Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՓՈՂԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ

Դեկտեմբեր 25,1998 00:00
hamakargich

Արդարադատության նախարարությունում պաշտոնաապես գրանցված են 83 օտարերկրյա եւ միջազգային կազմակերպություններ եւ հիմնադրամներ։

Միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե նրանք մեզ մոտ ինչով են զբաղված, ինչքանով են մեզ օգտակար, ինչ փողեր են ծախսում եւ ինչի վրա։ Այս եւ նմանատիպ այլ հարցերի պատասխանները փնտրելով՝ առաջինը այցելեցի Բաց հասարակության ինստիտուտ, Սորասի հիմնադրամ։

Ի՞նչ է սա

Սորասի հիմնադրամների ցանցը կազմում են Ջորջ Սորասի ստեղծած եւ նրա կողմից ֆինանսավորվող կազմակերպություններն ու ֆոնդերը, որոնք գործում են աշխարհի 31 երկրներում։ Հիմնադրամների նպատակն է՝ նպաստել բաց հասարակությունների զարգացմանը։ Բաց հասարակությունը հիմնված է հետեւյալ սկզբունքների ընդունման վրա.

1. ոչ ոք չունի մենիշխանություն ճշմարտության վրա,

2. տարբեր մարդիկ տարբեր հայացքների եւ հետաքրքրությունների տեր են,

3. կարիք կա այնպիսի ինստիտուտների, որոնք պաշտպանում են մարդկանց իրավունքները եւ ապահովում նրանց խաղաղ գոյատեւումը։

Հայկական մասնաճյուղ

«Բաց հասարակության ինստիտուտ» օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել է 1996 թ. Երեւանում։ Այն աջակցում է բազմաթիվ ծրագրերի՝ զանգվածային լրատվամիջոցների, մարդու իրավունքների, իրավական ռեֆորմների, գիտության, առողջապահության բնագավառներում։

Փակագծերը բացենք նշված ոլորտներից մեկում։ ԶԼՄ ազգային ծրագրի (1998 թ.) նպատակն էր նպաստել Հայաստանի անկախ լրատվամիջոցների զարգացմանը, բարձրացնել ժուռնալիստիկայի մասնագիտական մակարդակը երկրում եւ դրանով պահպանել լրագրողի մասնագիտության վարկը։

– Սորասի հիմնադրամը ոչ թե պետությանն է ուզում օգնել, այլ լրագրությանը՝ իմ պարագայում, իհարկե,- ասաց Մարկ Գրիգորյանը՝ Սորաս հիմնադրամի ԶԼՄ-ների ծրագրի տնօրենը։ Ընդհանուր լրատվության շուկայի վրա մենք ազդում ենք մեր գումարներով սովորեցրած շրջանավարտների միջոցով։

– Առաջարկված ծրագիրն ինչպե՞ս է ընդունվում կամ մերժվում։

– Մասնաճյուղն ունի փորձագետների հինգ հոգանոց խումբ՝ կազմված Հայաստանում աշխատող լավագույն լրագրողներից (անունները տալ չեմ կարող)։ Եթե նրանք գտնում են, որ ծրագիրը այս մարդու կամ կազմակերպության կատարմամբ կհաջողվի, տվյալ ծրագիրը անցնում է տնօրենների խորհրդի հաստատմանը։ Այստեղ եւս բոլորը Հայաստանում գործող լրագրողներ են։ Նրանք էլ որոշում են, թե արժե՞ ֆինանսավորել այդ ծրագիրը։ Հիմնադրամին փոխադարձ ոչինչ չի տրվում։

Որո՞նք են հիմնական պրոբլեմները

– Փող տալիս հիմնադրամը չգիտի, թե գործն ինչով կվերջանա։ Եթե տրված գումարը սպասվող արդյունքը չի տալիս, մեզ ոչինչ չի մնում անելու, բացի վատ արդյունք արձանագրելը։ Տրված գումարի ծախսմանը մենք հետեւելու քիչ հնարավորություններ ունենք։ Ֆինանսավորվողը բերում է թղթեր, անդորրագրեր, որ իր ստացած գումարը ճիշտ է ծախսվել, բայց վերջում պետք է արտադրանք լինի, որի որակի գնահատելն արդեն հասարակության խնդիրն է։ Իմ խորին համոզմամբ,- շարունակեց պրն Գրիգորյանը,- Հայաստանում հասարակական վերահսկումը սխալ ուղղությամբ է գնում։ Ոչ թե պետք է ֆոնդին հարցնել, թե ինչո՞ւ այսինչին փող տվեցիր, իսկ մեզ ոչ, այլ պետք է ստացողին հարցնել, թե ստացած գումարով ի՞նչ օգուտ բերեց հասարակությանը։

1998 թ. հաջող եւ շատ հաջող դրամաշնորհներից մի քանիսը

-Այս տարվա ամենահաջող գրանտը (իմ ոլորտում) համարում եմ Ժուռնալիստների միությանը շնորհվածը՝ «Սեմինարներ եւ կլոր սեղաններ Երեւանից դուրս աշխատող լրագրողների համար»։

Հիմնադրամը Ժուռնալիստների միության հետ Կապանի սեմինարին հրավիրել էր Հարավսլավիայի տարածաշրջանային մամուլի ասոցիացիայի նախագահին, Ղրղըզստանի անկախ լրատվամիջոցների ասոցիացիայի նախագահին, հետխորհրդային ողջ տարածքում մամուլի ամենագլխավոր մարդկանցից մեկին՝ Ալեքսեյ Սիմոնովին, եւ բոլորս միասին սկսեցինք զրուցել։ Կլոր սեղանների հիմնական նպատակը հարցեր առաջադրելն է։ Զրույցը ցույց տվեց, թե ինչպիսին է տարածաշրջանային մամուլի դրությունը, եւ ինչպես են լրագրողներն այդ վիճակը տեսնում։ Պարզվեց, որ լրագրողները դեռ պատրաստ չեն միանալու եւ միասին աշխատելու։

Նմանատիպ կլոր սեղաններ անցկացնելու ենք հանրապետության տասը մարզերում։ Այս տարի գրանտ է ստացել Մեսրոպ Հարությունյանը՝ «Մամուլի օրենքներ եւ պրակտիկա» գրքի թարգմանության եւ տպագրության համար։ Ինքներդ էլ հասկանում եք, թե ինչ կարեւորություն ունեն մասնագիտական գրքերը, մանավանդ ժուռնալիստիկայի ասպարեզում։

Գրանտ ստացավ «Ռադիո բուրգը», որը հաղթող ճանաչվեց «Լավագույն հաղորդումը մամուլի պրոբլեմների մասին» մրցույթում։ «Ֆոտովավերագրողների» մրցույթի մոտ 20-22 դիմորդից չորսը գրանտ շահեց։ «Մելտեքսը» դրամաշնորհ ստացավ ե՛ւ անցյալ, ե՛ւ այս տարի՝ մարզերից եկած ուսանողների հեռուստաժուռնալիստիկայի վարպետության կուրսերի կազմակերպման համար։ Մի խոսքով՝ գրանտները շատ են։

-Ինչպիսի՞ն է կապը այլ հիմնադրամների հետ։

-Տարեկան ծրագրեր մշակելիս մենք աշխատում ենք ոչ թե իրար խանգարել ու կրկնել, այլ պարզապես համագործակցել։

ԳՈՀԱՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031