Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՎՐԱՍՏԱՆ

Դեկտեմբեր 23,1998 00:00
inqnatir

Հայաստանում ընթացող տնտեսական պրոցեսները որպես առաջընթաց ներկայացնելիս պետական այրերը հաճախ են օգտագործում համեմատության մեթոդը։ Հատկապես սիրում են մեզ համեմատել ԱՊՀ երկրների հետ։ Բայց, փոխարենը տանել չեն կարողանում, երբ ուրիշն է կատարում նույն այդ համեմատությունը։

Սեփականաշնորհումը զուտ հայկական երեւույթ չէ։ Պետական ունեցվածքի ապապետականացման պրոցես ընթանում է նախկին միութենական բոլոր հանրապետություններում։ Վրաստանում այդ աշխատանքները կոորդինացվում են պետական ունեցվածքի կառավարման նախարարությունում։ Պաշտոնական տվյալներով, մեր հարեւան երկրում մասնավորեցվել են մոտ 12 հազար օբյեկտներ, մոտ 1150 փոքր եւ միջին ձեռնարկություններ կոոպերացված են։ Երկրի համախառն ներքին արդյունքի 80 տոկոսը մասնավոր սեկտորն է ապահովում։ Վրաստանում եւս միջազգային աճուրդներ են կազմակերպվում։ Ապապետականացված ունեցվածքի 20 տոկոսը գնվել է օտարերկրացիների կողմից։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ օտարերկրյա ներդրումներ են կատարվել 50-ից ավելի ձեռնարկություններում։

Թբիլիսիի հանրահայտ գինիների գործարանները հիմնականում ամերիկյան ընկերություններին են հետաքրքրում։ Ֆրանսիացիները, որ այդքան սիրեցին հայկական ջուրն ու Աբովյանի գարեջուրը, գնել են Թբիլիսիի գարեջրի գործարանը։ Անգլիական գործարարներին հիմնականում հետաքրքրել է Մառնեուլի լեռնաարդյունաբերական կոմբինատը եւ «Ռուստավցեմենտ» բաժնետիրական ընկերությունը։ 1997 թ. կայացած մրցույթներով Վրաստանի տնտեսության ներդրումների ծավալը կազմել է 100 մլն դոլար։ Այս տարի ակնկալվող ներդրումների ծավալը, փաստորեն, կրկնակի մեծ է՝ մոտ 190 մլն դոլար։ Այդ գումարից 100 մլն մուծվելու է սեփականաշնորհվող ձեռնարկությունների բյուջետային պարտքերի դիմաց։

Վրաստանում, ինչպես հայտնի է, առայժմ չեն խուսափել հովհարային անջատումներից։ Մինչեւ այժմ էլ բնակչությանը էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը լուծված չէ։ Այս խնդիրը հարեւան հանրապետությունում մտադիր են լուծել սեփականաշնորհման միջոցով։ Վրացական պաշտոնական աղբյուրների համաձայն, էներգիայի արտադրության եւ բաշխման համակարգերը արտասահմանյան մասնագետների գնահատմամբ՝ մոտ 400 մլն դոլարի շտապ ներդրումների կարիք ունեն։ Հենց այս պատճառով էլ դրանք հանվում են միջազգային մրցույթների։ Վրացական էներգահամակարգի սեփականաշնորհման հարցերի խորհրդականը հանրահայտ Մերի Լինչն է։ Այս կազմակերպությունը Հայաստանում հայտնի է որպես Երեւանի կոնյակի սեփականաշնորհման կիսակայացած գործարքի միջնորդ-կազմակերպիչ։ Վրացական սեփականաշնորհման կամ սեփականաշնորհվող Վրաստանի մասին տեղեկություններ կարելի է ստանալ Ինտերնետում՝ WWW. Georgia. net. ge/MOSPM հասցեով։ Ինտերնետում տեղադրված տեղեկատվությունը պաշտոնական բնույթ ունի։ Տեղեկատվությունը «ստորագրված» է պետական կառավարման փոխնախարարի կողմից։

