Չորեքշաբթի Ազգային հեռուստատեսության «Մարդու ժամանակը» ծրագրում ելույթ ունեցավ ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը։ Ընթերցողին ենք ներկայացնում հատվածներ նրա ելույթից՝ որոշ կրճատումներով եւ խմբագրմամբ։
Շարժման ժամանակ մեր ամենալուրջ, ամենասթափ քաղաքական որոշումը եղել է այն, որ հայաստանյան ղարաբաղյան շարժումը պետք է ղեկավարեն Հայաստանում ծնվածները։ Հետագա տարիներին ինչքան ձախորդություններ եղան շարժման կամ պետության կառավարման մեջ, միայն այդ սկզբունքը խախտելու պատճառով էին։ Շարժման պառակտումը սկսվեց առաջին համագումարից հետո։ Կարծում եմ, համագումար պիտի արվեր, բայց քաղաքական կազմակերպությունը պետք է ստեղծվեր մի երկու տարի հետո։ Բազմաշերտ էր շարժումը, հզոր, այն չէր կարող մտնել կուսակցության նեղ հունի մեջ։ Համագումարում հարյուրավոր մարդիկ ցանկանում էին մտնել ՀՀՇ վարչության մեջ, որովհետեւ ՀՀՇ-ն այն ժամանակ փառահեղ անուն էր։ Նրանք դուրս մնացին եւ սկսեցին կուսակցություններ ստեղծել։
Երկրորդը՝ շարժման պառակտումը, ղեկավարների միջեւ տարաձայնություններ սկսվեցին, երբ Վազգեն Մանուկյանը գնաց կառավարություն եւ պահեց գործարանների հին տնօրեններին։ Մենք չէինք նախատեսում կադրերի ջարդ, բայց մեր շարժման ամենահզոր մասը՝ ինտելեկտուալ մասը, կազմում էին գործարանների գլխավոր ինժեներները եւ գլխավոր տեխնոլոգները։ Դրանք բուն արտադրությունը կազմակերպողներն էին եւ, բնականաբար, ամբողջ շարժման ընթացքում հակասությունների մեջ էին մտնում գործարանների տնօրենների հետ, որոնք պետության, իշխանության ներկայացուցիչներն էին գործարանում։ Երբ ինժեներներն ու տեխնոլոգները վերադարձան գործարան, արդեն մեր իշխանության օրոք, տնօրենների կողմից սկսվեց այնպիսի հաշվեհարդար այդ մասնագետների դեմ, որ Հայաստանն ամայացավ։ Այդ մարդկանց մեծ մասը թողեց-գնաց Հայաստանից։
Վազգենը միշտ թուլություն ուներ աշխատելու հին եւ հեշտ կադրերի հետ։ Երբ նա Ժոկոյին նշանակեց պետնախարար, «Ղարաբաղ» կոմիտեն հինգ րոպե չէր կարողանում շնչել՝ պապանձվել էր այդ որոշումից։ Հողի սեփականաշնորհումը Վազգենը հիմա իրեն է վերագրում, բայց օրենքն ընդունելուց հետո նա վախենում էր սկսել, բայց մենք կազմակերպությունով, վարչությունով ուղղակի ստիպեցինք դա անել։ Երբ նախագահական համակարգի մասին որոշում էր ընդունում, հակասություն ծագեց եւ ստեղծվեց ԱԺՄ-ն։ Տեր-Պետրոսյանի աճող ժողովրդականությունը ԱԺՄ-ին ոչ մի հույս չէր թողնում, որ նրանք հաղթեն համաժողովրդական ընտրություններում։ Մանուկյանը եւ Տեր-Պետրոսյանը ունեին մի թերություն (վերջինիս մոտ դա մի քանի տարի հետո արտահայտվեց)՝ կառավարողի ասիական տիպը։ Այսինքն, ղեկավարել ոչ թե քաղաքական համակարգով, այլ պալատական ինտրիգների՝ հանել-դնելու միջոցով։
