Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ «ՄՈՏԻԿԱՑՈՒՄ»

Դեկտեմբեր 23,1998 00:00
vax

ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը երկուշաբթի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ սուր քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանությանը եւ նախագահին: Հավանաբար, նրա «մոտիկացումներում» կային վիճելի եւ անհասկանալի կետեր /ի՞նչ էր, օրինակ, ակնարկում պրն Բաբայանի այն հայտարարությունը, որ ղարաբաղցիների 70 տոկոսը տուն ունեն Երեւանում/: Բայց այդ ամենն առայժմ մի կողմ թողնելով, խոսենք պետական կարգի մասին: Եթե Սամվել Բաբայանը այլ պետության նախարար է, ապա դժգոհություններ ներկայացնելով ՀՀ նախագահին, նա միջամտում է երկրի ներքին գործերին: Եթե պրն Բաբայանը Հայաստանի պաշտպանական շրջաններից մեկի հրամանատարն է /որն ավելի մոտ է իրականությանը/, ապա նա առավել եւս իրավունք չունի հրապարակավ քննարկելու Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի քաղաքականությունը: Հիշեցնեմ, որ այդ պաշտոնը, ըստ Սահմանադրության, զբաղեցնում է երկրի նախագահը:

Եթե ինձ դուր չեն գալիս իմ հրամանատարի հրամանները, եթե գտնում եմ, որ դրանք սխալ են եւ նույնիսկ կործանարար, ապա ես նախ եւ առաջ պիտի հրաժարական տամ եւ հետո միայն հանդիպումներով, ասուլիսներով, մամուլով, Ազգային ժողովով եւ հանրահավաքներով փորձեմ ապացուցել իմ ճշմարտությունը: Այդպիսին է պետության կարգը: Կա նաեւ ղաչաղների, խմբապետերի կամ դաշտային հրամանատարների կարգ. հավաքվում են «դուխով տղերքը» եւ որոշում «թագավորին գցել»: Դա կարող է տեղի ունենալ ամեն տարի կամ նույնիսկ ամեն ամիս եւ սքողվել «ազգի շահերով»: Թե որքանով է ազգը շահում նման «բանանային» կարգերից, երբ քո քաղաքացիները /ընտրողները/ հասել են այն աստիճանի աղքատության, որ պատրաստ են 10 լիտր «սոլյարկայի» կամ էլ 5 դոլարի դիմաց քվեարկել ցանկացած կուսակցության օգտին, հայտնի է:

Իհարկե, կարելի է այդպես շարունակել եւս մի քանի տարի: Ի վերջո, սապոգի, ավտոմատի կամ տանկի վախն այնքան է մտել մեր քաղաքացիների մեջ, որ նրանք դժվար թե համարձակվեն ծպտուն հանել: Պարզապես կուսակցությունները ստիպված կլինեն ամեն տարի տալ անցյալի քաղաքական գնահատականը եւ վիճել այդ գնահատականի փափկության եւ կարծրության վերաբերյալ:

Բայց դրանից տնտեսությունը չի զարգանա եւ, հետեւաբար, ժողովրդի սոցիալական վիճակը չի լավանա, որովհետեւ «ղաչաղական» պետության տնտեսության մեջ ոչ ոք լուրջ ներդրում չի կատարի: Եթե, իհարկե, չհաշվենք Բարձրաշենի թռչնաբուծարանում Հայրիկյանի «երաշխավորությամբ» կատարված ամերիկացիների դարակազմիկ ներդրումը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031