Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՉԵՆՔ, ՄԵՆՔ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԵՆՔ»

Դեկտեմբեր 24,1998 00:00
vova Gasparyan

Հայոց բանակի կազմավորման առաջին օրերից անհրաժեշտություն զգացվեց ստեղծել նրա կարեւորագույն օղակներից մեկը՝ ռազմական ոստիկանությունը, որը ոչ միայն պայքարում էր բանակից խուսափողների, դասալիքների, «թիկունքի ֆիդայիների» ու զինված անօրինական խմբավորումների դեմ, այլեւ նպաստում էր բանակում կարգուկանոնի, օրինականության հաստատմանը։

Փառավոր ուղի է անցել ռազմական ոստիկանությունը, որի մեջ իր ուրույն ավանդն է ունեցել նաեւ օրերս չարագործի գնդակից զոհված պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Վահրամ Խորխոռունին։ Արմատական փոփոխություններ տեղի ունեցան ռազմական ոստիկանությունում՝ գնդապետ Վլադիմիր (Վովա) Գասպարյանի նշանակումից հետո։ Փոխվեց ոչ միայն ռազմական ոստիկանության անվանումը (նախկինում այն կոչվում էր զինվորական ոստիկանություն)։

Միջանկյալ

Գնդապետ Գասպարյանին է զանգահարում նախարարության բարձրաստիճան սպաներից մեկը եւ վրդովված հայտնում, որ «ինչ-որ մի աքլորացած ենթասպա համարձակվել է իրեն փողոցում դիտողություն անել գլխարկ չկրելու եւ բաճկոնի կոճակները չկոճկելու համար»։ Գնդապետը «խնդրում» է սպային մնալ կապի մեջ, կանչում է գործավարուհուն եւ սպային լսելի հրամայում… ենթասպային լավ ծառայության համար հայտարարել շնորհակալություն։ Ոստիկանապետի կողմից առանձնահատուկ ուշադրություն դարձվեց կադրային հարցերին։ Աշխատանքից ազատվեցին նոր պահանջներին չհամապատասխանող բազմաթիվ աշխատակիցներ։

Ծառայության անցան բանիմաց, իրենց գործին նվիրված հմուտ իրավաբաններ։ Նախապատվություն չէր տրվում «կռված է, պիտի աշխատի» սկզբունքին, թեեւ մասնագետ կադրերի միջեւ հավասարության դեպքում առաջնությունը տրվում էր պատերազմի բովով անցած կադրերին։

-Մենք արհեստավարժ չենք,- սիրում է կրկնել գնդապետը,- մենք պրոֆեսիոնալ ենք։

Կադրային ճիշտ նշանակումների շնորհիվ բարձրացավ հանցագործությունների բացահայտման տոկոսը, իջավ հանցագործությունների, այդ թվում եւ ծանր, քանակը։

-Չկան չբացահայտվող հանցագործություններ։ Կան վատ աշխատող քննիչներ,- ասում է պարոն Գասպարյանը։

Գնդապետի կարծիքով իրենց աշխատանքին բավականին օգնում է կապը լրագրողների հետ։

-Շատ դեպքում ծնողներն ու զինծառայողները մեզ ամեն ինչ չէ, որ ասում են, իսկ ձեզ հետ ավելի բաց են խոսում, եւ լրագրողները կարող են օգնել մեզ, թեեւ մինչեւ հիմա, չնչին բացառություններով, նրանք աշխատել են միայն բանակի վատը տեսնել։ Մեր դռները միշտ բաց են լրագրողների առաջ։

Ո՞րն է գլխավորը

Վարչության տարածքը՝ սկսած պահակներից, ցուցադրական զորամասի տպավորություն է թողնում։ Կանաչապատ, ծառուծաղկի մեջ թաղված ճեմուղիներում բազմաթիվ քանդակներ են դրված։ Հրաշալիորեն կահավորված են առանձնասենյակները, զինվորների եւ ուղեկցող գումարտակի ծառայողների կացարանները, հանգստի սենյակը, ճաշարանը։ Գնդապետ Գասպարյանի հետ հանդիպման վերջում չկարողացա զսպել ոչ նրբանկատ ու սադրիչ՝ «իսկ ի՞նչ միջոցներով» հարցը։ Ի պատասխան՝ նա ժպտաց.

