Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՎԵՐՆԵՐ ՏԱՆՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

Դեկտեմբեր 24,1998 00:00
mrcanak

1998 թ. դեկտեմբերի 23-ին, «Արմենպրեսի» մամուլի սրահում տեղի ունեցավ Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը։

Ամենամյա այս մրցանակը սահմանելու մասին որոշումն ընդունվել էր ԵՄԱ վարչության նիստում, 1998 թ. հուլիսի 23-ին։ Նույն որոշմամբ մրցույթի պայմաններն ու չափանիշները մշակելու հարցը վստահվել էր ժյուրիին՝ հետեւյալ կազմով.

Վալերի Այդինյան – «Հայացք Երեւանից» ամսագրի գլխավոր խմբագիր

Աստղիկ Գեւորգյան – Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

Մեսրոպ Հարությունյան – «Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն

Վիգեն Սարգսյան – ԵՄԱ՝ խոսքի ազատության պաշտպանության հանձնախմբի նախագահ, այն ժամանակ «Այժմ» շաբաթաթերթի գլխ. խմբագիր

Տիգրան Նաղդալյան – Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն։

1998 թ. մրցանակների եւ մրցանակաբաշխության կազմակերպման համար ծախսերը, ԵՄԱ վարչության որոշմամբ, արվել են Եվրոպական հանձնաժողովի եւ ԱՄՆ կառավարության՝ «Ժողովրդավարություն եւ քաղաքացիական հասարակություն» մրցանակի շնորհագումարից, որ այս տարի ստացել էր Երեւանի մամուլի ակումբը։

Մրցանակաբաշխության ժյուրիի՝ դեկտեմբերի 15-ի որոշմամբ Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակները 1998-ի համար հանձնվում են.

«Հայք» շաբաթաթերթին՝ 1998 թ. լավագույնս կերպափոխվելու համար։

«Իրավունք» թերթի «Ընկ. Փանջունու անկյուն» խորագրին՝ քաղաքական երգիծանքի ժանրի ավանդույթները զարգացնելու համար։ Հայաստանի ազգային ռադիոյի՝ գրական գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագրության գլխ. խմբագիր Հովիկ Հովեյանին՝ թեմային հավատարմության համար։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի սեփական թղթակից Տիգրան Լիլոյանին՝ փաստը հարգելու եւ իրազեկության համար։

НТВ հեռուստաընկերության սեփական թղթակից Դմիտրի Պիսարենկոյին՝ արտերկրում հայաստանյան իրադարձությունները հրատապ լուսաբանելու համար։

Սա տարածված պաշտոնական հաղորդագրությունն էր։ Մրցանակների բաշխմանը չէին մասնակցում Տիգրան Նաղդալյանը եւ Վիգեն Սարգսյանը։ Վերջապես, սեւ մրցանակը ստացա ես։ Մինչ ես «Օրագիր» թերթում տպագրված «Երեւանի մամուլի ակումբը ափի մեջ» հոդվածի պատասխանն էի քննարկում Էլինա Պողոսբեկյանի հետ, բացատրելով, որ հայհոյանքը փաստի սով է, ինձ վրա ուղղակի հարձակվեց տանտեր՝ «Արմենպրեսի» տնօրեն Մեսրոպ Հարությունյանը եւ բորբոքված սկսեց. «Դու տգետ ես, դու իրավունք չունես նյութ գրելու, դեռ խորագիրն էլ «Լրագրողական հետաքննություն» ես դրել»։ Իմ «ինչո՞ւ եք հայհոյում, միջազգային փողերով միջազգային թրեյնինգներին չեմ մասնակցել, թերուս եմ մնացել»,- հարց-արդարացումից հետո, Մեսրոպ Հարությունյանը պատասխանեց. «Լավ եմ անում», եւ հանձնարարությունը կատարած քաջարի զինվորի նման վազեց դեպի Բորիս Նավասարդյանը եւ սկսեց պատմել, թե ինչպես է ինքը պաշտպանել Երեւանի մամուլի ակումբի պատիվը։ Այս փաստը մեկ անգամ եւս ապացուցում է, որ միջազգային կազմակերպությունների ուսուցողական կուրսերը, ուղեւորությունները այս մարդկանց ոչ միայն արեւմտյան լրագրության, այլ նույնիսկ վարվեցողության նորմեր չեն սովորեցրել։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031