Հարցազրույց աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական ծառայության պետ Գագիկ Բլեյանի հետ
– Պարոն Բլեյան, զբաղվածության խնդիրը հանրապետության թիվ մեկ խնդիրներից է։ Առանց վիճակագրության էլ ակնհայտ է, որ զբաղվածության հարցերը չեն լուծված եւ չեն լուծվում։ Սակայն դուք զբաղվում եք հանրապետության զբաղվածության խնդիրներով, ի՞նչ վիճակում է այս հարցը ըստ ձեր ծառայության։
– 1998 թվականի ընթացքում հաշվառումից դուրս են եկել շուրջ 35 հազար աշխատանք փնտրող չզբաղված քաղաքացիներ։ 35 հազարից շուրջ 20 հազարը՝ աշխատանքի տեղավորվելու պատճառով, 10-12 հազարը չգրանցված զբաղվածության բնագավառում են, իսկ 2-3 հազարը՝ բնակության վայրը փոխելու, կենսաթոշակի անցնելու, հիվանդության պատճառով։ Այս տարվա սեպտեմբեր ամսվա դրությամբ աշխատանք փնտրող չզբաղված քաղաքացիների թվաքանակը կազմում է շուրջ 141 հազար մարդ։ Եթե դա համեմատենք 98 թվականի հունվարի մեկի հետ, կտեսնենք, որ պակասել է 35 հազարով։ Չզբաղված անձանց շուրջ 70 տոկոսը կանայք են։ Տարիքային ցենզը տարիների ընթացքում գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Իսկ կրթական ցենզը գնալով ավելի բարձրանում է, դրա պատճառն էլ այն է, որ հանրապետությունում շատ կան պետական եւ մասնավոր բուհեր, որոնք մեծ քանակությամբ մասնագետներ են պատրաստում, որի կարիքը, միանգամից ասեմ, այսօր հանրապետությունը չունի… Բայց պետք է արձանագրել մի փաստ, որ հանրապետությունում այն գործազուրկները, որոնք ունեն բավարար որակավորում, նրանք ամենաշատը մեկ ամսվա ընթացքում տեղավորվում են աշխատանքի։
– Ստվերային տնտեսություն ասվածը ինչպե՞ս է կապվում մեր ծառայության հետ, նրանց եւս դո՞ւք եք աշխատուժ մատակարարում։
Կարդացեք նաև
– Այո, այսօր հանրապետությունում 100-120 հազար մարդ զբաղվում է այն աշխատանքով, որը գրանցված չէ պետական ռեգիստրում։ Դրա համար էլ ժամանակն է, որպեսզի հատուկ օրենք ընդունվի, այդպես էլ կոչվում են այդ օրենքները՝ չգրանցված զբաղվածության կամ ոչ պաշտոնական գրանցվածության դեմ պայքարի մասին։
– Իսկ դուք սպասարկո՞ւմ եք ստվերայիններին։
– Այո, եւ հայտնաբերում ենք։ Կան մարդիկ, որոնք զբաղված են անհատական գործունեությամբ, միեւնույն ժամանակ նրանք համարվում են գործազուրկներ, որովհետեւ նրանց աշխատանքային գրքույկում չի գրանցվում աշխատանքից ազատման եւ ընդունման փաստը։ Շատ հաճախ մեր աշխատողները նրանց տեսնում են տարբեր վայրերում, առեւտրի տարբեր կետերում։ Եվ, պետք է ասել, որ նրանց եկամուտը ավելի բարձր է, քան երկրում ձեւավորված միջին աշխատավարձը։ Այդ օրենքի ընդունումով, կարծում եմ, այդ թիվը կնվազի։
– Պարոն Բլեյան, ձեր ծառայության աշխատողների թիվը եւ աշխատանքի ծավալները։ Արդյոք աշխատողներն ավելի շատ չե՞ն, քան պետք են հանրապետությանը։
