Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ «ՀՀ 1999 Թ. ԲՅՈՒՋԵԻ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դեկտեմբեր 24,1998 00:00
byuje

1994-96թթ. վարած կոշտ դրամավարկային, ֆիսկալ քաղաքականությունը եւ կառուցվածքային բարեփոխումները ՀՆԱ 60% անկման պայմաններում հանգեցրին ինֆլյացիայի զսպման եւ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կայունացման։

Դա ուղեկցվեց նաեւ մինչեւ 6% տնտեսական աճով։ Աճը հիմնականում պայմանավորված էր տնտեսության ազատականացմամբ։ Վարվող տնտեսական քաղաքականությունը չուներ առաջարկային բնույթ եւ ակնհայտ էր, որ աճը երկարատեւ եւ կայուն բնույթ չէր ունենալու։ Դա արտահայտվեց 1997 թ. հիմնական ցուցանիշների գծով ավելի համեստ ձեռքբերումներով, քան ծրագրված էր կառավարության կողմից։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 1998 թ. առաջին 10 ամիսների արդյունքներն ավելի բարենպաստ են։

Սկսած 1997 թ. ՀՀ կառավարությունը տնտեսական քաղաքականության հիմնական նպատակ է հայտարարել կայունությունից դեպի տնտեսական աճ։ 1999 թ. բյուջեի նախագծով նախատեսված է 4% եւ հետագա երկու տարիներին մինչեւ 6% տնտեսական աճ, որը չի կարող ապահովել ներկա տնտեսական իրավիճակից դեպի զարգացում, որքանով էլ այն մեկնաբանվի Արեւելյան Ասիայում եւ ՌԴ տեղի ունեցող ճգնաժամերով։ Կառավարությունը, խուսափելով ներքին պարտքի հաշվին դեֆիցիտի ֆինանսավորումից, դեֆիցիտի ծածկումը նախատեսում է իրականացնել արտաքին պարտքի ավելացման հաշվին 110 մլն ԱՄ դոլարով։ Պետական արտաքին պարտքի սպասարկումը 1999 թ. կազմելու է 53 մլն դոլար, որը եկող տարիներին կունենա աճման միտում եւ բացարձակ մեծությամբ մոտենում է առողջապահության եւ կրթության վրա կատարվող ծախսերին միասին վերցրած։

1999 թ. բյուջեում նախատեսվում է հարկային եկամուտների տեսակարար կշիռը հասցնել ՀՆԱ 13.37% նախորդ տարվա նկատմամբ ապահովելով 0,3% աճ։ Չնայած հարկային մուտքերի բարելավմանը, այնուամենայնիվ այն մնում է ցածր՝ պայմանավորված թույլ մաքսային եւ հարկային վարչարարությամբ։ ՀՀ հարկային օրենսդրությունը կարելի է ասել ներկայացնում է նվազագույն արտոնություններով համակարգ, եւ հարկային վարչարարության բարելավումը մեծ պոտենցիալ ունի ավելացնելու հարկային մուտքերը։ Կարելի է եզրակացնել, որ գործող օրենսդրության պայմաններում հարկային մուտքերը կարող են կազմել ՀՆԱ մինչեւ 25%։ Երկարաժամկետ զարգացման համար բարենպաստ չէ նաեւ հարկային մուտքերի կառուցվածքը, այն ունի ֆիսկալ ուղղվածություն (անուղղակի հարկերը 1999 թ. կազմելու են հարկային մուտքի ավելի քան 76%, նախորդ տարին կազմել է 70%) եւ չնայած նոր կառավարության ծրագրում նախատեսվում էր աստիճանաբար ծանրության կենտրոնը տեղափոխել անուղղակի հարկերից դեպի ուղղակի հարկեր, իրականում տեղի է ունենում նրա տեսակարար կշռի ավելացում։ Մտահոգիչ է նաեւ այն հանգամանքը, որ հարկերի շուրջ 53% նախատեսվում է հավաքել սահմանի վրա, որը, հեշտացնելով վարչարարությունը, միաժամանակ հանդես է գալիս որպես տնտեսական ակտիվությունը խոչընդոտող գործոն։