Եթե կյանքում մի գործ արել եմ իմ ժողովրդի համար, արել եմ ՆԳ նախարար լինելու տարիներին։ Եվ հիմա, երբ խոսում են չբացահայտված սպանություններից, ավելորդ կոշտությունից, ինչո՞ւ չեն հիշում, որ դա տեղի է ունեցել պատերազմի տարիներին՝ 92-94 թթ.։ Ինչպե՞ս են մոռանում, որ Ռուսաստանում հարյուրներով սպանություններ են եղել եւ չեն բացահայտվել, չնայած Ռուսաստանը պատերազմի մեջ չէր եւ, ընդհանրապես, հզոր, պետական ղեկավարման 100-ամյակների ավանդույթներով երկիր է։ Քաղաքական գնահատական տալու համար ինչ-որ համեմատություն է պետք։ Մեր հարեւանների կամ Ռուսաստանի հետ համեմատելիս շահած ենք դուրս գալիս։ Հայաստանի պետականության ո՞ր փուլի հետ ենք համեմատում, որը երեւացող է եւ պատմականորեն հավաստի։
ՆԳ նախարարի պաշտոնից գնալիս Տեր-Պետրոսյանին ասացի՝ երկիրը մնում է միահեծան բանակի իշխանության տակ, շատ վտանգավոր քայլ ես անում։ ՆԳՆ-ից իմ դուրս գալուց սկսվեց այն դիսբալանսը, որի հետեւանքով՝ 98 թվականին Տեր-Պետրոսյանը գնաց։ Շատ ավելի ուշ իմացա, որ նախագահը հրահանգել էր Սերժ Սարգսյանին, որ նա գնա եւ ջարդի Ներքին գործերի նախարարությունը։ Ջարդվեց մի կառույց, վաղը կջարդվի բանակը՝ դա բացառված չէ, որովհետեւ ես պատերազմը չեմ բացառում։ Դա պետության կործանման սկիզբն է։ 1996 թվականի չարաբաստիկ ընտրություններից մի ամիս առաջ պարզ դարձավ, որ ձախողում է սպասվում։ Ոմանց մոտ նույնիսկ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ այդքան ապաշնորհ ընտրական կամպանիա կարող է լինել միայն մի դեպքում՝ եթե նախագահը չէր ուզում ընտրվել, բայց այդ դեպքում շատ քաղաքակիրթ ձեւ կար՝ պիտի իր թեկնածությունը չդներ եւ օգներ հակառակորդին, որ անցնի։ Այնուամենայնիվ, 96 թվականի այդ ամբողջ անհամությունը վերագրում եմ Տեր-Պետրոսյանի հոգնածությանը։ Արդեն սպառել էր իրեն։
Երբ 96 թվականի գիշերը հաղորդում էին ընտրությունների արդյունքները, բոլորս նստած էինք ՀՀՇ վարչության շենքում. եւ Ռոբերտ Քոչարյանն էր, Լեոնարդ Պետրոսյանն էր եւ, կարծեմ, Արկադի Ղուկասյանը, ստանում էինք այդ անմխիթար տվյալները։ Այդ գիշերը վարչության շենքից անընդհատ լուրեր էին տանում հրապարակում հավաքված Վազգենի կողմնակիցներին, որ՝ այնտեղ ընկճված են։ Այդ անմխիթար տվյալները մեր շենքից տանում էին այնտեղ։ Առաջինը դա լավ նկատեց Ռոբերտ Քոչարյանը։ Այդ ծանր մթնոլորտում, հիշում եմ, որ Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ, առանձնացանք 3-4 րոպե, եւ ես հարցրի. «Լեւոնը պատրա՞ստ է երկրորդ փուլ գնալ»։ Վազգենն ասաց. «Ո՛չ, պատրաստ չէ», եւ ասաց, որ շուտ վերադառնանք, որովհետեւ այնտեղ կարող են կասկածներ լինել, որ մեր առանձին խոսելու փաստը խուճապ չառաջացնի։ Եվ, փաստորեն, երկրորդ փուլ չեղավ։
Իշխանությունը երեւի շփանալով, հիմարանալու հատկություն ունի։ Մենք, որպես իշխանություն, համարում էինք, որ Ղարաբաղի քաղաքական էլիտան մեր կողմն է եւ ավելի հանգիստ էինք։ Այդ դեպքերից հետո նախագահն ընկավ եռամսյա դեպրեսիայի մեջ։ Ուզում էր, որ ես էլ հրաժարվեմ պաշտոնից, Վազգեն Սարգսյանն էլ։ Մի խոսքով, կարծես ոչ մի բան էլ չէր ուզում։ Ամբողջ պետական համակարգը հուսահատված էր, կազմալուծված, երեք ամիս կառավարություն չէր ձեւավորվում։ Հին կառավարությունն էլ չէր աշխատում։ Այդ կառավարությունն առհասարակ չէր աշխատում 96 թվականի հունվարից, որովհետեւ այդ ժամանակ նախագահը Բագրատյանին ասել էր, որ նրան ազատելու է աշխատանքից։ Ո՞վ կաշխատեր այդ դեպքում։ Այդպես մի տարի կորցրեցինք։