– Զբաղվածության հանրապետական ծառայությունը ստեղծվել է 1997 թ. սեպտեմբերի 15-ին, մինչ այդ այդպիսի ծառայություն չկար, այդ գործունեությունը ծավալվում էր նախարարության շրջանակներում, այսինքն՝ համապատասխան վարչությունը, որը ես էի գլխավորում, իրականացնում էր երկու ֆունկցիա՝ ռազմավարական եւ մարտավարական։ Դրա համար էլ ստեղծվեց մարտավարական մակարդակը ապահովող մի կառույց, որտեղ աշխատում է ընդամենը 30 մարդ։ Եթե դա համեմատելու լինենք այլ երկրների հետ, այնտեղ մի քանի հազարներ են աշխատում այսպիսի կառույցում։ Բայց քանի որ ֆինանսական միջոցների սղություն կա, դրա համար էլ այստեղ աշխատում է 30 մարդ։ Բացի դրանից, մենք ունենք նաեւ 52 տարածքային կենտրոն։ 11-ը գտնվում է Երեւանում։ Զբաղվածության ծառայության վրա դրվեց եւս մեկ ֆունկցիա՝ աշխատանքի պետական կարգավորման գործառույթները, այսինքն՝ ամբողջ հանրապետությունում աշխատավորների շահերի պաշտպանությունը։
– Այսինքն՝ արհմիությունների գործը տրվել է ձե՞զ։
– Այո, նախկին ֆունկցիաները պետական մակարդակի են բարձրացվել, որովհետեւ ոչ մի երկրում աշխատանքային իրավահարաբերությունների պահպանումը չի իրականացվում ինչ-որ առանձին կառույցով։
– Քանի՞ աշխատողի շահեր եք պաշտպանել, եթե պաշտպանել եք։
– Այո, նմանատիպ շատ ուսումնասիրություններ, ստուգումներ ենք կատարել եւ, պետք է ասել, որ գործատուների մի մասը օրենքը չիմանալով են խախտում, մի մասն էլ՝ իմանալով։
– Իսկ ի՞նչ լծակներ ունեք աշխատողին պաշտպանելու եւ գործատուին պատժելու համար։
– Լծակներ ունենք, եթե եղել է աշխատանքային օրենսգրքի խախտում վարձատրման, աշխատանքի պաշտպանության, անվտանգության հարցերում, մեր աշխատողները գրավոր տեղեկացնում են այդ խախտումների մասին եւ ժամանակ է տրվում։ Եթե այդ ժամկետում գործատուն չուղղի իր սխալը, զբաղվածության ծառայությունը այդ հարցերը լուծում է դատական կարգով…
– Դատական կարգով քանի՞ հարց եք լուծել։
– Դատական կարգով չի եղել, որովհետեւ գործատուները գիտակցելով՝ տեղնուտեղը ուղղել են այդ սխալը։ Բոլոր երկրներում էլ ոչ մի գործատու չի ցանկանում հոժարակամ գալ դատարան՝ գիտենալով, որ դատը չի շահելու։
– Ինչպե՞ս են գոյանում զբաղվածության ծառայության միջոցները։
– Զբաղվածության ծառայության պահպանման ծախսերը իրականացվում են պետական բյուջեի հաշվին, իսկ զբաղվածության պետական ծրագրերը իրականացվում են կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամի այն միջոցներից, որը կառավարությունը ամեն տարի հաստատում է այդ նպատակի ծրագրով։ Եթե վերցնենք այլ երկրների փորձը, այնտեղ զբաղվածության ծրագրերը միլոնների-միլիարդների հասնող թվեր են, չենք կարող համեմատել…
– Կարծում եմ, անհամեմատելի են մեկ այլ պատճառով եւս. մեր հասարակությունը սովոր է աշխատանք գտնել կամ որեւէ հարց լուծել հայավարի՝ ծանոթությամբ, այդ դեպքում, կներեք, ձեր ծառայության գոյության անհրաժեշտությունը…
