Լրահոս
Օրվա լրահոսը

Ցիստիտ. 20 կարեւորագույն պահեր

Դեկտեմբեր 22,1998 00:00
cistit

Ձմեռն արդեն իր իրավունքների մեջ է։ Ամեն ինչից բացի, ձմեռն առանձնանում է նաեւ մի քանի հիվանդությունների խիստ աճով։ Նկատի ունենալով, որ դրանցից մեկը՝ ցիստիտը, ամենաշատն է անհանգստացնում կանանց այն դեպքում, երբ կեղծ երկչոտությունն ու ամոթխածությունը նրանցից քչերին են թույլ տալիս հետաքրքրվել այդ հիվանդությամբ, որոշեցինք մեզ վրա վերցնել «առաքելությունը»։

Եւ այսպես, թվարկենք վերնագրում խոստացված 20 կարեւոր կետերը.

1. Ցիստիտը միզապարկի եւ միզանցքի բորբոքումն է։ Որպես կանոն, վարակը սկսվում է միզանցքից եւ առաջ է բերում միզապարկի ցավոտ բորբոքում։

2. Մրսածության հիվանդություններից (հիմնականում՝ հարբուխից) հետո ցիստիտը գրավում է երկրորդ տեղն այն հիվանդությունների ցանկում, որոնց ենթակա են կանայք։ Գոնե մեկ անգամ ցիստիտով հիվանդանում է կանանց 25 տոկոսը, ընդ որում, տառապյալների այդ բանակի 1/3-ին ցիստիտն այցելում է էլի մեկ անգամ՝ հաջորդ 1,5 տարվա ընթացքում։ Շատերի մոտ էլ ցիստիտը կրկնվում է յուրաքանչյուր 2-3 ամիսը մեկ։

3. Ցիստիտի հիմնական նշաններն են՝ միզելու ժամանակ այրոցն ու քորը, ինչպես նաեւ շատ հաճախ ու շատ քիչ քանակությամբ միզելը։ Սովորաբար, նշաններն ի հայտ են գալիս վարակվելուց երկու օր հետո։ Հիվանդության սկզբում մեզն անսովոր չի թվում, բայց հետազոտության դեպքում հայտնաբերվում է արյուն կամ թարախ։

4. Հաճախ ցիստիտն ազդանշան է, որ ձեր օրգանիզմը թուլացած է, տկարացած եւ նվազել է նրա՝ ցանկացած վարակին դիմակայելու ունակությունը։ Այդ պատճառով, բուժմանը զուգընթաց, պետք է լավ քնել, վիտամիններ ընդունել եւ կանոնավոր մարզվել։

5. Ցիստիտի պատճառները տարբեր են եւ բազմաթիվ՝ վիրուսայինից մինչեւ ալերգիկ։ Հաճախ ցիստիտի պատճառ են դառնում աղիքների մշտական «բնակիչները»։

6. Ցիստիտը հիմնականում կանացի հիվանդություն է, ինչը պայմանավորված է միզասեռական համակարգի յուրօրինակ կառուցվածքով՝ կարճ ու լայն միզանցք, որը շատ մոտ է ուղիղ աղիքին ու հեշտոցին։ Դա էլ հենց մանրէներին թույլ է տալիս ազատ տեղաշարժվել մի օրգանից մյուսը, իսկ միզանցք ընկնելով, դրանք կարող են քրոնիկ վարակի օջախ ստեղծել։

7. Քանի որ միզանցքը տեղադրված է հեշտոցից վեր, ապա երբեմն բուռն սեռական հարաբերությունը կարող է պատճառ դառնալ ցիստիտի առաջացման։ Այս առումով նույնիսկ ժողովրդական խոսք կա՝ «մեղրամիսի ցիստիտ»։

8. Ցիստիտի պատճառ կարող է լինել նաեւ քլամիդուլը։ Այս միկրոօրգանիզմի ոչնչացման համար բավական է լայն սպեկտրի հակաբորբոքիչների որոշակի չափաբաժինը։