-Գլխավորը ցանկությունն է։ Տարածքի կանաչապատման համար բերվել է 2500 մեքենա հող։ Կհարցնեք որտեղի՞ց, ինչպե՞ս…

Քաղաքում մետրո է կառուցվում։ Հողը թափվում էր քաղաքից դուրս։ Ես պայմանավորվեցի վարորդների հետ, ավելի մոտ թափել հողը, այսինքն՝ մեր տարածքում։ Նրանք ուրախությամբ համաձայնեցին։ Վառելիքն իրենց էր մնում, նաեւ ժամանակի խնայողություն էին ունենում։ Իսկ ինձ հաջողվեց այս հրաշալի այգին ստեղծել։ Քանդակները բերվել են Գյումրիից, որտեղ քանդակագործների ցուցահանդես էր կազմակերպվել։ Քանդակները մնացել էին անտեր՝ արեւի ու անձրեւի տակ։ Մի քանիսը ջարդվել էին։ Պայմանավորվեցի Շիրակի մարզպետի ու Գյումրիի քաղաքապետի հետ եւ քանդակները տեղափոխեցինք մեզ մոտ… Ուրիշ էլ ի՞նչ է հետաքրքրում,- հարցրեց ամեն հարցին պատասխան ունեցող գնդապետը։

Արժե, թերեւս, ավելացնել, որ գնդապետ Գասպարյանը ապրում է քաղաքի ծայրամասերից մեկի՝ Դավիթաշենի բարձրահարկ շենքերից մեկում…

Ընդունելություն

Քաղաքացիների ընդունելության համար վարչությունում էին գտնվում ոստիկանապետի բոլոր տեղակալները, բաժնի պետերը՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին սպառիչ պատասխան տալու համար։

Ընդունելությունը կատարում էր ոստիկանապետի առաջին տեղակալ, գնդապետ Հայկ Ստեփանյանը։ Ընդունելությանը մասնակցում էր նաեւ Երեւանի բաժանմունքի՝ օրերս նշանակված պետ Վահան Պապոյանը։ Առաջին այցելուն Էմմա Պետրոսյանն էր, ում որդին՝ Գեւորգը սպանվել էր բանակում։ Անզգույշ սպանության մեղադրանքով մարդասպանը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։ Ծնողը չի բավարարվել եւ համոզված էր, որ Գեւորգին դիտավորությամբ են սպանել։

Տիկին Էմմա, մենք իրավասու չենք վերանայելու դատավճիռը։ Պետք է դիմեք դատախազություն,- ասաց պարոն Ստեփանյանը։

-Չէ, եթե ինձ օգնի, միայն Վովան կօգնի։ Խնդրում եմ, որ նա ինձ ընդունի,- պնդեց որդեկորույս մայրը։

-Լավ։ Նա ձեզ կընդունի…

…Վերջին այցելուն ձեռնափայտը ձեռքին մի ծերունի էր.

-Ձեզ մատաղ, բա սա անելու բան ա՞, գաղթական, հաշմանդամ, անտեր մարդ եմ։ Բա սա անելու բան ա՞,- որոտաց ծերունին ու հրավերի չսպասելով նստեց։

-Ի՞նչ է պատահել։

-Տղայիս 26 տարին լրացել է։ Բանակ տարան։ Կամանդիրի շոֆեր էր։ Մարդ էր գցել մեքենայի տակ։ 5 տարի տվին։ Մի տարի նստեց, ամունիստով դուրս էկավ։ Հիմա բռնել բերել եք։ Բա սա անելու բան ա՞։

-Մի անհանգստանա, հայրիկ։ Օրենքն է այդպիսին։ Այստեղից տղայիդ ուղարկելու ենք բանակ։ Մեկ տարի 7 ամիս ծառայել է, յոթ ամիս էլ կծառայի ու տուն կգա։

-Ապրի արեւդ, պալկովնիկ ջան, թե որ թողաս մի հատ էլ տեսնեմ։

-Անպայման կտեսնես։

-Ապրեն բալեքդ, կամանդիր ջան,- օրհնանքներ շռայլելով դուրս եկավ ծերունին։

Ընդունելությունը վերջացավ։

Ես դուրս եկա։ Վարչական շենքի կողամասում քննչական մեկուսարանն է։ Վանդակաճաղերի հետեւում՝ օրինազանց զինծառայողները, որոնց զինակից ընկերները շարունակում են իրենց ծառայությունը։ Ականջներիս մեջ գնդապետ Ստեփանյանի խոսքերն էին.

-Մի խեղեք ձեր որդիների ապագան։

ՎԱՀԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031