Լրահոս
Օրվա լրահոսը

Սարսափի վարձը

Դեկտեմբեր 23,1998 00:00
lrutyun

Աշխարհն ինչու՞ է տենդագին վախի մեջ ընկնում հենց միայն այն մտքից, որ իր ինչ-որ մասում կարող են նոր պետություններ գոյանալ:

Այդ վախը, կարծում են որոշ հետազոտողներ, ըստ երեւույթին իր գենետիկ արմատներն ունի, իր զուտ ենթագիտակցական մակարդակը: Եվ այն սկիզբ է առնում պատմության մառախլապատ անցյալում, երբ իրատեսությունից հեռու որոշ մարդկանց մտքով անցավ այն ժամանակվա աշխարհի կենտրոնում աշտարակ կառուցել: Ժողովուրդները, որ ձեռնամուխ եղան ընդհանուր առմամբ անօգտակար այդ գործին, եւ լեզուները, որոնցով նրանք խոսում էին՝ ջանալով հասկանալ միմյանց, շատ-շատ էին եւ դա որոշակի դժվարություններ էր առաջացնում: Մտադրությունը, բացի դրանից, խիստ հանդուգն էր, եւ որքան շատ էին բարձրանում աշտարակի պատերը, այնքան աստվածային զայրույթի լիցքն ավելանում էր: Ու մի օր, նույնիսկ հրեշտակային համբերություն ունեցող այդ մարդը չդիմացավ:

Իսկ թե ինչով ավարտվեց մարդկային անհիմն ըմբոստությունը, հազարամյակներ շարունակ հետագա սերունդներին ցուցադրող այս տխուր, սակայն ուսանելի պատմությունը, քաջ հայտնի է: Խոսակցություններ կան, որ չափից ավելի մոտենալով աստվածային գահին, աշտարակն ինքն իրեն փլվեց, բայց 20-րդ դարում նման միամտությունների մենք չենք հավատում: Ասենք, հազարամյակներ առաջ էլ կասկածանքներ կային, որ Աստծո մատը այս քանդարարությանը, այնուամենայնիվ, խառն է. այդ ժամանակներից ի վեր էլ որոշակի հիմքեր ունեցող վախը չի լքում մարդկանց սրտերը: Այդ մասին, սակայն, երեւի բոլորովին մոռացել էին 1896 թվականին Լոնդոնում անցկացվող Ինտերնացիոնալի երկրորդ կոնգրեսի մասնակիցները, քանզի հենց այնտեղ ընդունվեց «Յուրաքանչյուր ազգին՝ իր պետությունը» կարգախոսը: Այդ ժամանակ, ճշտենք, աշխարհում ընդամենը 57 պետություն կար, իսկ հիմա նրանց թիվը երկու հարյուրյակ է: Նշանակու՞մ է սա, արդյոք, որ սոցիալ-դեմոկրատները կարող են հպարտանալ իրենց մարգարեական ձիրքով: Կարծում եմ՝ ոչ: Որքան էլ ակնհայտ լինի առաջխաղացումը այս բնագավառում, էսդեկների կարգախոսը, պիտի ընդունենք, դեռ հեռու է վերջնական իրագործումից: Մի վարկածով երկրագնդի վրա 1200 ժողովուրդ է ապրում, մյուսով՝ 3000: Եվ մեծամասնությունը, պետք է կարծել, ցանկանում է իր սեփական անկախ պետությունն ունենալ անկախ այն բանից, թե ինչ-որ սոցիալ դեմոկրատներ հարյուր տարի առաջ այդ առիթով ինչ որոշում են ընդունել:

Այո, այդ նույն հարյուր տարվա ընթացքում, ընդունենք, պետությունների թիվը ավելացել է չորս անգամ, բայց ո՞վ կարող է պնդել, թե մարդկությունը դրանից ավելի երջանիկ է դարձել: Բավական է հետեւել հեռուստատեսության ամենօրյա նորություններին, հասկանալու համար, որ երկրային դժբախտությունները լիուլի կբավարարեին ոչ միայն մի քանի մոլորակի, այլեւ՝ ամբողջ գալակտիկային, որի սահմանների մասին, ի դեպ, չափազանց աղոտ պատկերացումներ ունենք:

Բոլոր նման մտածումների հետ միաժամանակ ակնհայտ է նաեւ, որ մի շարք նորանկախ պետություններ, առանձնապես աֆրիկյանները, այդպես էլ չկարողացան իրենց զարգացման համար տնտեսական հիմքեր ստեղծել: Եվ շատ հաճախ իրենց ներքին պրոբլեմները խեղդում են հարեւանների դեմ մղվող պատերազմի արյան մեջ: Իսկ եթե նույնիսկ այդպիսի հնարավորություն չկա, հարեւանները, այլ կերպ ասած, ոչ մի ակնհայտ առիթ չեն տալիս, իրենց բարեհաջողությունը առանց առանձնակի գաղտնապահության կառուցում են թմրաբիզնեսի ընձեռած հնարավորությունների շահագործման վրա: Այս գործով, իհարկե, միայն նորանկախները չեն զբաղվում, բայց աշխարհը, միեւնույն է, չի դադարում խոսել այն մասին, որ այդ թվում նաեւ նոր գոյացած ու հիմնականում սոված պետությունների ջանքերով են թմրադեղերը այդքան խորը խրել իրենց մագիլները աշխարհի տանջահար մարմնի մեջ:

Ես բարեխղճորեն շարադրեցի ընդամենը մի քանիսը այն կռվաններից, որոնք իրենց պատճառաբանություններում շեշտում են պետությունների թվի ավելացման հակառակորդները: Մինչդեռ դրանք շատ-շատ են:

«Ժողովրդավարական գաղափարախոսությունը,- «Նեզավիսիմայա գազետա» թերթում գրում է Ա. Ռուսակովան,- անհատի անքակտելի իրավունք է համարում կյանքի եւ ազատության իրավունքը: Այդ իրավունքները ոչ մի կերպ չեն կարող համատեղվել ստրկավաճառության հետ, որը մեծ տարածում է գտել Հյուսիսային Կովկասում: Ստրկացնելու նպատակով մարդկանց առեւանգող ժողովուրդների ազատությունը մի իսկական ողբերգություն կդառնա նրանց հարեւան ժողովուրդների համար եւ վաղ թե ուշ կհանգեցնի պատերազմի»:

Ղարաբաղին անհնար է նման բնույթի մեղադրանքներ ներկայացնել: Եվ ոչ մեկը չի կարող պնդել, թե, ի վերջո, հասնելով միջազգային հանրության ճանաչմանը (իրական անկախությունը, փառք Աստծո, արդեն վաղուց գոյություն ունի) Ղարաբաղը չի կարող իր ժողովրդի համար առողջ տնտեսական համակարգ ապահովել, երաշխավորել ինչպես սեփական անվտանգությունը, այնպես էլ մշակույթի ու կրթության զարգացումը: Անցած տարիները լիովին ապացուցել են, որ ղարաբաղցիներն ի վիճակի են կարգավորել սեփական կյանքը:

Էլ ի՞նչ է մնում: Կարծես թե՝ ոչինչ: Բացի, իհարկե, հակասությունից սոցիալ-դեմոկրատների համարյա մոռացված այն կարգախոսի հետ, որ ամեն ժողովրդի ոչ թե մի քանի պետություն է «հասնում» , այլ՝ ընդամենը մեկը: Ադրբեջանցիները ամենեւին էլ պատահականորեն չեն գոռում, որ թույլ չեն տա տարածաշրջանում երկրորդ հայկական պետությունը ստեղծել։

ՆԱՐԵԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031