Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՈՑԱՐՏԻ ՆԱՄԱԿԸ ՍԱԼԻԵՐԻԻՆ

Դեկտեմբեր 25,1998 00:00
mocatr

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր պարոն Արամ Աբրահամյանին

Պարոն խմբագիր, բարբաջանքներին պատասխանելու սովորություն ընդհանրապես չունեմ, սակայն քանի որ Ձեր խմբագրած թերթը մեկ տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է փորձում վարկաբեկել նվաստիս անձը, ստիպված եմ պատասխանել։ Եվ պատասխանս էլ ոչ թե Ձեր թղթակցին է ուղղված (դա նրա համար մեծագույն պատիվ կլիներ), այլ Ձեզ։ Լրագրողի խորհուրդ տամ Ձեզ. որեւէ բան տպագրելուց առաջ, խնդրում եմ, ճշտեք փաստերը։ Ձեր թղթակցի հոդվածի ինձ վերաբերող հատվածում միայն սկիզբն (իմ ու նրա երկխոսությունը) է քիչ թե շատ համապատասխանում իրականությանը, շարունակությունը նրա հիվանդ երեւակայության արդյունքն է, որ դուք հաճույքով հրապարակել եք՝ փորձելով վարկաբեկել ինձ։ Մեսրոպ Հարությունյանն իր արարքների ու ասածների համար որեւէ մեկին, առավել եւս՝ իր ընկերներին ու բարեկամներին (ի գիտություն Ձեզ եւ Ձեր «լրագրողի»՝ Բորիս Նավասարդյանն իմ ընկերն ու բարեկամն է 1985 թվականից) հաշվետու լինելու կարիք չունի, եւ իր ասածների ու արածների համար միայն իր խղճի առաջ է պատասխանատու։

Ինչ վերաբերում է իմ (եւ ոչ միայն իմ) նկատմամբ անձամբ Ձեր չարությանը, ինչն արդեն երկրորդ անգամ եք ցուցադրում, ապա դրա բացատրությունը շատ պարզ է. Դուք երաժշտագետ եք եւ լավ գիտեք, որտեղ Մոցարտի անունն են տալիս, անմիջապես հիշում են նաեւ Սալիերիին։ Շարունակեք այդպես, հայ լրագրության պատմության մեջ Ձեր անունը թողնելու ամենաճիշտ ճանապարհն եք ընտրել (արդեն գլխի ընկաք, որ բավականին մեծամիտ եմ, չմոռանաք հաջորդ անգամ այս փաստն էլ օգտագործել)։ Եվ այնքան անհամեստ եմ, որ գիտեմ ե՛ւ իմ արժեքը, ե՛ւ նրանը, ով տիրոջ կողմից կազմակերպված ծեծի իմիտացիայով է խմբագիր դարձել։

Հա, ի դեպ, տարիներ առաջ մեկին խորհուրդ եմ տվել, Ձեզ էլ ասեմ՝ պետք կգա. կարիճներ կան, որ սեփական թույնի առատությունից տանջվելով, երբեմն պոչները թեքում եւ իրենք իրենց են խայթում։ Զգույշ եղեք, եւ ավելի լավ է դիմեք բժշկի՝ Ձեր թույնը չափազանց առատ է արդեն։ Եվ լրագրողի խոսք՝ այդ առատության մեղավորը ես չեմ։

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն,

Երեւանի մամուլի ակումբի վարչության անդամ

«Առավոտը» սրտանց շնորհավորում է Երեւանի մամուլի ակումբին Ամանորի առթիվ եւ վստահություն հայտնում, որ այս եւ նման հրապարակումներով սույն հասարակական կազմակերպությունը շարունակելու է բարձրացնել հայաստանյան լրագրության մտավոր մակարդակն ու կուլտուրան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031