Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ՝ 99-ԻՆ

Դեկտեմբեր 23,1998 00:00

Քաղաքական բովանդակության առումով առավել հետաքրքիր էր ընտրական օրենսգրքի քննարկումների, հատկապես, ավարտը, երբ արդեն պատգամավորների մի մասը դուրս էր եկել նիստերի դահլիճից, իսկ մյուս մասն էլ անկանոն շարժումներ էր անում շարքերի արանքում եւ նախագահության առջեւ։

Այդ ընթացքում էր, որ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Արշակ Սադոյանի հետ իր հավերժական վեճի այս դրվագում հարկ համարեց հայտարարել. «Այնպես չէ, որ իշխանությունները ձմռանը կկազմակերպեն ընտրություններ, առիթից օգտվելով, որ ցուրտ է, ու ժողովուրդը չի գնա քվեարկության, ու կլինեն կեղծիքներ եւ այլն։ Այդ մեկնաբանությունները ի չիք դարձնելու համար այսպիսի որոշում կայացվեց»։ Իսկ որոշումն այն էր, որ ընտրական օրենսգրքի քննարկումները շարունակվելու են արդեն նոր տարում՝ հունվարի 25-ին։

Նախապես կար ընդհանրական այն տեսակետը, թե դեկտեմբերի 22-ին ընտրական օրենսգրքի քննարկումներն անցնելու են երկրորդ ընթերցման ռեժիմով, իսկ դա նշանակում էր, որ փաստաթուղթը կարող էր ավարտական տեսքի բերվել ու հաստատվել իբրեւ օրենք։ Սակայն այդպես չեղավ։ Նույնիսկ երկրորդ ընթերցում չկազմակերպվեց։ Զեկուցող Վիկտոր Դալլաքյանը, որը նախապես իր ելույթի համար 90 րոպե ժամանակ էր խնդրում, ինչն այդպես էլ չստացավ, պատգամավորների դատին ներկայացրեց միայն այն առաջարկները, որոնք ընդունելի էին, սակայն մինչ այդ ընտրական օրենսգրքի առաջին ընթերցում անցած տարբերակում տեղ չէին գտել։ Մի խոսքով, տեղի ունեցավ երկրորդ առաջին ընթերցումը, եւ այսպիսով ընտրական օրենսգրքի ընդունումը հետաձգվեց առնվազն մինչեւ փետրվար։ Այսպես՝ որովհետեւ Ազգային ժողովի կենտրոնական ամբիոնից մտադրություն արտահայտվեց փաստաթուղթը վավերացնել երրորդ ընթերցումից հետո միայն։

Խորհրդարանական որոշ դիտորդների կարծիքով, դա արդեն նշանակում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միայն բացառիկ մեծ ցանկության դեպքում կլուծարի Ազգային ժողովը։ Հակառակ պարագայում, պատգամավորները ստեղծել են բոլոր հիմքերը, որպեսզի նման գործընթաց տեղ չգտնի։ Հունվարի 25-ի երկրորդ ընթերցմանը դեռ պետք է հետեւի երրորդ ընթերցումը, որից հետո խորհրդարանի լուծարումը կպարտադրի, որպեսզի արտահերթ պառլամենտական ընտրություններն ամենաշատը ընդամենը մեկ ամիս ավելի վաղ կայանան, քան նախատեսված են հերթական խորհրդարանական ընտրությունները։

Միով բանիվ, հունվարի 25-ն այնքան էլ հեշտորեն չդարձավ քննարկումները շարունակելու օր, որովհետեւ «Երկրապահը» կանխատրամադրված էր, որպեսզի քննարկումը շարունակվի հունվարի 18-ին։ Պարույր Հայրիկյանն էլ ուզում էր, որ դա տեղի ունենա հունվարի 21-ին, սակայն ինչպես անմիջապես պարզեց Արշակ Սադոյանը՝ ԻՄ առաջնորդը այդպես է ցանկանում, որովհետեւ դա Լենինի մահվան օրն է։ Ի դեպ, Պարույր Հայրիկյանը մի քանի ինքնատիպ մտքեր արդեն հասցրել էր արտահայտել իր ելույթի ընթացքում։ Նա կողմ էր, որպեսզի կանանց ճանապարհ տրվի, սակայն դա տեղի չունենա արհեստական քվոտաներով, ինչպես «Երկրապահի» ընտրական օրենսգրքի նախագիծն է նախատեսում. «Պառլամենտը՝ որպես պետական իշխանության ճյուղ, քաղաքական ներկայացուցչական մարմի՞ն է, թե՞ սեքսուալ, այսինքն՝ սեռական»,- ամենեւին էլ ոչ հռետորական հարցադրումով հանդես եկավ Պարույր Հայրիկյանը։

Ի դեպ, ԻՄ-ը «Երկրապահի» հետ այն եզակի խորհրդարանական միավորներից էր, որը քննարկումների ամբողջ ընթացքում սկզբունքորեն չլքեց նիստերի դահլիճը։ Նրանց կողքին էր նաեւ Հայկոմկուսը, սակայն քվեարկությունների ժամանակ բացակայող կոմունիստ առաջնորդ Սերգեյ Բադալյանի կողմ կոճակն աշխատում էր տիրոջ կամքին հնազանդ։ Նշենք, որ հարեւանությամբ Խորեն Թռչունիչն էր նստած։ Այս փաստի դեմ, ոչ իհարկե կոմունիստական ֆրակցիան նկատի ունենալով, բողոքեց սկզբից Արշակ Սադոյանը։ Հետո նրան միացավ Հովհաննես Իգիթյանը։ Սակայն Ալբերտ Բազեյանը պատասխանելով վերջինիս, հայտարարեց, թե «Հայերս ավանդապահ ժողովուրդ ենք, ուստի Ազգային ժողովը պահպանում է ստեղծված ավանդույթները»։

Ու մինչ նախագահության ու մի խումբ պատգամավորների մեջ բանավեճ էր ընթանում, թե քանի՞ երեսփոխան է ներկա դահլիճում, Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանը հասցրեց տեղից առ նախագահությունն ուղղված մի քանի քծնական ռեպլիկ թողնել։ Սակայն սա ամենեւին էլ էական չէ։ Քննարկումներին սկզբունքորեն չմասնակցեց «Հայրենիք» պատգամավորական խումբը, «Հանրապետություն» խմբակցությունն անհետեւողական մասնակցություն ունեցավ, իսկ «Շամիրամի» դատարկ մնացած աթոռներն իր ներկայությամբ զարդարեց բացառապես Գայանե Սարուխանյանը։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031