Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՌ, ՇԱՏ ՎԱՌ ԵՎ ԵՎ ՀԱՄԱՐՅԱ ԽԱՄՐՈՂ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ»

Դեկտեմբեր 25,1998 00:00
Vahe Gabrielyan

Նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը երեկ ճեպազրույցում մանրամասն ներկայացրեց նույն օրը Ռոբերտ Քոչարյանի ստորագրած երկու հրամանագրերը։ Սակայն լրագրողներին առավել հետաքրքրողը շաբաթվա աղմկահարույց երկու հայտարարություններին նախագահի արձագանքն էր։

1999-ին՝ սփյուռք

Նախագահի ստորագրած առաջին հրամանագիրը 1999-ի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հիմնահարցերին նվիրված համահայկական համաժողով հրավիրելու մասին է։ Նույն հրամանագրով ստեղծվել է այդ համաժողովը նախապատրաստող կառավարական հանձնաժողով, որի համանախագահները Վազգեն Սարգսյանն ու Վարդան Օսկանյանն են։

Այս առնչությամբ երեւի թե անմիջապես առաջացած հարցականը «Հայլուրի» թղթակիցը ձեւակերպեց. «Այդ հանձնաժողովի մեջ Վազգեն Սարգսյանի ընտրությունն ինչպե՞ս է բացատրվում»։ «Այն պատրաստակամությամբ, որ պրն Սարգսյանը ցանկացել է իր ուժերը եւ կարողությունները ի սպաս դնել ազգային այս վեհ գաղափարի իրականացմանը»,- պատասխանեց խոսնակը։

2000-ին՝ գրականություն

Նոր հազարամյակի առաջին ծննդյան տոներին՝ հունվարի 6-ին Հայաստանի նախագահը պետական գրական մրցանակներ կշնորհի։ Երեկ ստորագրված համապատասխան հրամանագրի համաձայն՝ գրական մեծ մրցանակը «Ոսկե Եղեգն» է կոչվելու։ Լինելու են նաեւ ժանրային եւ մանկական գրականության համար մրցանակներ։

Այս առնչությամբ էլ լրագրողներից մեկին միայն հետաքրքրեց, թե որքան է այդ մրցանակների գումարային արժեքը։ «Ոսկե Եղեգն»-ը՝ 1 մլն դրամ է։ Ժանրային 1-ին մրցանակը՝ 600 հազար, 2-րդը՝ 400 հազար եւ 3-րդը՝ 200 հազար դրամ։

Մեր պատասխանը Վանո Սիրադեղյանին

«Աշխարհում կան մի քանի երկրներ, որոնց ղեկավարներն էլ անընդհատ կարծում են, թե աշխարհի մնացյալ մասն իրենց թշնամին է եւ բանուգործ թողած զբաղվում են իրենց երկրները լրտեսությամբ քայքայելու գործով։ Այդ երկրների վիճակը լավ գիտեք, եւ այդպիսի մտածողությունն է, որ տանում է դեպի ինքնամեկուսացում եւ արտաքին քաղաքականության ձախողումներ։ Դա լուրջ մոտեցում չի»,- Վահե Գաբրիելյանի այս պատմահամեմատական ակնարկը պատասխան էր Վանո Սիրադեղյանի այն հայտարարությանը, թե արտասահմանյան հատուկ ծառայությունների գործակալները ներթափանցել են նաեւ պետական կառավարման համակարգ։

Մեր պատասխանը Սամվել Բաբայանին

Նախագահի մամուլի խոսնակը մեկ առ մեկ անդրադարձավ այն խնդիրներին, որ ԼՂՀ պաշտպանության նախարարը ձեւակերպել էր որպես Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հիմնական տարաձայնություններ եւ երեք հարցադրումների միջոցով ուղղել Ռոբերտ Քոչարյանին։

Նախ, տարածքային զիջումների հնարավոր սահմանը պարզաբանելու մասին։ Վահե Գաբրիելյանը հիշեցրեց, որ բանակցային գործընթացում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասին, Ղարաբաղն էլ է լիիրավ մասնակից. «Եվ Լեռնային Ղարաբաղի որոշումներին կամ դիրքորոշումներին ծանոթանալու համար կարիք չկա դա Հայաստանում հարցնել»։

Փոխաբերական ձեւակերպումով՝ Արցախի եւ Հայաստանի «մարմնով միանալու» վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարարի հարցապնդմանն ի պատասխան կանխատեսելի արտահայտություններ հնչեցին. «Բնականաբար, ողջ հայությունը որպես միասնական մարմին է դիտում՝ մնացած ողջ հայությանը։ Բայց 1991-ին ԼՂ ԳԽ-ի որոշմամբ Ղարաբաղ անկախ պետություն է հռչակվել։ Իսկ մնացածը, բնականաբար, արտացոլվում է այն քաղաքականությամբ, որ Հայաստանը վարել եւ վարում է։ Եվ կարծում եմ, որեւէ մեկը չի կարող պնդել, որ անջատում կամ օտարացում կա այս երկու մասերի միջեւ»։

