Նոյեմբերի 17-ին «Слабо?» հրապարակման մեջ մեջբերել էինք դատախազության մամլո խոսնակ Գուրգեն Ամբարյանին։
Նա «Առավոտի» հարցին ի պատասխան, թե արդյոք դատախազությունը չի՞ պատրաստվում քրեական գործեր հարուցել կամ բացատրագրեր պահանջել Դաշնակցության հանրահավաքում հնչած հայտարարությունների առնչությամբ, պատասխանել էր, թե դատախազությունն առանց այն էլ այդ անձանցից ոմանց վերաբերյալ քրեական գործեր է քննում։ Նշել էր Էդվարդ Եգորյանի, Վահագն Խաչատրյանի, Աշոտ Բլեյանի եւ Պետրոս Մաքեյանի անունները։ Վերջինս էլ նույն օրը եւեթ դիմել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին պարզաբանելու, թե իր վերաբերյալ ինչ գործ է քննվում։
Նոյեմբերի 30-ին գլխավոր դատախազի տեղակալ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա. Խաչատուրյանը Պետրոս Մաքեյանին ուղղված պատասխան գրության մեջ նշել էր, թե «դատախազության մամլո խոսնակի պատասխանը, ըստ նույն խոսնակի հավաստիացման, իրականում ունեցել է այլ բովանդակություն, որից չի հետեւում, որ Ձեր անձի նկատմամբ ՀՀ դատախազությունում քննվում է քրեական գործ»։ Չնայած մեր հրապարակած պատասխանը նախապես համաձայնեցրել էինք Գուրգեն Ամբարյանի հետ, սակայն տեղեկանալով այս գրության բովանդակության մասին՝ եւս մեկ անգամ դիմեցինք նրան, խնդրելով պարզաբանել, թե իրականում ի՞նչ այլ բովանդակություն է ունեցել իր պատասխանը։ «Նրանցից երկուսի վերաբերյալ գործեր կան, որտեղ իրենք են դիմող՝ Էդվարդ Եգորյանը եւ Պետրոս Մաքեյանը,- ասաց դատախազության մամուլի խոսնակը։- Այսինքն, դատախազությունում նրանց հետ կապված գործեր կան, նայվում են, նյութեր են նախապատրաստվում։ Երեւի Պետրոս Մաքեյանն այսպես էր հասկացել, թե իր դեմ գործ կա։ Բայց նրան առնչվող գործը կարող է լինել նաեւ նրա դիմումի կամ բողոքի հիման վրա»։
Ստացվում է, որ ոչ թե «Առավոտն» էր սխալ ներկայացրել, այլ պրն Մաքեյանն էր սխալ հասկացել։ Եվ այս լրացուցիչ պարզաբանումներից հետո, դարձյալ բաց է մնում այն հարցը, թե դատախազությունն ինչո՞ւ չարձագանքեց այն մարդկանց հասցեին հրապարակավ հնչած լուրջ մեղադրանքներին, որոնց սեփական դիմումների համաձայն է քննություն տարվում կամ որոնց վերաբերյալ ընդհանրապես գործ հարուցված չէ, կամ էլ, ինչպես Վահագն Խաչատրյանի դեպքում է, դատախազության վարույթում գտնվող գործը բոլորովին այլ բովանդակություն ունի։ … Արդեն իսկ փուքսը թողած այս պատմությանը եւս մեկ անգամ անդրադառնում ենք այն միամիտ հույսով, որ սա նախադեպ չի դառնա եւ օրինականությունը պաշտպանելու կոչված իրավապահ մարմինը միայն ընտրողաբար չի անդրադառնա զրպարտության դրսեւորումներին կամ հանցագործությունների վերաբերյալ հրապարակային հայտարարություններին։
Կարդացեք նաև
Ա. Ի.