Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՈՂՆԵՐԻՑ ԱՀԱԲԵԿՎԱԾ

Դեկտեմբեր 25,1998 00:00
stugumner

Դեռեւս խորհրդային շրջանից հայտնի էր, որ ստուգումները մի նպատակ ունեն՝ դրամ կորզել ստուգվողից, քանի որ ստուգողի մոտ միշտ էլ ստուգվողն է մեղավոր։Այս հրաշալի ավանդույթը փոխանցվել է մեր ժամանակներ։

Իսկ որովհետեւ արդյունաբերությունը չի աշխատում, եւ աճում է գործազրկությունը, մեր ազգային իշխանությունները նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ստեղծում են նոր ստուգող մարմիններ եւ նրանց տալիս անսահմանափակ հնարավորություններ։ Այսպիսով, մի կողմից անընդհատ ավելանում է ստուգողների քանակը, սակայն մյուս կողմից պակասում է ստուգման ենթականերինը։ Այսօր արդեն երկու-երեք ստուգողին ընկնում է մեկ ստուգվող։ Եթե ստուգողները գործում են ըստ ավանդույթի՝ պահանջելով վճարել, ապա ստուգվողն այլեւս ի վիճակի չէ պահպանել նախնյաց ավանդույթը՝ վճարել. մինչեւ ե՞րբ եւ ո՞ր մեկին։

Մանկավարժական ինստիտուտում ստուգումներ իրականացրած կառավարության վերահսկողության ծառայությունը վարչապետին էր ներկայացրել առաջարկների մի ամբողջ փաթեթ, որի հիմնական իմաստը ինստիտուտի ղեկավարության գործունեության նպատակահարմարությունն է։ Կարելի է, իհարկե, հարց տալ, թե ինչ իրավունք ունեն «Հրաչյա Աճառյան» ոչ պետական համալսարանի ուսանող Գագիկ Պողոսյանը (կառավարության վերահսկողության ծառայության պետ) եւ Մելս Մելիքյանը (Գագիկ Պողոսյանի տեղակալ, զինվորական ոստիկանության նախկին աշխատակից, որը հեռացվել է համակարգից) ստուգել ակադեմիկոսների, գիտության դոկտորների եւ թեկնածուների գործունեությունը, սակայն դա համընդհանուր ձեռքբերում է։ Ստուգումներ անցկացրած հանձնաժողովին մաս են կազմել գիտության եւ կրթության նախարարության աշխատակիցներ, եւ ներկայացված տեղեկանքը եւ առաջարկները, նաեւ այդ մարդկանց գործունեության արդյունք են։

Մեր թերթը գրել է, թե ինչպիսի բարոյական եւ հոգեբանական դժվարություններ են ստեղծել այդ ստուգումները ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում։ Մինչդեռ պարզվում է, որ դա դեռ բոլորը չէր։ Դեկտեմբերի 23-ին մանկավարժական ինստիտուտում նույնպիսի իրարանցում էր։ Ստուգող հանձնաժողովը ստուգումների արդյունքում դադարեցրել է ռեկտորատի աշխատանքը։ Դեկտեմբերի 23-ին ինստիտուտ էր ներկայացել գիտության եւ կրթության փոխնախարար Միհրան Ստակյանը, եւ ծանուցել, որ վարչապետին ներկայացված տեղեկանքի հիման վրա նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով ստեղծվել է 7 հոգուց բաղկացած նոր հանձնաժողով, որը նոր ստուգումներ պետք է իրականացնի ինստիտուտում։ Ի դեպ, նշենք, որ այս հանձնաժողովի անդամ են մարդիկ, ովքեր եղել են նախորդ հանձնաժողովում։ Ինձ ռեկտորի օգնականը կտրականապես արգելեց ներկա գտնվել պարոն Ստակյանի եւ կոլեկտիվի հանդիպմանը։ Հանդիպման ավարտից հետո միջանցք դուրս եկած դասախոսների դեմքերից կարելի էր եզրակացնել, որ շատ լուրջ հակամարտություն կա կոլեկտիվի եւ նախարարության միջեւ։

Դասախոսներից որեւէ մեկը չհամաձայնվեց ներկայանալ եւ խոսել, թերեւս, վախենալով, որ ռեկտորի աշխատասենյակից դուրս կգա փոխնախարարը, եւ այդ դեպքում հնարավոր չի լինի խուսափել վրեժխնդրությունից։ Իսկ որ պարոն Ստակյանը ստուգումներն իրականացնելու է հենց անձնական վրեժխնդրությունից դրդված, հասկանալի էր, ինստիտուտի աշխատակիցներից մեկի հետ աստիճանների վրա ունեցած երկխոսությունից։ Նախ, երբ հիշյալ աշխատակիցը մոտեցավ պարոն փոխնախարարին, վերջինս ոչ միայն չկանգնեց լսելու նրան, այլ միտումնավոր արագացրեց ընթացքը՝ ստիպելով, որ խոսակցությունը լինի հընթացս։ «Ես սովոր չեմ ասածիս համար ներողություն խնդրել, բայց եթե ձեզ անձնապես վիրավորել եմ, պատրաստ եմ ներողություն խնդրել»,- ասաց այս աշխատակիցը։ «Դուք դեռ կհասկանաք, թե ինչպես պետք է խոսել նախարարության ներկայացուցչի հետ».- կտրեց պարոն փոխնախարարը։

Մենք եւս փորձեցինք զրուցել պարոն Ստակյանի հետ։ Կրթության եւ գիտության փոխնախարարը նախ սկսեց դժգոհել «Առավոտ» օրաթերթից, բացատրեց, թե ինչպիսի պուրիտանական պայմաններում է աշխատում ինքը, եւ ինչպիսի հաջողություն է, որ 1999 թ. բյուջեի երկրորդ տողը նվիրված է կրթությանը։ Լեւոն Մկրտչյանին հավաստիացնենք, որ այդ ամենը համարվեց հենց իր գործունեության արդյունքը։ Ըստ պարոն Ստակյանի՝ ստուգումները տեւելու են 7 օր եւ չեն խանգարելու ուսումնական պրոցեսին։

Դասախոսները եւ ինստիտուտի այլ աշխատակիցներ, կարծում են, որ Ստակյանի ղեկավարած հանձնաժողովը ֆիկցիա է, որը ոչ մի իրական նպատակ չունի։ Վերեւներում արդեն որոշել են ինստիտուտի ղեկավարության հարցը, որոշված է, թե ով է լինելու հաջորդ ռեկտորը, իսկ այս հանձնաժողովը ուղղակի հետին թվով օրինականացնելու է այդ որոշումը։

– Նախարարն իր մարդկանց է բերում, ինչ որ անում է, լավ է անում։ Բայց այս կոլեկտիվին ինչի է ամեն օր շանտաժի ենթարկում ու իրար դեմ թշնամացնում,- հարցրեց ներկայանալուց հրաժարված մի դասախոս, թեեւ պարոն Ստակյանն արդեն գնացել էր։ Այս վախեցած դասախոսը վաղը լսարանում խոսելու է ազնվության, համարձակության, սեփական կարծիք եւ աշխարհայացք ունենալու եւ դրանք պաշտպանելու մասին։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031