Պետական կապիտալ ծախսերի տեսակարար կշիռը՝ ներառյալ կապիտալ վերանորոգումը 1998 թ. նախագծված է նույն մակարդակի վրա, ինչ 1998 թ.՝ ՀՆԱ նկատմամբ 4.6%։ 1994 թ. փաստացի այն կազմել է 10%։ Երկարաժամկետ տնտեսական աճի համար անհրաժեշտ պայման է հանդիսանում ներդրումների ծավալը։ Այսօր հասկանլի չէ, թե ինչպիսին է ներդրումների մակարդակը մեր հանրապետությունում։ Այո, առկա է օտարերկրյա ներդրումների որոշակի աճ, սակայն դրա մեծ մասը ֆինանսական միջոցների ներհոսք է դրսից, բայց ոչ թե կապիտալի պաշարի ավելացում։ Արտադրական կարողությունների եւ ձեռնարկությունների վերակառուցմանը գնացող ներդրումների ծավալները փոքր են, անբավարար՝ երկարաժամկետ կայուն տնտեսական աճ ապահովելու համար։

Մեր հաշվարկներով ներդրումների մակարդակը չի գերազանցում ՀՆԱ 15%, այն դեպքում, երբ համաձայն Համաշխարհային բանկի տարեկան զեկույցի՝ 6% եւ ավել տնտեսական աճ ունեցած երկրներում, ներդրումների մակարդակը բոլոր աղբյուրների հաշվին կազմել է ավելի քան 25%։ Բացակայում են բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման միջոցառումները։ Ֆինանասկան համակարգի կողմից ներքին խնայողությունները չեն մոբիլիզացվում, առկա է կապիտալի արտահոսք, բիզնեսի համար միջավայրը նպաստավոր չէ։ Եթե ներքին, թեկուզ եւ քիչ, խնայողությունները չեն վերածվում ներդրումների, ապա միջավայրը բարենպաստ չի կարող լինել նաեւ արտաքին ներդրումների համար։

Նախորդ տարվա նկատմամբ նախատեսված է սոցիալական նպաստների շուրջ 40% աճ, սակայն հաշվի առնելով բնակչության եկամուտների զգալի մասի ստվերային բնույթը, հայտարարագրման համակարգի բացակայությունը, բաշխման օրենսդրական կարգավորման եւ համապատասխան ինստիտուտների անկատարությունը, մտահոգություն է առաջացնում նախատեսված 21 մլրդ դրամի միջոցների հասցեական օգտագործումը։

Մեր կարծիքով, ՀՀ 1999 թ. պետական բյուջեի նախագիծը հստակորեն չի արտացոլում տնտեսության բնագավառում կառավարության հայտարարած քաղաքականությունը՝ կայունությունից դեպի տնտեսական աճ եւ բնակչության կյանքի պայմանների բարելավում։

Հայաստանի տնտեսագետների միություն

Ներկայացվում է կրճատումներով։

Իսկապես հոգնեցուցիչ է, երբ ամեն տարի նոր բյուջեի պաշտպանության նպատակով պաշտոնապես նույն փաստարկներն են բերվում։ Խորհրդարանում իրեն կառավարության հենարան քաղաքական ուժ համարող մեծամասնությունը փոխվել է։ Քաղաքական հենարանը փոխվել է, բայց նույնն է մնացել երկրի հիմնական տնտեսական փաստաթղթի «տեսական» հիմնավորումը։ Եկող տարի էլ բյուջեն, ինչպես նախորդ տարիներին, իրական առաջընթաց չի ապահովի։ Հենց այս տեսակետն էլ արտացոլված է Հայաստանի տնտեսագետների միության հրապարակած տեքստում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031