Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ

Դեկտեմբեր 22,1998 00:00
ayl

Տնտեսական բարեփոխումները վերջին հաշվով մարդկանց կյանքի պայմանները լավացնելու, նրանց բարեկեցության մակարդակը բարձրացնելու նպատակ ունեն։ Ինչի՞ն էին ուղղված բարեփոխումները մեր հանրապետությունում։ Նախեւառաջ վարչահրամայական համակարգից դեպի շուկայական տնտեսության անցմանը։ Շուկայական տնտեսությունը սեփականության տարբեր ձեւերի առողջ մրցակցության վրա հիմնված, ազատ արտադրողների եւ սպառողների տնտեսությունն է, որտեղ գերակշռում է օրենքն ու ժողովրդավարությունը։ Իսկ տնտեսական արգելքների գործունեությունը կառուցված է սպառողների պահանջարկի վերաբերյալ շուկայից ստացված հավաստի ինֆորմացիայի հոսքերի վրա։

Պետությունն այս գործընթացում պետք է ապահովի սպառողների եւ արտադրողների ազատությունը՝ համապատասխան օրենքների միջոցով։ Սակայն նորաթուխ «դեմոկրատական» իշխանությունները հստակ չեն պատկերացնում իրենց դերը շուկայական տնտեսության անցման ճանապարհին։ Իշխանության համար սոցիալական բազայի ստեղծման միջին խավի ձեւավորումը պետք է լինի նրանց հիմնական նպատակը։ Խորհրդային Միության 70 տարիների ընթացքում ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում ձեւավորվել էր կուռ իշխանական համակարգ։ Այսպես կոչված, իշխողների դասակարգ, որի առանցքը կազմում էր կուս. նոմենկլատուրան եւ նրան սերտաճած սովետների, գործադիր ու դատական իշխանությունների ներկայացուցիչները։

Այսինքն, վարչահրամայական համակարգում իշխում էր նոմենկլատուրային դեմոկրատիան, որպես «ժողովրդական իշխանություն», որը ոչ մի առնչություն չուներ ժողովրդավարության հետ։ Նոր «ազգային» ուժերի իշխանության գլուխ անցնելուց հետո տեղի ունեցավ հետեւյալը. ՀՀՇ լիդերները վերացրին կուս. նոմենկլատուրայի վերնախավը, իսկ միջին եւ ստորին օղակները հիմնականում պահպանվեցին։ Ամենավտանգավորը՝ պահպանվեց նախկին իշխանությունների գործելակերպը։ ՀՀՇ լիդերների ճնշող մասը չուներ ղեկավարման եւ կառավարման աշխատանքային փորձ։ Չուներ անհրաժեշտ գիտելիքներ եւ պատրաստվածություն, չկար հստակ ծրագիր։ Կային արկածախնդիրներ եւ րոպեական շահերի հետեւից ընկնող մարդիկ։ Այս եւ բազմաթիվ այլ թերություններ հստակորեն օգտագործվեցին նախկին բյուրոկրատիայի կողմից։

Վերջիններիս հաջողվեց իրենց գործելակերպը թելադրել իշխանության եկած նոր մարդկանց։ Դա արվեց աննկատ եւ վարպետորեն։ Ի հայտ եկավ նոր իշխանություն՝ հին բյուրոկրատական մեքենայով, որը գործում էր իր օրենքներով, իր շահերով, եւ իր համար։ Փաստորեն, ձեւավորվող նոր իշխանությունը ժողովրդավարության ու ազատական տնտեսության մասին նոր գաղափարներն ածանցեց ըստ իր շահերի։ Սա առաջին հերթին դրսեւորվեց սեփականաշնորհման բնագավառում։

Մասնավորեցման արդյունքում, իրոք, ձեւավորվեց սեփականատերերի խավ, որի հիմքերը շատ փխրուն էին եւ անկայուն։ Չընդունվեց օրենք մասնավոր սեփականության մասին, որը սեփականատերերին կպաշտպաներ բյուրոկրատիայից։ Չընդունվեց, որովհետեւ այն ձեռնտու չէր բյուրոկրատիային։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մասնավոր սեփականությունն օգտագործելը դարձել է տնտեսապես ոչ ձեռնտու։ Մասնավոր տնտեսավարումը բազմաթիվ օրինական եւ ապօրինի թելերով կապված է բյուրոկրատիայի հետ։ Այս կամ այն չինովնիկից, իրավապահ մարմնի աշխատողի քմահաճույքից է կախված սեփականատիրոջ բախտը։ Մասնավոր սեփականությունը շուկայական տնտեսության հիմքն է։ Պետությունը պետք է ակտիվորեն մասնակցի շուկայական ենթակառուցվածքների ստեղծմանը։ Եթե չկա նորմալ մրցակցային շուկա, ապա այն փոխարինվում է շուկայի մեկ այլ տեսակով։ Դա բյուրոկրատական շուկան է, որը գոյություն ուներ վարչահրամայական համակարգում։ Այն նախկինում գոյություն ուներ անլեգալ ձեւով։ Բյուրոկրատական շուկան համաձայնության տնտեսությունն է։ Ի տարբերություն ապրանքների, ծառայությունների սովորական (դրամական) շուկայի՝ բյուրոկրատական շուկայում տեղի է ունենում նյութական արժեքների ոչ ազատ փոխանակություն։ Այստեղ որոշողը իշխանավորի կամքն է։

Այսօր մենք ունենք շատ թույլ մասնավոր սեփականություն, սակայն չկա շուկա։ Եվ սա խիստ վտանգավոր է։ Բյուրոկրատացված պետություն նշանակում է բյուրոկրատացված քաղաքական ռեժիմ, բյուրոկրատացված տնտեսություն։ Այս պայմաններում բյուրոկրատացվում են սոցիալական կյանքի բոլոր ինստիտուտները՝ կրթությունից մինչեւ դատական համակարգը։ Ուժեղ բյուրոկրատացված պետության եւ բռնապետության միջեւ ընդամենը մեկ քայլ է։ Նոր իշխանությունները պետք է գիտակցեն սա, նորընտիր նախագահը պետք է կանխի այս սպառնալիքը։ Բյուրոկրատիան շատ ուժեղ է։ Նա, ի դեմս նախագահի, տեսնում է իր երաշխավորին։ Բյուրոկրատացված պետությունում գործում է հետեւյալ բանաձեւը՝ բյուրոկրատիան հավասար է պետությանը։ Այս հավասարակշռության մեջ նախագահը պետք է թեքվի պետության՝ ասել է թե, ժողովրդավարական, օրինական, սահմանադրական շահերի պաշտպանության կողմը։

Փաստորեն, անհնար է առանց հասարակական կյանքում դեմոկրատական արժեքների գերակայության ամրագրման՝ անցումը դեպի շուկայական տնտեսություն։ Շուկայական տնտեսության կայացում չի նշանակում մասնավոր սեփականության համատարած հաստատում։ Ազատական տնտեսությունն առաջին հերթին դեմոկրատիայի հաստատումն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Առանց դեմոկրատիայի հիմնական սկզբունքների ապահովման, հնարավոր չէ շուկայական տնտեսության կայացումը։ Այլապես կստացվի այն, ինչ կա այսօր։

ԱՐԱՅԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031