Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԱՆՈՐԻ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐ ՄԵՐ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ՝ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻՑ

Դեկտեմբեր 25,1998 00:00
zmer pap

Սովորաբար նոր տարվա նախօրեին հանրապետության նախագահը բարեմաղթանքներով ու բազմաթիվ խոստումներով շնորհավորում է մեր բազմաչարչար ու ամենահամբերատար ժողովրդին, փոխանակ ձմեռ պապի նման ամենքիս մի համեստ նվեր տա։ Դա նրա համար եմ ասում, որ ամեն անգամ հույսուհավատով սպասում ենք այդ նոր տարիներին, բայց, չգիտես ինչու, նախագահի բարեմաղթանքներն ու ցանկությունները երբեք տեղ չեն հասնում, իսկ խոստումներն էլ չեն կատարվում։ Երեւի չար աչք է մեզ կպել…

Ժողովուրդ ջան, եկեք այս անգամ փորձենք հակառակն անել։ Կարող է, մի բան ստացվի։ Համաժողովրդական մեծ հոգով ու սրտով, բոլոր սարքին հեռուստացույցերով, մենք ինքներս ամանորի շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հաղորդենք մեր իշխանավորներին՝ ցանկանալով նախ՝ քաջառողջություն, հետո՝ նրանց այն գործերի հաջողություն, որոնք կատարվելու են երկրի տնտեսության զարգացման ու մեր թշվառ վիճակի բարելավման համար։

Եկեք սիրենք մեր իշխանավորներին, որ նրանք իրենց լավ զգան (թե չէ միշտ փնովում ենք ու հայհոյում), որ աշխատեն բարձր տրամադրությամբ, նաեւ նվիրվածությամբ ծառայեն մեզ ու մեր երկրին։ Խոստանանք նաեւ, որ նոր տարվանից սկսած, մեր իշխանավորների մասին ոչ մի վատ խոսք չենք ասի, կլսենք իրենց, ջրի ու լույսի վարձը կվճարենք, տան ու հեռախոսի վարձերը՝ նույնպես (որ ժամանակին նրանք աշխատավարձ ստանան)։ Նաեւ ոչ մի բողոք չենք անի, աշխատատեղ չենք պահանջի, չենք ասի՝ թոշակները, նպաստներն ու աշխատավարձերը բարձրացրեք, օգնություններ տվեք, ու էլ չենք գնա այլ երկրներում աշխատելու կամ ապրելու. կասենք՝ մերն ուրիշ է…

Բայց մի մտավախություն կա։ Դե, մենք հայ ժողովուրդ ենք, կդիմանանք այս բոլորին։ Կարող է ընդդիմադիր կուսակցությունները չդիմանան ու էլի հանրահավաքներ անեն, չթողնեն մեր սիրելի իշխանավորներին իրենց գործերը հանգիստ, առոք ու փառոք վերջացնել եւ մեր ամանորի ցանկությունները բարեհաջող կատարել։ Պետք է մի բան անել… Եկեք, ժողովուրդ ջան, մենք էլ սկսենք հանրահավաքներ անել, թեկուզ՝ ամեն օր, որ էդ ընդդիմադիր Վազգենը կամ էլ կոմունիստ Բադալյանը տեղ չունենան հավաքվելու ու մեր իշխանավորների դեմ վատ խոսելու։ Եկեք նոր տարվանից կազմակերպենք շուրջօրյա հանրահավաքներ (մեկ է՝ պարապ ենք), որտեղ կգովաբանենք ու կգովազդենք մեր սիրելի իշխանավորների լավ գործերն ու արարքները։ Չմոռանանք նաեւ գնալ եկեղեցի՝ մոմ վառելու, որ չար աչքը հանվի։ Գուցե Աստված բարին կատարի…

ԴԵՐԵՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031