Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՏԱՐՈՒՄ «ՆՈՐ ՈՒՂՈՒ» ԴԵՄ ՆՈՐ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵ՞Ն

Դեկտեմբեր 24,1998 00:00
bleyan

«Բայղուշ չեմ, բայց Հայաստանի համար դժվար օրերն առջեւում են»,- ասաց «Նոր ուղի» կազմակերպության նախագահ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ Սա յուրօրինակ արձագանք էր մեր դիտողությանը, թե որոշ նախկին իշխանավորներ կարծես «բայղուշների» են վերածվել՝ խոսում են միայն վատ բաների մասին, կանխատեսում են առնվազն միջազգային մեկուսացում ու պատերազմ։ Սակայն զրույցի առիթն այլ էր։

– «Առավոտն» արդեն անդրադարձել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ընթացող ստուգումներին։ Դրանք ավարտվե՞լ են, թե՞ նոր ստուգումներ են նախաձեռնվել։

-Ոչ միայն չեն ավարտվել, այլեւ ամեն օր նոր թափ են առնում։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վերստուգիչ-վերահսկիչ գլխավոր վարչությունը՝ միակը, որ առայժմ չէր մասնակցում ստուգումներին՝ այժմ նույնպես ընդգրկված է։ Նաեւ ստուգողների թվաքանակն ավելացրին եւ ժամկետը երկարացրին։ Այնպես որ, Նոր տարին մենք կդիմավորենք նոր, հետաքրքիր եւ անընդհատ ստուգումներով։ Շահեն Պետրոսյանի թեւավոր խոսքը հիշեցի, որ ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում։ Երեւի իրոք պիտի անպայման պատժվի այն կրթահամալիրի տնօրենը, որ, ասենք, մի քանի հազար քառ. մետր տանիքներ է կառուցել, դասագրքեր տպագրել եւ այլն։

-Իսկ ի՞նչ են ստուգում։ Ձեզ գոնե բացատրո՞ւմ են, թե ինչ են փնտրում։

-Բարդ հարց է։ Ամենաշատը դա եմ ցանկանում ինձ համար ճշտել։ Բայց նախապես եմ հայտարարել, որ բացառվում է կրիմինալը՝ Բլեյան Աշոտ տնօրենի, Բլեյան Աշոտ նախարարի գործունեության մեջ։ Բայց, եթե կողքից նայենք՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների մեջ ես միակ տնօրենն եմ, որ մեծ հիմնարկ է ղեկավարում։ Մնացածը կամ պատգամավոր են՝ ինչ-որ կերպ պաշտպանված, կամ էլ հիմնարկի ղեկավար չեն։ Պետական ամբողջ մեխանիզմը պիտի չհանդուրժեր, որ մի մեծ հիմնարկի ղեկավար հստակ ընդդիմություն լիներ գործադիր իշխանությանը, քաղաքական այս մտայնությանը եւ իր ամբողջ ուժով պիտի ցուցադրեր այդ անհանդուրժողականությունը։ Ես սովոր էի, որ որպես նոր ուղու քաղաքական գծի կրող՝ ինձ հետ քաղաքական խոսակցություն վարեին։ Ընդդիմանում, հարվածում կամ քննադատում էին որպես քաղաքական գործչի։ Մինչեւ 1997-ը վիճակն այդպիսին էր. ինձ որպես քաղաքական գործչի, մանկավարժի ու նախարարի միշտ քննադատում էին գաղափարի եւ մոտեցման համար։ Սա ընդունելի է, կարելի է հասկանալ՝ ինչքան էլ տգեղ վարվեր խոսակցությունը։ Բայց 1997-ից, ու մանավանդ 1998-ի նախագահական ընտրություններից հետո սկսվեց «Նոր ուղու» դեմ պայքարի քրեականացման շրջանը, որ շատ արագ եւ թափով է ընթանում։ Եվ արդեն ունենալով մեկ տարվա ստուգումների փորձ…

-Ստուգումներն իրո՞ք արդեն մեկ տարի ընթանում են։

-Իհարկե, 1998-ից Երեւանի դատախազությունն անընդհատ դպրոցում է։ Էլի հայտնի չէ, քրեական ինչ գործ են հարուցել. ընդդեմ Բլեյանի՝ դա արդեն օրինական ձեւակերպում է, եւ ոչ ոք չի էլ վիճարկի դա։

-Երեւի, այնուամենայնիվ, խնդիրը դասագրքերի տպագրությա՞նն է վերաբերում։

-Գիտեք ինչ, դա ինձ հետ կապ չունի՛։ Կան «Լույս», «Նոր դպրոց», «Շաղիկ» հրատարակչությունները։ Ես հրատարակչության տնօրեն չեմ։ Պետական բյուջետային միջոցներ չեն օգտագործվել 1995-96 թվականներին դասագրքերի տպագրության համար, որ որպես պետական կառավարման մարմնի ղեկավար դրա համար պատասխան տայի։ Բայց երեք պնդում կանեի այսօր։ Նախ, փաստորեն, քաղաքական ահաբեկչություն է ծավալվել իմ եւ «Նոր ուղու» քաղաքական գծի դեմ։ Ուստի կարող ենք արձանագրել, որ ազգային հեղափոխականությունը տանուլ է տվել «Նոր ուղու» դեմ քաղաքական պայքարը։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ են քրեականացնում խոսակցությունը կամ չեն անջատում մեկը մյուսից։ Ընդ որում, իշխող ազգային հեղափոխականները մոբիլիզացրել են պետական ողջ ինստիտուտը՝ իր պատժիչ մարմիններով։

