Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում փոքր է անգամ ամենամեծ կուսակցությունը

Դեկտեմբեր 23,1998 00:00
kusakcutyun

Այս եզրակացությանն ես հանգում դրանց թվաքանակի վերաբերյալ հրապարակի վրա եղած տվյալները համադրելիս։

Չի կարելի ակնկալել, որ քաղաքական որեւէ գործիչ լիովին անկեղծ կպատասխանի, թե քանիսն են անդամագրված իրենց կուսակցությանը։ Թերեւս այս իմաստով առավել շրջահայաց են փոքրիկ կուսակցությունների ներկայացուցիչները։ Ասենք, ՔԴՄ նախկին նախագահ Ազատ Արշակյանն իրենց թվաքանակի մասին հարցին ի պատասխան միշտ ասում էր. «600-ը չենք անցնում»։ ՀՌԱԿ-ի հերթական տրոհումներից մեկի ժամանակ, երբ կուսակցության անդամների քարտերն էին հափշտակել՝ Ռուբեն Միրզախանյանը խոստովանեց, թե իրենց կողմնակիցները շուրջ 800-ն են։ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը նախապես խոստովանում էր, թե 50 անդամ ունեն, հետո սկսեց 100-200-ի մասին խոսել։ Սակայն այս բավականաչափ համեստ թիվն արգելակ չէր դառնում, որ, ասենք, նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգծի անհրաժեշտությունը հիմնավորելիս պրն Խաչատրյանը խոսեր հասարակական պատվերի մասին։

Սակայն վերոթվարկյալ կուսակցությունները գոնե շատ չեն փորձում երեւալ ավելին, քան կան։ Քչերն են իրենց «ժողովրդի կուսակցություն» անվանում, ինչպես դա անում է ՀՅԴ-ն։ Առիթ ունեցել ենք նշելու, որ ՀՅԴ Ընդհանուր 26-րդ ժողովի արձանագրությունների համաձայն, որ ժամանակին հրապարակել էր «Հայքը»՝ մինչեւ 1994-ին կասեցումը «Ոստանը» (այն է՝ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը) 4500 անդամ ուներ։ Բնականաբար, ՀՅԴ-ին օրենքից դուրս հայտարարելու տարիներին այդ թվաքանակը պիտի պակասեր։ Բնականաբար, 1998-ի փետրվարից հետո, երբ առժամանակ ՀՅԴ-ն իշխող կուսակցություն էր կարծվում՝ շարքերը պիտի համալրվեին։ Թերեւս, ի հաշիվ այն մարդկանց, որոնք փոխանցիկ դրոշի պես մի կուսակցությունից մյուսն են անցնում՝ նայած, թե իշխանական կշեռքի նժարն ում կողմն է ծանրանում։ Սակայն մինչ այսօր դաշնակցական գործիչներն իրենց թվաքանակի վերաբերյալ հարցումներին ի պատասխան նախընտրում են անորոշ ձեւակերպումները, թե մի քանի հազար անդամ ունեն։ Ի դեպ, երկրապահներով համալրված Հանրապետական կուսակցության վերաբերյալ նշվեց 6500 թիվը։ 6 հազարանոց «Երկրապահ» կամավորականների միության ընդամենը հազար ներկայացուցիչ կամեցավ կուսակցական դառնալ։

Նախորդ իշխող կուսակցության՝ ՀՀՇ-ի թվաքանակը 8-10 հազար է ներկայացվում։ Համենայնդեպս, տարածքային կազմակերպությունների ղեկավարները ՀՀՇ 9-րդ համագումարից առաջ ավելի շատ պատվիրակներ ունենալու համար այնքան մեծ էին ներկայացրել իրենց թվաքանակը, որ ստացվել էր ակնհայտորեն ուռճացված այդ թիվը։ Եթե ՀՀՇ-ն ցանկանում է իր իրական ուժերի մասին ճշգրիտ պատկերացում կազմել՝ չէր խանգարի նոր համագումարից առաջ վերագրանցում անցկացնել։ Թերեւս այն անհրաժեշտ է նաեւ Հայկոմկուսին, որ ներկայանում է որպես 53 հազարանոց կազմակերպություն։

Ա՛յ, ԱԻՄ-ը մի տարի առաջ փորձեց պարզել, թե արդյոք իր շարքերում իրո՞ք 10 հազար մարդ կա, եւ վերագրանցումից հետո պարզվեց, որ միայն 2-3 հազարն է վերահաստատել իր ԱԻՄ-ական լինելը։

Այս թիվը նույնանում է ԱԺՄ անդամների թվաքանակին։ Այն դեռ այս տարվա հոկտեմբերին երկուսուկես հազար էր ներկայացվել «Հայքի» թղթակցին, իսկ արդեն դեկտեմբերին «Երեկոյան Երեւանին» տված հարցազրույցում Արշակ Սադոյանը նշել է. «ԱԺՄ կազմակերպված մասնակից անդամներ մոտ երեք հազար մենք արդեն ունենք»։

Առանձին է ՍԴՀԿ-ի խնդիրը, որի թվաքանակը մի քանի հազար էր նշվում, բայց Եղիա Նաճարյանը խոստովանել էր, թե հազիվ մի քանի հարյուրին կարողանա հավաքել։ ՆԳՆ-ն արհեստական միջոցներով համալրեց «Շամիրամի» շարքերը, ուստի վստահ ենք, որ այս կազմակերպությունը 7 հազար անդամ ունի միայն թղթի վրա։

Վերոհիշյալ փաստերից կարելի է եզրակացնել, որ նույնիսկ ամենազորեղ կուսակցությունների իրական ներուժը միջինը 2-3 հազար մարդ է կազմում։ Առավելագույն թվաքանակը (կոմկուսին չհաշված) 10 հազարն է։ Մեկնաբանությունները թերեւս ավելորդ են, թե այս պարագայում որքանով են տեղին եւ արդարացված ողջ հայ ժողովրդի անունից հայտարարությունները, որ անում են բոլոր կուսակցություններն անխտիր։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031