Նախատոնական զրույց քաղաքագետների միության նախագահ, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Հմայակ Հովհաննիսյանի հետ։
-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ սպասելիքներ ունեիք 1998 թվականից եւ որքանո՞վ դրանք արդարացան։
– Շատ հետաքրքիր է, որ 1997 թ. Ամանորյա մի միջոցառում էր կազմակերպված Փանջունու ակումբում, որին մասնակցում էին նաեւ Վազգեն Մանուկյանը՝ տիկնոջ հետ, Շավարշ Քոչարյանը, Դավիթ Վարդանյանը, Սամվել Շահինյանը, ՍԻՄ-ի տղաները։ Մենք միմյանց ցանկանում էինք, որ 1998 թ. փոփոխություններ տեղի ունենան եւ ձեւավորված կլանային համակարգը վերջապես տեղի տա։ Ես իմ բաժակաճառում ասացի, որ փոփոխություններն անխուսափելի են, եւ դրանց ոգին արդեն թեւածում է մթնոլորտում։ Այսօր, մեկ տարվա բարձունքից գնահատելով մեր ընկերական խնջույքի տրամադրությունները, պետք է ասեմ, որ մեր սպասելիքները չիրականացան։ Համակարգը մնացել է անփոփոխ։ Փոխվեցին այդ համակարգի դերակատարներից ոմանք, սակայն համակարգը մնաց անփոփոխ։
Մյուս կողմից այդ համակարգին մարտահրավեր նետած ուժերը կազմալուծվեցին եւ դիմազրկվեցին՝ դառնալով իրենց իսկ կողմից տարիներ շարունակ քննադատվող համակարգի սպասավորներ։ Բոլոր հիմքերը կան պնդելու, որ փետրվարյան «իշխանափոխության» սցենարը նախագծողները հենց այդ նպատակն էին հետապնդում. վնասազերծել համակարգի դեմ երկար տարիներ պայքարող ուժերին։ Ընտրությունների երկրորդ փուլից առաջ մոսկովյան հայտնի քաղաքականագետ Սերգեյ Կուրղինյանի հետ հեռուստաելույթի ընթացքում մենք ասացինք, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գլուխ անցնելու սցենարը գրող շրջանակների նպատակն է Հայաստանում գործող ազգային ժողովրդավարական ընդդիմության ապաբարոյականացումը։ Հռչակված ազգային գաղափարախոսության կարգախոսները վարկաբեկվելու են։ Այսօր ոմանք դեռ չեն հրաժարվել այն մեղադրանքներից, որ Կարեն Դեմիրճյանը եւ նրա մերձավորները մասնակցելով 1998 թ. նախագահական ընտրություններին, կատարում էին այսօրվա իշխանությունների պատվերը։ Այդ մեղադրանքներն անհիմն են, որովհետեւ միակ անակնկալը, որը չէր տեղավորվում «իշխանափոխության» սցենարում, դա հենց Կարեն Դեմիրճյանի՝ նախագահական ընտրություններում մասնակցությունն էր։
Կարդացեք նաև
Մեր նպատակը չէր խանգարել ԱԺՄ-ին կամ կոմկուսին, որոնց քայլերն ամբողջությամբ նկատի էին առնվել այդ սցենարում, այլ կանխել այդ սցենարի իրականացումը։ Այսպիսով, Կարեն Դեմիրճյանի մասնակցությունն ընտրություններին եւ ՀԺԿ-ի ստեղծումն այն միակ ռեալ գործոնն է, որը բխում է ոչ թե այս կամ այն քաղաքական հաշվարկներից, գործող քաղաքական համակարգի պահպանման ձգտումներից, այլ այդ համակարգն ասպարեզից հեռացնելու անհրաժեշտությունից։
– Պարոն Հովհաննիսյան, նախագահական ընտրություններում Դեմիրճյանի առաջադրումը դուք ընկալո՞ւմ եք իբրեւ «ռեստավրացիայի» փորձ։
– 1988 թ. սկսված ազգային հեղափոխությունը 1998-ին ավարտվեց։ Այս հեղափոխությունը զարգացավ նույնպիսի տրամաբանությամբ, ինչպես բոլոր նախկինում եղած հեղափոխությունները։ Երբ հեղափոխություններն ավարտվում են, ասպարեզ են գալիս գործիչներ, որոնք ոչ թե ժխտում են հեղափոխության արդյունքները, այլ դրանք ընդունելով որպես հիմք, փորձում են վերացնել հեղափոխությանը ուղեկից բացասական երեւույթները։ Նրանք այդպիսով մնայուն են դարձնում հեղափոխության արդյունքները։ Ինչ վերաբերում է ռեստավրացիային, ապա այդ հասկացությունը պետք է տարբերել քաղաքական ռեւանշից։ Ռեստավրացիան բառացի թարգմանվում է վերականգնում։ Եվ ոչ մի առնչություն չունի հետադիմական ծրագրերի