ԼՂՀ-ի տնտեսության «առաջնակի» զարգացման անհրաժեշտության մասին Սամվել Բաբայանի երրորդ հարցին նախագահի միջնորդավորված պատասխանն էր, թե այդ միտքը նույն ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն է մի քանի տարի առաջ արտահայտել։ «Եվ դա հենց այն քաղաքականությունն է, որ իրականացվում է»,- նշեց Վահե Գաբրիելյանը։ Նաեւ առաջարկեց, որ համեմատվեն ամեն տարի Հայաստանի կողմից ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկի ծավալները. «Հայաստանի Հանրապետության բյուջեից ԼՂՀ-ին հատկացվող վարկը չի նվազել, չի նվազում եւ նրա հարաբերակցությունը ԼՂՀ-ի բյուջեի հետ բոլոր հարցերին միանգամից պատասխանում է»։

Հայտնի է սակայն, որ ԼՂՀ վարչապետ Ժիրայր Պողոսյանը միջպետական վարկի այս տարի նախատեսվող ծավալը փոքր էր գնահատել եւ նշել, որ այն «չի համապատասխանում այն մեթոդաբանական մոտեցմանը, որով միշտ առաջնորդվում ենք» («Ազատ Արցախ», 26-ը նոյեմբերի)։ «Առավոտն» առաջարկեց այս հակասությունը պարզաբանելու համար ի վերջո թվեր հրապարակել, թե որքան է կազմել այդ վարկն անցյալ տարիներին եւ որքան է այժմ։ Նախագահի խոսնակը այդ թվերը չհրապարակեց, այլ միայն նշեց, որ Հայաստանի բյուջեի 4,4%-ը միշտ ԼՂՀ-ին է հատկացվել՝ որպես միջպետական վարկ։

Ի դեպ, խոսնակի այն պնդման առնչությամբ, թե «որեւէ մեկը չի կարող պնդել, թե անջատում կամ օտարացում կա» Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ՝ «Առավոտն» «Ազատ Արցախի» նոյեմբերի 12-ի խմբագրականի այն պնդումները հիշեցրեց, թե «Քոչարյանի նախագահ դառնալուց հետո Արցախի որոշակի առանձնաշնորհյալ դիրքը ոչ թե ընդգծվել, այլ նվազել է» կամ, որ ղարաբաղցիների նկատմամբ վերաբերմունքի որոշակի փոփոխություն կա այժմ։ «Ամերիկացիներն ասում են՝ կարճ պատասխանն է՝ ոչ», կարճ կապեց պրն Գաբրիելյանը, որ տվյալ դեպքում, թերեւս լավագույն պատասխանը չէր։

ԼՂՀ հիմնահարցի ճակատում առանց փոփոխությունների՞

ՀՀՇ մի շարք գործիչներ (Բաբկեն Արարքցյան, Ալեքսանդր Արզումանյան, Հովհաննես Իգիթյան) հայտարարել էին, թե այս նոր առաջարկները լավ մոռացված հինն են եւ դրանցում էլ է պահպանված Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը։ Երիտասարդ խոսնակն այս առնչությամբ կրկնեց Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ կոչ արեց «ըմբռնումով մոտենալ այդ հայտարարություններին։ Պարզապես այդքանը»։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանում ընդունված «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ նրա շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության» որոշման առնչությամբ, «Առավոտի» խնդրանքով Վահե Գաբրիելյանը հետեւյալ պարզաբանումները ներկայացրեց. «Սա ոչ թե Ադրբեջանի ամբողջականությանը նվիրված փաստաթուղթ է, այլ ամենայն հավանականությամբ՝ խոսքը ՄԱԿ-ԵԱՀԿ հարաբերությունների վերաբերյալ ամեն տարի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ընդունվող խորհրդատվական բնույթի փաստաթղթի մասին է»։

Իրոք, նման որոշում արդեն երրորդ տարին է, որ ընդունվում է։ Եվ արդեն երրորդ տարին է, որ Հայաստանը միայնակ է «դեմ» քվեարկում այդ փաստաթղթին։ «Կարելի է ասել, որ սա արդեն ավանդական որոշում է,- նաեւ ասաց Վահե Գաբրիելյանը։- Թեեւ այդտեղ սարսափելի որեւէ բան չկա Հայաստանի համար։ Բայց որոշ փոփոխություն տեղի է ունեցել «կողմ» եւ «դեմ» քվեարկող երկրների հետ տարվող աշխատանքի կապակցությամբ»։

Դարձյալ հիշեցնենք, որ Հայաստանը «բացարձակ փոքրամասնության» մեջ է եղել, ընդամենը 20 «ձեռնպահ» եւ 114 «կողմ» է եղել այն ձեւակերպմանը, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի մասն է։ Սակայն իրոք, ինչպես նախագահի խոսնակը նշեց, սրա բացատրությունը պիտի ԱԳՆ-ն տա։

Իսկ առայժմ, իրոք ըմբռնումով մոտենանք անկախ պարտվողական կամ հաղթողական քաղաքականության դրսեւորումներից՝ միջազգային հանրության համար Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի անխախտելիությանը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031