Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԱԼԻՆԸ ՂԱԼԱԹ ԿԱՆԵՐ

Դեկտեմբեր 23,1998 00:00
Vladimir Nazaryan

Թեպետ հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների գործընթացը վերջին փուլն է թեւակոխել, սակայն, կարծես, այն իր որակով ոչ բոլորին է գոհացնում։

Խնդրո առարկայի վերաբերյալ արդեն իսկ իր սկզբունքային անհամաձայնությունն է արտահայտել փաստաբանների միությունը, իսկ այսօր նույն դիրքերից է հանդես գալիս նաեւ իրավագիտության դոկտոր, Ազգային ժողովի իրավաբանական ծառայության պետ Վլադիմիր Նազարյանը։ Դատաիրավական բարեփոխումները նա բաժանում է 2 մասի՝ անհրաժեշտ օրենսդրական դաշտի ստեղծում՝ մեկ, ինչը Վլադիմիր Նազարյանի խոսքերով, այս կամ այն չափով լուծված խնդիր է եւ երկրորդ՝ նոր օրենսդրության ուսուցման կազմակերպում եւ կադրերի որակավորում. «Մենք փայլուն կերպով ձախողեցինք ուսուցման գործը։ Ստեղծվել է տարօրինակ իրավիճակ»։

Դա, նախեւառաջ արտահայտվեց հանրապետության նախագահի հրամանագրով որակավորման հանձնաժողովի ստեղծմամբ։ Բայց, հետագայում, ինչպես պրն Նազարյանն է ենթադրում, հանրապետության նախագահը, հավանաբար, ընթերցեց սահմանադրությունը եւ տեսնելով, որ նման լիազորություն չունի, իր հրամանագիրը չեղյալ հայտարարեց։

Ձախողվեց նաեւ հարցն օրենքով կարգավորելու մոտեցումը։ ԱԺ-ն այդ գործելակերպը մերժեց այն հիմքով, թե չի կարելի քննություն ընդունել մարդկանցից, որոնք իրավագիտական այդ հսկա նյութը չեն հասցրել յուրացնել։ Ասենք միայն՝ քաղաքացիական օրենսգիրքը ներառում է 1293 հոդված։ Ուստի՝ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, ինչպես պրն Նազարյանն է վկայում, քննությունը հետաձգել 1-2 տարով։ «Հետո փորձ արվեց օրենքի նախագիծ բերել, որտեղ կային գաղտնի խնդիրներ, որոնք կազմելու էին ամբողջ նյութի 0,1%-ը։ Հասկանալի էր, թե դրանք ինչ կոմերցիոն գին կունենային»։

Դրա այլընտրանքը թեստային համակարգն էր, որը զուտ մարդկանց մեխանիկական հիշողությունը ստուգելու հնարավորություն էր տալու։ Պրն Նազարյանի գնահատմամբ, բնականորեն, ոչ ոք անբավարարից բացի որեւէ այլ թվանշան չէր կարող վաստակել, այդ թվում եւ ստուգողները՝ ներառյալ արդարադատության նախարարն ու Վճռաբեկ դատարանի նախագահը, որոնք երկուսն էլ միայն հեռակա իրավաբանական կրթություն ունեն. «Ասենք, սենց հարցեր են տալիս. արդարադատության նախարարի մշակած խնդիրը տառացիորեն եմ արտաբերում՝ Աստծո ազնվությունը +10 միավոր է։ Անազնիվ մարդու ազնվությունը -10 միավոր։ Քո ազնվությունն ի՞նչքան է։ Սենց երեւույթների հոգեբուժության դասագրքում կարելի է հանդիպել։ Ով է այդ առաքելությունը տրամադրել արդարադատության նախարարին, հեռակա ավարտած այդ տղային. ստուգել մարդկանց իրավաբանական գիտելիքները։ Որտեղի՞ց այդ կանխավարկածը, որ ինքը գիտելիք ունի»։

Կա համաշխարհային փորձը, բազմաթիվ երկրների արդարադատության նախարարներ ունեն նաեւ դատավորի որակավորում, ինչը, մեր դեպքում բացակայում է. «Դատավորներից չեն հանգստացել, հիմա էլ փաստաբաններին են ստուգում։ Ստուգացավ է կպել, չեմ հասկանում, շանջու է կպել, որ ում որտեղ տեսնում է, ստուգում է այս մարդը։ Դրան պետք է առանձնացնել հասարակությունից։ Իբր դատավորներին ստուգեց, հիմա էլ փաստաբանների է ստուգում»։ Նախապես առաջարկվել է փաստաբանների որակավորման հանձնաժողովի հետեւյալ մոդելը՝ մեկ փաստաբան, 3 ներկայացուցիչ արդարադատության նախարարությունից եւ 3 դատավոր, որոնց վճիռների դեմ էլ պիտի բողոքեն փաստաբանները։ Ինքներդ որոշեք, արդյոք, զուտ հռետորակա՞ն բնույթ ունի Վլադիմիր Նազարյանի այն հայտարարությունը, թե. «ուզում են գրպանի փաստաբան ունենալ»։ Ու թեպետ հիմա մոդել է առաջարկվում, թե հանձնաժողովում պետք է ընդգրկվի նաեւ 3 փաստաբան, սակայն մեր զրուցակիցը նախընտրելի է համարում այլ տարբերակ։ Ընդունել օրենք արդարադատության իրականացման գործընթացի մասնակիցների որակավորման մասին ու դրանով բոլոր հավակնորդներին միասնական պահանջներ ներկայացնել։

Խոսքը եւ դատավորների, եւ դատախազների, եւ թե փաստաբանների մասին է։ Դրան, իհարկե, պետք է նախորդի պատշաճ ուսուցում, իսկ հետո պատշաճ քննություն՝ մասնագիտական հանձնաժողովներով։ Քրեական, քաղաքացիական, քրեադատավարական եւ քաղաքացիական-դատավարական, ինչպես նաեւ Սահմանադրություն իրավական բլոկներից պետք է առանձին քննություններ հանձնվեն, որոնցից հետո կտրվեն համապատասխան տեղեկանքներ։ Իսկ այդ 5 փաստաթղթերի հիման վրա միայն՝ անհրաժեշտ լիցենզիա։ «Անկեղծ եմ ասում, ափսոսում եմ, որ մասնակից եմ եղել ստեղծվող մի նոր տոտալիտար համակարգի։ Փաստաբանության պետականացումն անգամ Իոսիֆ Ստալինի մտքով չէր անցնում։ Նա Արեւմուտքից այնքան գոնե վախենում էր, որ փաստաբանությունը համարում էր հասարակական գործունեություն»։

Այլապես մարդուն, որը չի տիրապետում նյութին եւ դրական գնահատական ստանալու հույս չունի, ուրիշ ելք չի մնում, քան «հանրահայտ ճանապարհները, որոնք նկարագրված են Հայաստանի եւ մյուս պետությունների քրեական օրենսգրքերում։ Հակաիրավական մեթոդներով իրավական պետություն չի կառուցվում, կառուցվում է նոր արխիպելագ Գուլագ»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031