իրականացման հետ։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, այո, մենք փորձելու ենք վերականգնել այն, նոր հիմքերի վրա, համաշխարհային տնտեսությանը ինտեգրացվելու ճանապարհով։ Ժողովուրդը հոգնել է հեղափոխությունից եւ փորձում է հաստ գիծ քաշել իր անցած 10-ամյա ուղու տակ, եւ սկսել նոր՝ վերականգնման փուլ։ Եվ այդ հասարակական պահանջի արտահայտիչը Կարեն Դեմիրճյանն էր։ Նրա վերադարձը մեծ քաղաքականություն անհրաժեշտություն էր եւ բխում էր հասարակական պահանջից։ Նրա ցանկացած քայլ ոչ թե սուբյեկտիվ ընկալման արդյունք էր, որ նա ուզում է նորից վերահաստատվել, ղեկավարել, այլ այդ հասարակական պահանջին արձագանքելու պատրաստակամություն։
– Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել նրա պարտությունը։
– Պատմությունը ուղիղ գիծ չէ, որով ամեն ինչ հարթ եւ միանշանակ ընթանում է։ Բացի օբյեկտիվ իրողություններից, կան նաեւ սուբյեկտիվ գործոններ, որոնք կարող են ժամանակավորապես շեղել պատմական օրինաչափությունների դրսեւորումները։ Բայց հասարակական պահանջն այսօր էլ մնում է ուժի մեջ, հեղափոխության օրակարգը սպառված է, օբյեկտիվորեն անհրաժեշտություն կա թեւակոխել նոր փուլ, եւ մեր Հայրենիքի պատմության մեջ նոր էջ գրելու ողջ հույսը դրված է Կարեն Դեմիրճյանի վրա։
– Կարելի է ասել, որ այդ ձեւավորված հասարակական պահանջը մոտ ապագայում կատարվելու է։
– Քաղաքական կանխատեսումներում շեշտը դրվում է ոչ թե ժամկետների, այլ դեպքերի եւ իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակների վրա։ Այս դեպքում բոլոր հիմքերը կան ասելու, որ գործընթացները զարգանալու են այդ ճանապարհով։
– Դուք Դեմիրճյանի հնարավոր հաղթանակը կանխատեսելո՞վ եք մտել Հայաստանի ժողովրդական կուսակցություն։
– Դեռ 1992 թ. ես կանխատեսում էի, որ հեղափոխության ավարտից հետո հասարակության պահանջ կառաջանա Կարեն Դեմիրճյանի անձի նկատմամբ։ 1994 թ. ես «Լիտգազետայում» մի հոդված գրեցի՝ «Հայաստանը փոփոխությունների սպասումով։ Կվերադառնա՞ իշխանության բազմափորձ Դեմիրճյանը» վերնագրով։ Դա 1995 թ. նախաշեմին էր, իսկ 1995-ին պարզ դարձավ, որ հեղափոխությունն իրեն սպառել է։ Կարեն Դեմիրճյանը մարդկային առումով ոչ մի հույս ինձ չի տվել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն։ 1992 թվականից ես հաճախակի շփվել եմ նրա հետ։ Նա շատ լավ գիտեր, որ այդ օրը գալու է, եւ նա ինքը այդ քայլին գնալու է։ Բայց ասում էր, որ 15 տարի ես իմն արել եմ, կառուցել եմ, թող այժմ էլ ջահելները շարունակեն։ Նա ուզում էր մեր սերնդին շանս տալ սեփական ուժերով հաղթահարելու դժվարությունները։
– Նախագահի հրաժարակա՞նը ոգեւորեց ձեզ, ցույց տալով կատարված քաղաքական հաշվարկի ճշմարտացիությունը։
– Դեռ 1997 թ. ես շատ պարզ տեսա, որ Կարեն Դեմիրճյանն իր անձի նկատմամբ հասարակական պահանջը եւ դեպքերի զարգացումը ընկալելով, պատրաստ է այդ քայլն անել։ Նա հասկանում էր, որ պետք է անի այդ քայլն այլապես կդատապարտվի պատմության կողմից։ Լինում են պահեր, երբ քաղաքական գործիչը պարտավոր է ենթարկվել պատմության անհրաժեշտությանը։
– Ինչպիսի՞ն կլինի 1999 թվականը։
– 1999 թվականը պետք է տա այն հարցերի պատասխանը, որոնց հնարավոր չեղավ հասնել 1998-ին։ Արդյոք, հնարավո՞ր է մեր երկրում հասնել ժողովրդավարական ավանդույթների ձեւավորմանն ու կայուն տնտեսական զարգացմանը։ Այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն ժողովուրդը եւ միայն մի դեպքում՝ եթե գիտակցի իր հավաքական ներուժի կազմակերպման ու նպատակասլաց օգտագործման անհրաժեշտությունը։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