Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ. ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆՊԵՍ ՉԷ

Դեկտեմբեր 24,1998 00:00
andranik margaryan

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի ստորագրությամբ տարածվել է մի փաստաթուղթ, ուր տառացիորեն գրված է հետեւյալը. «Ազգային ժողովի գերծանրաբեռնվածության, արտահերթ նստաշրջանների օրակարգերում ընդգրկված, երկրի ապագայի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի քննարկմանը լիարժեք նախապատրաստվելու եւ մասնակցելու նպատակով, ինչպես նաեւ այդ կապակցությամբ առաջացած տեխնիկական պատճառներով Հայաստանի Հանրապետական կուսակցության հինգերորդ համագումարը (նախատեսված դեկտեմբեր 25-26-ին) կկայանա 1999 թ. հունվար ամսին»։

Այս առիթով պարզաբանումներ ստանալու համար զրույցի հրավիրեցինք Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանին։

– Պրն Մարգարյան, ՀՀԿ արտահերթ 5-րդ համագումարը հետաձգվեց։ Արդյո՞ք պաշտոնական հաղորդագրությունն ամբողջ ճշմարտությունն է արտահայտում։

– Այո, Ազգային ժողովի ծանրաբեռնված աշխատանքը եւ մեր կուսակիցների ակտիվ գործունեությունը խորհրդարանում, ուր վերջերս բազմաթիվ արտահերթ նստաշրջաններ են տեղի ունենում, թույլ չի տալիս համագումարին նախապատրաստվել հնարավորինս լիարժեք, ուստի մենք այն հետաձգեցինք։

– Երբ Հանրապետական կուսակցության արտահերթ համագումարը դեկտեմբերի 25-26-ին էիք նախատեսում, չէի՞ք կարող կանխատեսել, որ ԱԺ-ն նման ծանրաբեռնված օրակարգ է ունենալու։

– Ճիշտն ասած, չէինք կարող նախատեսել, որ աշխատանքն այսքան ծանրաբեռնված կլինի ու ամեն շաբաթ տեղի կունենա արտահերթ նստաշրջան։ Չի բացառվում, որ արտահերթ նստաշրջան անցկացվի նաեւ շաբաթվա վերջին օրերին։ Այդ պատճառով է, որ համագումարը տեղափոխվեց հունվար ամիս։

– Կարելի՞ է կարծել, որ Հանրապետական կուսակցության ղեկավարությունը քաղաքականորեն այնքան կարճատես է, որ չի կարողանում կանխատեսել ընդամենը մեկ ամսվա հնարավոր զարգացումները։

– Ես չէի ասի, թե դա կարճատեսություն է։ Պարզապես Ազգային ժողովի եւ կառավարության միջեւ համագործակցության մակարդակը մեզ թույլ չէր տալիս մեկ ամիս առաջ կանխատեսումներ անել Ազգային ժողովի աշխատանքի իրական ծանրաբեռնվածության մասին։

– Ձեր ուշադրությունն այլ փաստի վրա եմ հրավիրում։ Դեկտեմբերի 22-ին ակնկալիք կար, թե Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կհաստատի ընտրական օրենսգիրքը, սակայն, այդ նիստը հետաձգվեց մինչեւ հունվարի 25-ը, ինչպես եւ ՀԿԿ համագումարը։ Ինչո՞վ բացատրել այս զուգադիպությունը։

– Լուրջ խնդիրներին լուրջ մոտեցում է հարկավոր ցուցաբերել։ Մենք չենք ցանկանում, որպեսզի, ինչպես մամուլն է ասում՝ օրենքներն անցկացվեն ուժային մեթոդներով։ Մենք բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն ենք տալիս շարունակել աշխատանքն ընտրական օրենսգրքի վրա։ Առաջարկությունները դեռեւս ստացվում են, եւ մենք ջանալու ենք բոլորի կարծիքը հաշվի առնել՝ ցուցաբերելով բարի կամք, իմաստուն քաղաքական մոտեցում։ Ընտրական օրենսգիրքը ջանում ենք ընդունել այն տեսքով, որին համաձայն կլինի քաղաքական ուժերի հիմնական մասը։

– Չէ, պրն Մարգարյան, ընտրական օրենսգրքի մասին չէի հարցնում, այլ իրադարձությունները հետաձգելու տենդենցի։

– Կրկնում եմ՝ մենք հարցերին լուրջ ենք մոտենում ու չենք ցանկանում կիսատ-պռատ լուծումներ տալ։

– Հիմա մեկ այլ հանգամանք եմ ուզում արծարծել։ Վազգեն Սարգսյանը նոյեմբերին տեղի ունեցած ձեր խորհրդակցությունում չափից դուրս շատ բան ասաց, որոնց վրա հիմնվելով կարելի է եզրակացություններ անել քաղաքական ապագա զարգացումների գոնե մի մասի վերաբերյալ։ Արդյո՞ք համագումարի հետաձգումը հիմնական ասելիքն ավելի վաղ չբացահայտելու միտում ունի։

– Իմ կարծիքով, այն, ինչ ասվել է, արդեն ասված է, ու խորության առումով նոր ասելիք չկա։

– Ես մի փոքր այլ կերպ եմ մտածում՝ հիմքում ունենալով Կարեն Դեմիրճյանի՝ օրերս արած հայտարարությունը։ Նա ասաց, որ իր կուսակցության համագումարի անցկացման համար առաձգական ժամանակ է նշում՝ հունվար-փետրվար, որպեսզի մի կողմից գործընթացներից հետ չընկնեն, իսկ մյուս կողմից էլ՝ շատ շուտ որոշումներ չկայացնեն, որպեսզի խուսափեն ավելորդ շտապողականությունից։

– Մեր արտահերթ համագումարը նախընտրական բնույթ չէր ունենալու։ Հետեւաբար, այնտեղ չպետք է խոսվեր հնարավոր դաշինքների, ապագա գործընկերների մասին։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որպեսզի քաղաքական համաձայնության մթնոլորտում նորմալ ընտրություններ անցկացվեն։ Համագումարի հետաձգումը 10-15 օրով այդպիսի միտում չունի։ Մենք այլ կուսակցությունների հետ մրցակցության մեջ չենք մտել համագումար անցկացնելու ժամկետների առումով, որովհետեւ եթե մենք նման միտումներ ունենայինք, նրանք էլ կարող էին հետաձգել իրենց համագումարները։ Մեզ համար կարեւոր է, թե ինքներս ինչ ենք ասելու, եւ ոչ թե այլ համագումարներում ինչպիսի մոտեցումներ կունենան քաղաքական գործընթացների նկատմամբ։

– Եվս մեկ հարց. պրն Մարգարյան, ե՞րբ եք նախատեսում անցկացնել ՀՀԿ համագումարը՝ ընտրական օրենսգրքի ընդունումից առա՞ջ, թե՞ հետո։

– 1999 թվականի հունվար ամսին։

– Հունվար ամիսը շատ առաձգական է, ունի 31 օր։

– 31 օրվա ընթացքում մենք օրը կորոշենք։ Դեռեւս վճիռ ընդունված չէ։

– Այսինքն՝ ընտրական օրենսգրքի ընդունումից հետո՞։

– Պարզ չէ։

Զրույցը վարեց

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031