Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՜ՆՉ ԱՎԵՐԻՉ ՈՒԺ ՈՒՆԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ՉԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 22,1998 00:00
shinararutyun

Կամ պատասխան «Առավոտի» 16.12.98 թ. «Հանցագործը շարունակում է շինարարությունը» հոդվածին

Նողկալի է մարդկային հոգու չարությունը։ Մանավանդ, եթե զուգակցվում է շահամոլության հետ։ Պարզաբանեմ ասածս. ս/թ օգոստոսից, իսկ փաստացի՝ ապրիլից խախտվել է Այգեստան 11 փ. 89 շենքի բնակիչ Ֆ. Վաղարշակյանի ընտանեկան եւ հոգու անդորրը. մարդը իր տեղը չի գտնում, հոգում կուտակված մաղձն ուտում է իրեն, եւ ապագայի ծրագրերն էլ ջուրն են ընկնում։ Բանն այս է. Կենտրոն թաղապետարանի եւ Երեւանի քաղաքապետարանի թիվ 556 որոշմամբ ճարտարապետական համապատասխան հիմնավորմամբ Երեւանի Մ. Մաշտոցի անվան համալսարանին հատկացվել է ճոպանուղու եւ Հր. Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի միջեւ ընկած շուրջ 60 աստիճան թեքություն ունեցող տարածքը՝ ուսումնական նոր մասնաշենք կառուցելու համար։ Դա էլ հենց խախտել է «ճարտարապետ» Ֆ. Վաղարշակյանի հոգու անդորրը։ Սկսվեցին ահաբեկումները համալսարանի տնօրինության նկատմամբ։ Նշյալ «ճարտարապետը» իր «բարեկիրթ» տիկնոջ եւ քենու հետ ներխուժում է Մ. Հերացու թիվ 18 հասցեում գործող համալսարանի շենք՝ հայհոյանքների այնպիսի հարուստ բառապաշարով, որ ուզածդ տղամարդուն անգամ կզարմացներ։ Սպառնալիքները չազդեցին։ Շարունակվեց զավեշտը։

Դիմումներ եւ բողոքագրեր հղվեցին ամենատարբեր ատյանների։ Համալսարանի տնօրինությունը՝ հասկանալով, թե ում հետ գործ ունի, շինարարությունը սկսելուց առաջ դիմել էր որոշ քայլերի՝ տեղյակ էր պահել Կենտրոնի ՆԳ բաժնին, ճարտարապետական խորհրդին։ «Голос Армении» թերթում սույն «ճարտարապետի» «բարեկիրթ» տիկինը վայնասուն է բարձրացնում, թե՝ հասեք, մարդիկ, քաղաքի իշխանություններ, ավերեցին իր եւ իր հոգատար ամուսնու՝ տարիների տքնաջան ու անշահախնդիր աշխատանքով ստեղծված «գեղատեսիլ զբոսայգին»։ Թե ի՞նչ այգի կարող է լինել զառիթափին, ընթերցողը կարող է պատկերացում կազմել վերը բերված նկարից։

Իր ճարտարապետական «կոթողային» նախագծերով սերունդներին «զարմացրած» հայտնի «ճարտարապետ» Ֆ. Վաղարշակյանը երեք օրում «նախագծում» եւ իր տիկնոջ գովերգած «այգում» կառուցում է ինչ-որ շինություն՝ միայն իրեն հայտնի շինարարական օրենքներով, նախագծով ու «թույլտվությամբ»։ Երեւի էլի մանուկների համար (տես նկարը)։ Եվ երբ սույն «կոթողը» իբրեւ ապօրինի շինություն համապատասխան որոշմամբ քանդվում է, սկսվում է վայնասունի մի նոր ալիք, որում մեղադրվում են ե՛ւ Կենտրոնի թաղապետը, ե՛ւ քաղաքապետը, ե՛ւ վարչապետը, ե՛ւ նախագահը՝ մարդու իրավունքների խախտման մեջ։