По аэродрому, по аэродрому…
Տարիներ առաջ, երբ խորհրդային տարածքում շլյագեր էր Կիկաբիձեի «По аэродрому» երգը, ոչ ոքի մտքով չէր անցնի, որ 1998 թվականին սեփականաշնորհման կհանվի «Վրացական ավիաուղիները»։ Առավել եւս, որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ հենց նույն պահին Հայաստանում «Հայկական ավիաուղիները» սեփականաշնորհելու որոշում կկայացնեն։ Եվ այսպես, մեր երկու երկրները համարյա միաժամանակ փորձում են ապապետականացնել իրենց օդային տրանսպորտը։ Բայց հենց այսքանով էլ ավարտվում են այդ երկու սեփականաշնորհումների նմանությունները։ «Հայկական ավիաուղիների» մասնավորեցումը կատարվում է «մենեջմենթի տնօրինում՝ 15 տարով» խորհրդավոր բառակապակցության քողի անհայտության ներքո։
«Վրացական ավիաուղիների» սեփականաշնորհման պայմաններն այլ են։ Վրաստանի կառավարության որոշմամբ, մասնավորեցման է հանվել պետական փակ բաժնետիրական ընկերության արժեթղթերի 49 տոկոսը։ Մնացած 51-ը ենթակա չէ աճուրդի։ Վրաստանի նախագահի թիվ 50 որոշմամբ՝ «Վրացական ավիաուղիները» մնում է պետական սեփականություն։ Նշվում է, որ այս ՓԲԸ-ն ունի հինգ ТУ-154, հինգ ТУ-134 եւ տասնմեկ ЯК-40 ինքնաթիռներ։ Նշվում է, որ աշխատակազմը 430 մարդ է։ Նրանցից 99-ը օդաչուներ են, 185-ը՝ ինժեներներ եւ տեխնիկներ։ «Վրացական ավիաուղիներն» էլ «Հայկականի» նման բյուջետային պարտքեր ունի, սակայն «մերոնցից» 2 անգամ պակաս՝ մոտ 3 մլն դոլար։

Վերջին շրջանում Հայաստանում ընթացող (եւ ընթացած) սեփականաշնորհումը քննադատվում է անգամ պետության առաջին ղեկավարների կողմից։ Նրանք միայն վերջերս են պարզել, որ Հայաստանում սեփականատերը որեւէ արտադրական կամ այլ ձեռնարկություն որպես ունեցվածք ձեռք բերելով՝ ոչ մի պարտավորություն չունի իր սեփականության նկատմամբ։ Կարծում եմ, որ հայկական օրինակն իր համանմանը չունի։ «Վրացական ավիաուղիները» ձեռք բերել հավակնողը որպես պարտադիր պայման ներդրումների ծրագիր պետք է ներկայացնի։ «Այդ մենք էլ ենք պահանջում»,- կասեն մեր սեփականաշնորհման հայրերը։ Վրացական մրցույթի հիմնական պայմաններից մեկը օդաչուական անձնակազմի վերապատրաստման եւ մասնագիտական զարգացման հնարավորությունների ստեղծումն է։

Ա՛յ, այս կետը մեր պաշտոնատարները դժվար թե մեկնաբանեն։ Չեն մեկնաբանի, որովհետեւ մրցույթի մյուս պահանջները նրանց համար պարզապես անընդունելի են (ավելի անկեղծ լինելու դեպքում կարելի էր գրել, որ անհասկանալի են)։ Նման պահանջ կարող է լինել հետեւյալը. «Ավիաընկերությունում գոյություն ունեցող աշխատատեղերի ոչ պակաս, քան 60 տոկոսի պահպանում՝ համաձայնության մեջ մտնելու օրվանից երեք տարվա ընթացքում»։ Աշխատանքից հեռացվածների սոցիալական ապահովության խնդիրը հավակնորդ-սեփականատերը պարտավոր է լուծել Վրաստանի օրենսդրության համաձայն։

Սեփականաշնորհման ընթացքում առաջադրվող այս «սոցիալական» միջոցառումների համակարգը հայկական սեփականաշնորհման համար անծանոթ երեւույթ է։ Պետք է հաշվի առնել նաեւ, որ սոցիալական այս պայմանները տվյալ դեպքում Վրաստանի ղեկավարության կողմից առաջադրվում են ոչ միայն ապագա սեփականատիրոջ, այլեւ սեփական կառավարության առջեւ։ Ի վերջո, ավիաընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը մնում է նրա ձեռքում։

Մեր տնտեսական ղեկավարները չեն սիրում, երբ Հայաստանում ընթացող պրոցեսները որեւէ մեկն ուզում է ընկալել համեմատության մեջ։ Սակայն ընդունենք, եթե հրաժարվենք համեմատության մեթոդից, մեր սեփականաշնորհումը պիտի ընկալենք որպես աննպատակ ապապետականացման շարան։ Մյուս կողմից էլ այդ տպավորությունը խորանում է համեմատությունից հետո։ Գուցե հենց այդ պատճառով էլ մեր տնտեսական ղեկավարությունը չի սիրում, երբ ուրիշն է կատարում համեմատությունը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031