-Ազգային հեղափոխականները երեւի դաշնակցականնե՞րն են, թե՞ ընդգրկումն ավելի լայն է։

-Նա՛եւ դաշնակցականները։ Բայց ավելի լայն էլ. քաղաքի դատախազությունը հո եւս դաշնակցականներին չի՞ ենթարկվում։ Կամ էլ ՆԳ եւ ԱԱ 6-րդ վարչությունը՝ ոչ մի կերպ կապ չեմ գտնում. այդ ի՞նչ տնտեսական հանցագործություն է, որ մի տարի ստուգում են։ Երկրորդ պնդումս է, որ դատախազությունը, դատարանը, բոլոր նախարարությունները (քաղաքաշինության նախարարությունն է անգամ ընդգրկված այդ ստուգումներում) ենթարկվում են ՆԳ եւ ԱԱ նախարարությանը եւ, իմ դեպքում, բարեխիղճ կատարում են նրա 6-րդ վարչության բոլոր հանձնարարությունները։ Սա փաստ է, որ պիտի արձանագրեմ որպես քաղաքական գործիչ։ Եվ երրորդը, իշխանության ձեզ հայտնի ուժերից 1-2-ը՝ երրորդի չխառնվելու պայմաններում խնդիր են դրել Բլեյան Աշոտ քաղաքական գործչին կոտրելու աստիճան վախեցնել ու ահաբեկել՝ ինչ գնով էլ ուզում է լինի։ Բայց պիտի ասեմ. «Նոր ուղին» անհնար է, որ նահանջի։ Ես գործարքի մեջ չեմ մտնելու՝ չնայած այդպիսի բաներ առաջարկվում են։

-Ո՞վ է առաջարկել եւ ինչ։

-Հաջորդ հարցազրույցի ժամանակ արդեն անուններ կտամ։

-Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը մի առիթով նշեց, թե չարժե բողոքել ստուգումների դեմ, եթե խիղճդ մաքուր է։ Կստուգեն, եւս մեկ անգամ կապացուցեն ու կհաստատեն, որ ամեն ինչ կարգին է։ Ի՞նչ կպատասխանեք այսօրինակ պնդմանը։

-Եթե դրա համար ենք ստեղծվել… Եթե մեր բանուգործը ստուգվելն է… Վերջիվերջո երեւակայության նոր դրսեւորումներ չկան եւ սա արդեն ձանձրալի է դառնում։

-Այս ստուգումներին առնչություն ունի՞ կրթության եւ գիտության ներկայիս նախարարը։

-Բայց Լեւոն Մկրտչյանը չի էլ թաքցնում։ Համենայնդեպս, կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Գագիկ Պողոսյանը հրապարակավ ասել էր, որ կրթության եւ գիտության նախարարը գրավոր դիմել էր նախարարության համակարգում ստուգումներ սկսելու խնդրանքով։ Հիմա ինչ է գրել, ինչ չափով է փոխկապակցված այս ամենը՝ ես չգիտեմ եւ չեմ ցանկանում մեկնաբանել կամ ենթադրություններ անել։

-Ի դեպ, ինչպե՞ս է ֆինանսավորվում կրթահամալիրը։

-1996-ից սկսած՝ ավելի վատ, քան նախարարության մյուս հաստատությունները։ Նվազագույն ծախսերից բացի՝ բյուջետային ոչ մի գումար չի հատկացվում։ Այս փուլում, երբ յուրաքանչյուրիս ստեղծագործական ունակությունները պիտի առավելագույնս դրսեւորվեին՝ պարզվում է, թե բոլորս իրար օգնում ենք, որ որքան հնարավոր է քիչ կարողանանք ստեղծել։ Ոչ ոք ինձ չի հարցնի կամ պատասխան պահանջի, թե վերջին երկու տարում ինչ եմ արել, «Շաղիկ» եւ «Նոր դպրոց» հրատարակչություններն իրենց դասագրքաստեղծ գործունեությունն ինչու չեն շարունակել եւ այլն։ Երկու տարի է՝ զբաղված ենք միայն պաշտպանվելով։ Եթե նախկինում միջոցներ չէին հատկացվում, բայց գործելու եւ մեր գլուխը պահելու ազատություն ունեինք, ապա այսօր պատասխան են պահանջում, թե ինչպես ենք գլուխներս պահել, ինչպես է, որ ողջ է 10 հազար դրամ ստացող ուսուցիչը, ինչպես է, որ պետությունից չֆինանսավորվող հսկայական կրթահամալիրը ոչ միայն գործում, այլեւ զարգանում է։ Բայց եթե որեւէ մեկը լուրջ վերլուծի Բլեյան Աշոտի թեկուզ կրթական գործունեությունը՝ կտեսնեք, որ վերջին երկու տարվա ընթացքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ողջ ներուժը՝ որ տասնյակ ընդունակ մարդիկ են, այդպես էլ չեն կարողանում աշխատել։

-Ստուգումնե՞րն են խանգարում։

-Նաեւ ստուգումները։ Նաեւ հասարակական պատվեր չկա։ Նաեւ եթե մարդը մի գիրք է գրել եւ 3 տարի շարունակ նրանից հաշվետվություն են պահանջում դրա համար՝ նա էլ գիրք գրելու, ստեղծելու հավես չի ունենա։ Սա ամենակարեւոր խնդիրն է՝ այս համատարած պարապությունը, որ պարտադրում ենք մեկս մյուսին։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031