– Ասեմ, որ 92-ին երբ ստեղծվեցին զբաղվածության ծառայության տարածքային մարմինները, բնակչությունը շատ զգուշանում էր դիմել եւ անհարմար էր զգում, երբ իմանում էին, թե ինքը գործազրկության նպաստ է ստանում կամ դրամական օգնություն։ Բայց այս յոթ տարիների ընթացքում բնակչության մեծ մասը ծառայության տեղը գիտի եւ դիմում է։ Շուրջ 300 հազարից ավելի մարդ դիմել է այս ծառայությանը։ Աշխատաշուկայի այս պայմաններում մեր ծառայությունը կրում է միջնորդային բնույթ, բացի հաշմանդամներին աշխատանքի տեղավորման խնդրից, որովհետեւ այստեղ սահմանված են կայուն քվոտաներ։
– Աշխատաշուկայի պատկերն ինչպիսի՞ն է, աշխատատեղերն ավելանո՞ւմ են։
– Աշխուժացում կա, հատկապես Երեւանում հիմա ունենք ազատ աշխատատեղերի հայտեր, խնդրեմ, ցանկացած մասնագիտության տեղ կա։ Բայց գործարարները պահանջում են որակյալ մասնագետներ, իսկ մեր գործազուրկների մեծ մասը աշխատաշուկայում այսօր մրցունակ չեն։ Դրա համար խիստ կարեւորվում է այդ մասնագետների վերաորակավորումը, որը այսօր բավականին լավ որակ է տալիս, ուսուցման ծրագրերը պետք է հանրապետությունում շարունակվեն։
– Լինո՞ւմ են դեպքեր, երբ ձեր ծառայության առաջարկած աշխատանքից (որոշ ժամանակ աշխատելուց հետո), հրաժարվում են, ասենք՝ աշխատավարձի ցածր լինելու կամ աշխատանքային պայմանների ոչ բավարար լինելու պատճառով։
– Չէ, չի լինում, մինչեւ հիմա շուրջ 60 փոքր բիզնեսի ծրագիր է ֆինանսավորվել։ Դրանք տրվում են անհատույց, դա չի վերադարձվում, դա բանկ չի։ Շատերը կարծում են, որ պիտի տոկոսով վերադարձվի։ Ոչ։
– Վերահսկողությունը ինչպե՞ս է իրականացվում։
– Վերահսկողությունը պայմանագրով է, խիստ պայմաններ են դրված, նա պետք է ինքնուրույն, իր միջոցներով լուծի շատ կարեւոր հարցեր։ Գումարը կարող է լինել նվազագույնը՝ 240 հազար դրամ, առավելագույնը՝ 540 հազար դրամ։ Որքան շատ աշխատատեղ է ստեղծվում, գումարի չափը մեծանում է։ Եվ, ամենակարեւորը, փոքր բիզնես սկսողը պետք է զբաղվածության ծառայությունից գործազուրկներ վերցնի եւ ապահովի աշխատանքով։
– Նոր տարում ի՞նչ անակնկալներ են սպասվում հանրապետության գործազուրկներին։
– 1999 թվականին մասնագիտական ուսուցումը էլ ավելի մեծ չափեր է ընդունելու եւ ավելի շատ գնալու ենք մասնագիտական խորացում։ Օրինակ, ոսկերչական գործարանում 60 գործազուրկներ սովորում են ոսկերչի մասնագիտությունը, մի ձեռնարկության մասնաճյուղը գտնվում է Սպիտակ քաղաքում, այնտեղ 50 հաշմանդամներ սովորում են ոսկեգործություն եւ այլն։
Զրուցեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
Հ. Գ. Որքան հեշտ են լուծվում գործազրկության խնդիրները հարցազրույցներում եւ պաշտոնական տեղեկատվության մեջ, եւ որքա՜ն դժվար՝ իրականում։