական հանձնաժողովը միանգամից աշխատանքի կարող է ընդունել»։

Կոնկրետ ավերածություններ

Եթե նախկին օրենսդրությամբ (քրեական դատավարության մեջ) դատական-քննչական գործողությունների ֆիքսման ժամանակ գործողության մասնակիցը հրաժարվում է ստորագրել, ապա քննիչը պարզում է պատճառները, նշում արձանագրության մեջ։ Իսկ հիմա այդ բոլոր գործողությունների արձանագրության կազմմանը վերաբերող հոդվածներում գրվում է. եթե քննչական տվյալ գործողությունն արձանագրելիս հարցաքննվողը հրաժարվում է ստորագրել, քննիչը ձեւականորեն պարզում է պատճառները, բայց դա չի ֆիքսվում։

Գուցե հարցաքննվողին ճնշման ենթարկելով է արձանագրությունը կազմվել…

Ամենաարտառոցը

Քննիչն իր հայեցողությամբ կարող է անձին ճանաչման ներկայացնել ճանաչողի տեսողական գիտակցությունից դուրս։ Էությունը սա է. «քննիչին իրավունք է տրվում՝ այն մարդուն, որին պիտի ճանաչման ներկայացվի, կանգնեցնել որեւէ տեղ եւ մեկ ուրիշին՝ մի ուրիշ տեղ։ Ճանաչվողը չգիտի, որ իրեն որեւէ մեկը ճանաչում է»։ Օրինակ, բանալու անցքից ցույց են տալիս նրան եւ ասում. «Տե՛ս, քեզ խփողը կամ վնաս հասցնողը այս մարդն է։ Դու բոլորի մոտ կասես, որ նա է»։ Եվ սա համարվում է ճանաչում։

Իսկ դեռեւս գործող օրենքով գաղտնի ճանաչում նախատեսված չէ… Այս «հնարավորությունը» նոր համակարգը տալիս է քննիչին, եւ արդյո՞ք տրվածը չի չարաշահվի։ Քննիչի սուրբը լինո՞ւմ է։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031