9. Յուրաքանչյուր կին կարող է ցիստիտով հիվանդանալ ցանկացած պահի, եւ վարակից խուսափելու համար անհրաժեշտ է հետեւել որոշակի կանոնների։ Առաջին հերթին, երբեք մի հետաձգեք կամ զսպեք միզելու պահանջը։ Լիքը միզապարկի արյունատար անոթները ձգված են, դժվարանում է արյան շրջանառությունը եւ մեծանում վարակվելու ռիսկը, քանի որ կանգնած մեզը հրաշալի միջավայր է ցիստիտ առաջացնող մանրէների աճի համար։

10. Հատկապես կարեւոր է անձնական հիգիենայի գործոնը։ Անհրաժեշտ է արտաքին սեռական օրգանները լվանալ օրը երկու անգամ, խուսափելով հոտավետ յուղերից, աերոզոլներից, փրփուրներից, քանի որ դրանց մեջ պարունակվող քիմիական տարրերը կարող են բորբոքել ներքին եւ արտաքին սեռական օրգանները, եւ խախտել տեղային թթվահիմնային հավասարակշռությունը, դրանով նպաստելով մանրէների բազմացմանն ու տարածմանը։ Լավ է օգտվել ցնցուղից, քան լոգանք ընդունել։

11. Սեռական հարաբերությունից առաջ անպայման պետք է դատարկել միզապարկը։ Նույն գործողությունը պետք է կատարել նաեւ հարաբերությունից հետո։ Իհարկե, մի քիչ ռոմանտիկ չէ՝ այդ պահին անկողնուց վեր թռչելն ու զուգարան վազելը, սակայն՝ առողջությունն առաջին հերթին։

12. Շաքարախտով տառապող կանայք, ում մեզի մեջ շաքար կա, պետք է անձնական հիգիենային հատուկ ուշադրություն դարձնեն՝ մանրէները սիրում են քաղցր միջավայրը։ Ընդ որում, անհրաժեշտ է ամեն կերպ պահպանել շաքարի թույլատրելի չափաբաժինն արյան մեջ։

13. Եթե նկատել եք, որ ցիստիտով հիվանդանալու հակում ունեք, հագեք թեթեւ, ազատ բամբակե եւ տրիկոտաժե վարտիքներ, խուսափեք նեղ եւ սինթետիկ սպիտակեղենից։

14. Խորհուրդ է տրվում օրական 6-8 բաժակ ջուր խմել։

15. Եթե բոլոր նախազգուշական քայլերն, այնուամենայնիվ, ձեզ չեն պահպանել ցիստիտից, պետք է շտապ դիմել բժշկի, որը ձեզ ճիշտ կախտորոշի եւ կընտրի համապատասխան հակաբորբոքիչը։

16. Ամեն դեպքում օգտակար է քնելուց առաջ շատ կարճ ժամանակով տաք լոգանք ընդունելը եւ տաք-տաք ծածկվելն ու քնելը։ Նախօրոք երկու տաք ջեռակ պատրաստեք, մեկը դրեք գոտկատեղի տակ, մյուսը՝ ոտքերի արանքը եւ պառկեք։

17. Ձեր կերակրաբաժնից բացառեք սուր համեմունքները, թթուները, գազով խմիչքները, պահածոներն ու տապակած մսեղենը։ Ավելի շատ կերեք մածուն, յոգուրտ, միրգ ու բանջարեղեն։ Հատկապես օգտակար են ձմերուկն ու թարմ վարունգը։

18. Ցավը կարող եք հանգստացնել անալգետիկներով՝ պարացետամոլ ու բարալգին, եւ սպազմոլիտիկներով՝ նո-շպա եւ էուֆիլին։ Հատուկ հակաբորբոքային դեղամիջոցներ օգտագործելու համար նախ խորհրդակցեք բժշկի հետ։

19. Օգտակար են նաեւ խոտաբույսերի եփուկն ու թեյը։ Անանուխի, երիցուկի թուրմերը նույնպես շատ օգտակար են։

20. Մատների արանքով մի նայեք ցիստիտի ախտանշաններին, անպայման սկսեք բուժումները, այլապես հնարավոր է, որ վարակը հասնի մինչեւ երիկամներ եւ արդեն տառապեք ավելի լուրջ՝ երիկամային հիվանդությամբ։

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031