Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավայրերում տոնածառ չի դրվում

Դեկտեմբեր 25,1998 00:00
tonacar

Ինչպե՞ս է ապրում մարդը կալանավայրում, ինչպիսի՞ սովորույթներ եւ ավանդույթներ են պահպանվել զուգահեռ հասարակության ներսում, կալանավայրը ո՞ր տոների առաջ է «խոնարհվում», լինո՞ւմ են արտոնություններ համամարդկային այնպիսի տոների ժամանակ, ինչպիսին Ծննդյան տոներն են։

Չեմ թաքցնում նաեւ փոքր-ինչ սենտիմենտալ թվացող հարցս. տոնածառ դրվո՞ւմ է կալանավայրում։ Իմ զրուցակիցները ընտանիքներ են, որոնք իրենց հարազատ-կալանավորի համար այս տարվա վերջին տեսակցությունն են ստացել, քանի որ օգտագործել են ամսվա «հասանելիքը»։ Կան տեղեր, որտեղ վերջին տեսակցությունն ավարտվում է դեկտեմբրեի 25-ին կամ 27-ին։ Օրինակ, կենտրոնական բանտային հիվանդանոցը, ուր դեկտեմբերի 27-ից մինչեւ հունվարի 5-ը «ուսիլենի» է լինելու։ Ի դեպ, հարազատների կարծիքով, խստացումն արվում է այն պատճառաբանությամբ, թե կալանավորը հանկարծ «տոնական իրավիճակից» օգտվելով, ինչ-որ բան չձեռնարկի։ Խստացումը նրա համար է, որ «կալանավորը սեղմվի, կապանքի մեջ մնա»։

Ուղղիչ-աշխատանքային հիմնարկներից մեկի հսկիչը, ցանկանալով անհայտ մնալ, ընդամենը հայտնեց. «Ռեժիմի վերաբերյալ գործում է Բերիայի ստորագրած երկու հրամանները»։ Սակայն, այնուամենայնիվ, տոնը մնում է տոն եւ տարի է փոխվում, որին սպասողն, առաջին հերթին, կալանավորն է լինում։ 50 կգ եւ կամ 10 կգ «մենյուն» ոչ մի կապ չունի տոնի հետ. սա կարգ է, որի վրա չեն ազդում ոչ ամառը, ոչ աշունը, ոչ անգամ գարունն ու գարնանային տոները։ Թույլատրվում է ծխախոտ, աղացած սուրճ (Արթիկի բանտում՝ 100 գր), շաքարավազ, մրգեր (հարազատներից մեկն ինձ ասաց, որ Կոշի գաղութում խաղող թույլ չեն տվել իրեն, քանի որ կասկած կա, թե դրանից մաճառ են ստանում, իսկ ձմերուկի մեջ էլ «սրսկվում» է բրենդիի սպիրտ)։ Ապակե տարաներով եւ ոչ մի մրգահյութ ներս չի «տեղափոխվի»։

«Էդ միակ օրը, էլի զիջում չկա, չի լինում»,- ասում են բանտարկյալների կանայք։ Կալանավորներից մեկի մոր կարծիքով, մթերքն էլ թույլ են տալիս նրա համար, որովհետեւ իրենք կալանավորին չեն կարող կերակրել։ «Եթե կալանավորին կարողանան կերակրել, Հայաստանի բյուջեն կսպառվի միայն նրանց կերակրելու վրա»։ «Մեծ «սրոկ» ունեցողին տարվա մեջ մի անգամ թույլատրվում է արձակուրդ գնալ տուն 10-12 օր։ Դա պայմանավորված է նրանով, թե կալանավորն իրեն ինչպես է պահել, ոնց է աշխատել»,- սա էլ ասում է մեկը։ Այնուհանդերձ, նորից վերադառնանք տվյալ դեպքում մեր բուն նյութին՝ Նոր տարին ինչպե՞ս են դիմավորելու… Այսօր Ծննդյան օրերն են սկսում եւ դրա հետ մեկտեղ կուժեղացվի հսկողությունը։

Անշուշտ, եթե կալանավորին կերակրելն ընկած է հիմնականում նրա հարազատների ուսերի վրա, համոզված ենք, որ տոնածառ դնելու «հաճույքն» էլ կվերապահվի նրանց։ Կալանավորների ստաժավոր կանայք, թեեւ նշում են, որ երբեք կալանավայրերում տոնածառ չի դրվել…

Երեկ բանտարկյալներից մեկն իր կնոջը հացի խմորից պատրաստած տոնածառ փոխանցեց։ Հացի խմորից, վրան իր երեք երեխաների գունավոր լուսանկարներն էին, փոքրիկ խաչեր։ Չգիտեմ, երեխաներն այդ տոնածառին նայելով ինչ են մտածելու, բայց մի բան հայտնի է, որ մարդն իր հույսերի տոնական ծառը տեսել է իր երեխաների աչքերով ու պատկերներով, խաղալիքների փայլփլուն խաբկանքի փոխարեն…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031