Նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը չցանկացավ արձագանքել ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղած հարցադրումներին Հայաստանի եւ Արցախի երեք տարաձայնությունների առնչությամբ։ Դրանք վերաբերում էին տարածքային զիջումների հնարավոր սահմանին, Հայաստանի եւ Ղարաբաղի «մարմնով միանալուն» եւ ԼՂՀ-ի «առաջնակի» զարգացմանը։ Հիշեցնենք, որ պրն Բաբայանն այս առնչությամբ ասել էր. «Ռոբերտ Քոչարյանը պատասխան կտա՝ կտա, չի՞ տա՝ իր պրոբլեմն է։ Ես էլի իմ գիծը հստակ կտանեմ»։
Դեկտեմբերի 21-ին Սամվել Բաբայանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ։ Նախապես նշել էր, թե պիտի փորձի պարզաբանումներ ստանալ ԱԺՄ համագումարում նրա այն հայտարարության վերաբերյալ, թե «ամբողջ Հայաստանի եւ Ղարաբաղի (միասնական մի երկիր է) տնտեսությունը չորս մարդու ձեռքում է. Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան եւ Սամվել Բաբայան»։ «Նա իմ մասին այդպես խոսելու իրավունք չունի,- վրդովվել էր ԼՂՀ պաշտպանության նախարարը։ – Ադրբեջանում լուրը լավ են ընդունել. պետք է ճշտեմ՝ ո՞ւմ կողմից է նա աշխատում»։ Թերեւս մեկ էլ 1996-ի նախագահական ընտրություններից հետո էին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Վազգեն Մանուկյանին Ադրբեջանի հետ կապում՝ ենթադրություններ հրապարակելով, թե նրա ընտրարշավը գուցե հենց այդ երկիրն է ֆինանսավորել։
Ինչեւէ։ ԱԺՄ նախագահից հետաքրքրվեցինք, թե արդյոք զրույցի ընթացքում պարզաբանվե՞լ են այս բոլոր հարցերը. «Ես չեմ լսել, թե ինչեր է ասել Սամվել Բաբայանը եւ չեմ կարող այդ մասին խոսել,- պատասխանեց Վազգեն Մանուկյանը։- Նա եկավ մեր կուսակցություն, երկար զրուցեցինք։ Բայց իմ հայտարարության մասին մի երկու րոպե ենք խոսել։ Զրուցել ենք ընդհանրապես Ղարաբաղի հարցի, Հայաստանի տնտեսության մասին։ Եվ ինքն ինձ հրավիրել է, որ գնամ Ղարաբաղ ու տեսնեմ, թե ինչ է կատարվում, ինչ փոփոխություններ կան։ Հունվարին կգնամ ու կտեսնեմ, թե ինչպիսին է ժողովրդի վիճակը, վստահության հարցն ինչպես է եւ այլն»։
Կարդացեք նաև
Այս հանդիպումից հետո արդյոք վերանայե՞լ է, թե՞ ուժի մեջ է մնում ԱԺՄ համագումարում արված իր վերոհիշյալ հայտարարությունը։ «Ասել եմ այն, ինչ ասել եմ,- ի պատասխան նշեց Վազգեն Մանուկյանը։- Ես դարձյալ գտնում եմ, որ ազատ տնտեսություն Հայաստանում չկա եւ այն իշխանավորների վերահսկողության տակ է գտնվում։ Իսկ իշխանավորների անուններն էլ հայտնի են։ Ինչ վերաբերում է զուտ Ղարաբաղին՝ Սամվել Բաբայանն ինձ վստահեցնում էր, որ այնտեղ շատ ավելի ազատ պայմաններ են։ Բայց կգնամ Ղարաբաղ ու իմ աչքերով ամեն ինչ կտեսնեմ»։
Ա. Ի.