Թող ընթերցողը չկարծի, թե մանուկների մեծ բարեկամ Ֆրիկ պապիկը կենաց եւ մահու պայքար է մղում իր շահերի համար։ Ոչ։ Պարզապես զառիթափի նշված այգին մանուկների խաղալու համար ամենաանվտանգ վայրն էր, որովհետեւ գլորվելուց վերջին կետը … Գետառն էր լինելու՝ փափո՜ւկ, հանգի՜ստ։ Իսկ 89 շենքի բակում խաղալն անհնարին է դարձել, որովհետեւ հոգատար պապիկը այնտեղ վաղո՜ւց մանուկների համար անօրինական ճանապարհով երկու հարմարավե՜տ, ապահո՜վ, գեղեցիկ ավտոտնակ է կառուցել եւ պարսպապատել (տես նկարը)։ Այս հոգատար ու հումանիստ «ճարտարապետը» հի՜ն, բարի՜ ժամանակների ոգով, Հերացու փողոցի ամենաբանուկ մասում, բնակելի շենքերի հարեւանությամբ, որտեղ մանուկներ չեն բնակվում, նույնպես անօրինական ճանապարհով կենտրոնական ջրատարի եւ քաղաքի մի մեծ հատվածը սնուցող բարձր ճնշման գազատարի վրա, բենզալցման մի հեքիաթային (մոտ 20 տ տարողությամբ) կայան էլ է կառուցել։ Բա ինչպե՞ս, մարդը կառուցող է, պիտի կառուցի՞, թե՞ ոչ։

Այո՛, ինքը նպատակ ուներ վերոնշյալ այգում բար-ռեստորան, խաղատուն կառուցել, իսկ իրեն խանգարում է ինչ-որ համալսարան։ Հայաստանին համալսարա՞ն է պակասում՝ ինչքա՜ն ասես կա, իսկ խաղատները՝ կարծես պակասություն են անում։

ՀՀ քաղաքաշինության նախարարի խորհրդական Ռ. Ջուլհակյանի մոտ՝ խորհրդի նիստում, քննել տալ նշված տարածքում համալսարանի շենք կառուցելու նպատակահարմարության մասին հարցը։ (Տես՝ «Առավոտ», 28.11.98 թ.)։ Թե ինչքանո՞վ է ապագա շենքը խախտում քաղաքի ճարտարապետական «դոմինանտ» կետերից մեկը, թող նորից դատի ընթերցողը՝ նայելով շենքի ներկայացվող մանրակերտին։ Ճարտարապետների ընդվզման պատճառի լավագույն մեկնաբանությունը, իմ կարծիքով, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հ. Խաչատրյանի կարծիքն է։ «Ներկա ճարտարապետները նախագծի դեմ ընդվզեցին, որովհետեւ ամեն մեկն իր հոգու խորքում կուզեր այս նախագծի հեղինակն ինքը լիներ»։

Բացառի՜կ անկեղծություն, թե չէ ճարտարապետներին պիտի հետաքրքրեր նաեւ, թե այդ լողավազան կոչված ջրամբարը, որ կառուցել է Ֆրիկ «ճարտարապետը»՝ թիվ 72 դպրոցի հենց թիկունքում, փլուզվելու դեպքում ի՞նչ վնաս կբերի դպրոցին եւ նրա սիրած մանուկներին, քաղաքի բանուկ մասում գործող բենզակայանի պայթելու դեպքում ինչե՜ր են սպասվում հարեւան շենքերին ու գործող ջրատարին ու գազատարին, իսկ գազատարի վնասվելու դեպքում հնարավոր հետեւանքների մասին պարզ պատկերացում կարող է տալ թեկուզ Ջերմուկի «Արմենիա» առողջարանի հայտնի դեպքը։ Իսկ ինչ մնում է ուսումնական մասնաշենքի նպատակահարմարությանը, ապա, բացի շինարարական մանրակրկիտ հաշվարկներից, նշեմ՝ այն կառուցվում է առավելագույնը 900 ուսանողի հաշվով, եւ այդ պահանջարկին լիուլի բավարարում է, մանավանդ որ, այգի հորջորջված աղբանոցը դառնալու է քաղաքի գեղատեսիլ անկյուններից մեկը։ Սակայն կրթօջախի շարունակվող շինարարության հետ ավելանում է չար հոգիների մաղձը։ «Բարեկիրթ» տիկինը ստանձնում է արդարադատության մունետիկի դեր՝ խախտելով մարդու անմեղության կանխավարկածը (տես «Առավոտ», 16.12.98 թ.)։

Ս. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

բանասիրական գիտ. թեկնածու,

այդ համալսարանի պրոռեկտոր

Խմբագրություն է ներկայացվել այդ տարածքում շինարարություն սկսելու թույլտվության, ՀՀ քաղաքաշինության նախարարության՝ տարածքի կառուցապատման համար տրված համաձայնության փաստաթղթերը, անշարժ գույքի վարձակալության իրավազորության գրանցման վկայականը, Կենտրոնական ՆԳ բաժնի պետի երաշխավորագիրը համալսարանի մասնաշենքի շինարարությունը չխանգարելու վերաբերյալ փաստաթուղթ, ՀՀ Երեւանի Կենտրոնի թաղապետարանի որոշումը՝ այդ տարածքի բնակչի կողմից կառուցված ապօրինի շինությունը քանդելու մասին եւ այլ փաստաթղթեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031