Մի տարի էլ կորցրեցինք 97 թվականին, երբ երկիշխանություն էր հանրապետությունում։ Բայց հետո երեւաց, որ ամբողջ 97 թիվը Տեր-Պետրոսյանը պատրաստում էր իր հեռանալը։ Քոչարյանն ամրապնդում էր իր իշխանությունը, ինչ-որ բաներով զբաղվում էր, բայց հիմնականում պատրաստվում էր։ Նախկին նախագահը 97-ի սեպտեմբեր-հոկտեմբերի իր ելույթով եւ «Խաղաղություն, թե պատերազմ» հոդվածով, փաստորեն, ձեռքերը լվաց ղարաբաղյան հարցից։ Նա փակուղի մտավ, չկարողանալով համոզել Ղարաբաղի քաղաքական էլիտային, բայց դրա համար Հայաստանի քաղաքական էլիտան պետք է թելադրողը լիներ։ Քոչարյանին բերելը նշանակում էր, որ Հայաստանի քաղաքական էլիտան այլեւս չի կարող թելադրել։
Ամրապնդվեց իշխանության ռազմական, զինվորական մասը։ Բնականաբար, «Երկրապահը» կարեւոր դեր ունեցավ, բայց «Երկրապահի» քաղաքականացումը նրա նախաձեռնությունը չէր։ 1994 թվականին, երբ հզոր էր ընդդիմադիր դաշինքը, Լեւոնը խուճապի մեջ ընկավ եւ առաջարկեց Վազգեն Սարգսյանին քաղաքականացնել «Երկրապահը»։ «Երկրապահը» դաշնակցության օգնությամբ անցկացրեց 1998 թվի ընտրությունները։ Զարմանալի կլիներ, որ իշխանությունը գահընկեց անելուց հետո այնպիսի ընտրություններ անեին, որ նախագահ դառնար մի երրորդը՝ որեւէ անկապ գործիչ։
Պարզ է, որ այդ ընտրություններին մատների արանքով էին նայում նաեւ աշխարհի հզոր պետությունները։ Ընտրություններից առաջ ապագա կառավարիչները ոչ միայն ընդդիմության հետ էին պայմանավորվում եւ նրա հետ բանակցությունների մեջ էին 97-ի աշնանը, այլեւ՝ մեծ երկրների դեսպանների հետ, որոնցից «քարտբլանշ» էին ստացել։ Ինձ հնարավորություն տրված էր այդ նոր իշխանության մեջ իմ տեղն ունենալու, բայց ես դավադրության համար պիտանի չեմ, եթե այն նույնիսկ երկրի ղեկավարն է կազմակերպում (իշխանափոխությունն իրականում գլխավորել էր ոչ թե Վազգեն Սարգսյանը, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանը)։ Ես համոզված էի, որ այնուամենայնիվ, ինքը ճիշտ չի անում՝ պետք է ստիպել ստորագրել հաշտության պայմանագիրը։
Բանակցություններից տեղյակ մարդիկ հասկանում են, որ կա փուլային տարբերակ, որը տարիներ է տեւելու, փաթեթայինը՝ պատերազմն է։ Բայց այդ դեպքում՝ ժողովրդին պետք է դրան ազնվորեն պատրաստել։ Այդքան բանից հետո ամենաշահածը դուրս եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանը. նա հայոց պատմության մեջ մնաց որպես երկրի եզակի ղեկավար, որը հողեր է նվաճել եւ չի հանձնել։ Ամենաանմխիթար վիճակում (իր կամքով, իհարկե) հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը, որն, ամենայն հավանականությամբ, կհանձնի այդ հողերը։
Վերծանված է տեսաերիզից