Մարզերում եւ շրջաններում տեղի ունեցող Հայաստանի ժողովրդական կուսակցության կոնֆերանսների ալիքը հասավ Երեւան։ Դեկտեմբերի 20-ին ֆիլհարմոնիկի փոքր դահլիճում տեղի ունեցավ կուսակցության «Կենտրոն» համայնքի կոնֆերանսը։ ՀԺԿ-ի միայն այս տարածքային կազմակերպությունը 1100 անդամ ունի։ Այս փաստն անընդհատ շեշտվում էր, թե՝ միայն մենք ավելի շատ անդամներ ունենք, քան մի քանի կուսակցություններ միասին։
Այս կոնֆերանսը ցույց տվեց, որ նախագահական ընտրությունները մեծ չափով կոմպլեքսավորել են կուսակցության անդամ դարձած Դեմիրճյանի համակիրներին։ Բոլոր ելույթ ունեցողները անպայմանորեն նշում էին, թե ինչպիսի բիրտ ուժի գործադրման են հանդիպել իրենք, ինչպես են դիմակայել իրենց նկատմամբ գործադրված ճնշումներին։ Այս խոսքերն ուղղված էին հիմնականում Կարեն Դեմիրճյանին, որից կուսակցությունները փորձում էին հավաստիանալ, որ 1999-ին կուսակցությունը պայքարելու է իրեն տրված յուրաքանչյուր ձայնի, ազատ եւ արդար ընտրությունների համար։ Այս առիթով պատասխանելով մեր հարցին, թե. «Դուք էլ եք կարծո՞ւմ, որ 1999 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրությունները կրկնելու են մեր ունեցած փորձը» ՀԺԿ նախագահ Կարեն Դեմիրճյանն ասաց. «Դե, բոլորն էլ վախեցած են, աչքը տեսածից է վախենում»։ «Ձեր աչքն էլ է վախեցած»։ «Ես ոչ մի բանից չեմ վախենում։ Ուղղակի կա պերմանենտ խախտումների փորձ։ Եթե պետությունն ուզում է, որ ժողովուրդն իրեն վստահի պետք է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնի, որն այնքան էլ դժվար չէ»։
Կուսակցության երկրորդ կարեւոր բարդույթը Կարեն Դեմիրճյանի անձն է։ ՀԺԿ-ն ընդունվում եւ հասկացվում է ոչ այլ կերպ, քան Դեմիրճյանի կուսակցություն։ Եթե նախագահական ընտրություններում այդ հանգամանքը ոչ միայն չէր խանգարում, այլ նաեւ օգնում էր, ապա ԱԺ ընտրությունների ժամանակ համամասնական եւ հատկապես մեծամասնական ընտրակարգով պայքարող թեկնածուների համար կարեւոր է, որ իրենց ճանաչեն ՀԺԿ անդամ, որի նախագահն, իհարկե, Դեմիրճյանն է։ Կուսակցության քարտուղար, «Քաղաքագետների միության նախագահ» Հմայակ Հովհաննիսյանն էլ ճշտեց իրենց քաղաքական կողմնորոշումը, ըստ նոր մշակվող ծրագրի։ Պարզվում է, որ եթե նախկինում ՀԺԿ-ն եղել է ցենտրիստական, ապա այժմ այն դառնալու է ձախ ցենտրիստական։ Ձախերի եւ ձախ ցենտրիստների տարբերությունը պրն Հովհաննիսյանը բացատրեց հետեւյալ կերպ. եթե ձախերը հեղափոխական միջամտության ձեւով փորձում են հասարակությանը պարտադրել սոցիալիստական կացութաձեւը, ապա իրենք ականջալուր են լինելու ժողովրդի ձայնին, սինթեզելով լիբերալ եւ սոցիալիստական արժեքները, որը ոչ թե կթուլացնի, այլ կուժեղացնի կուսակցությանը։
Կոնֆերանսին իր բջջային հեռախոսով մասնակցում էր մեր գործընկեր «Մեր բակի» Զառա Արամյանը։ «Ինչպես է, որ «Մեր բակից» հետո հայտնվեցիք այստեղ» հարցին տիկին Արամյանը պատասխանեց. «Նախ, «Մեր բակից» հետո միանգամից այստեղ չեմ եկել։ Բացի այդ, ես տխուր եմ, որ դուք չգիտեք, որ աշխատում եմ ռադիոկոմիտեում։ Այստեղ ես չեմ հայտնվել, այլ այս կուսակցության անդամ եմ եւ մասնակցում եմ կոնֆերանսին»։ Կարեն Դեմիրճյանն էլ հերթական անգամ շեշտեց, որ կուսակցության խնդիրն է՝ ծառայել ժողովրդին։ «Ես շատ եմ մտածել, թե ինչ տվեց 1998-ը։ Երկար եմ մտածել, ցավոք, 98-ը ժողովրդին դեռեւս լավ բան չի տվել։ Ժողովրդի հիշողության մեջ մտել է 2-3 բացասական բան…»,- իր ելույթում անցնող 98 թ. գնահատեց Կարեն Դեմիրճյանը։ Անցնող տարվա առիթով կուսակցության անդամներից մեկն արդեն ասել էր. «Նոր տարի, Նոր տարի, բան չենք ուզում քեզանից, բան չտանես մեզանից»։
Կարդացեք նաև
Կարեն Դեմիրճյանը ներկա վիճակը գնահատեց իբրեւ խիստ տագնապալի, քանի որ Հայաստանը չի զարգանում. «Քանդված կամ լճացած վիճակից չի հառնում, որոշ ուղղություններում բացասական տենդենցներ ենք տեսնում, որոնք խորացնում են անկումը»։ Քանդված է արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ժողովուրդը գտնվում է լրիվ անպաշտպան վիճակում։ Երկրի ղեկավարությունը ոչ համակարգված, ոչ առանձին բնագավառների համար չգիտի, թե ինչ է կատարվելու։ Պրն Դեմիրճյանին շատ են հարցնում, թե դեռ հույս կա՞, որին ինքը պատասխանում է՝ այո, կա։ Դեռ հնարավոր է, կամաց կամ օգտագործելով առկա պոտենցիալը, առաջ գնալ։ Կարեն Դեմիրճյանը եւս կարեւոր է համարում նախորդ իշխանությունների քաղաքական գնահատականը, բայց ոչ քաղաքական շահարկումների մակարդակով։ Անհրաժեշտ է նշել այն լավը, որը կար եւ վատը, որպեսզի լավը խորացվի, իսկ վատը վերացվի։
«Այն օրին ենք հասել, որ թղթակիցները հիացած հայացքով նայում են հերթական պրեմիերի շուրթերին, թե էդ Աստծու տվածը կասի, Հայաստանում արդյունաբերությունը զարգանալու է, թե ոչ։ Հենց որ ասում է, որ զարգանալու է, հորթային հրճվանքով թերթերը գրում են՝ էվրիկա, արդյունաբերությունը զարգանալու է»։ Այսօրվա ճգնաժամը Կարեն Դեմիրճյանը համարում է վստահության ճգնաժամ։ Բնակչության լավ, թե վատ ապրող խավերը չեն վստահում իշխանությանը։ Ժողովուրդն է իշխանության իրական տերը, որն այդ իշխանությունն ընտրությունների միջոցով փոխանցում է մարդկանց, ինչ-որ խմբի։ Սկզբում պրն Դեմիրճյանն ասաց, թե այդ իշխանությունը ժողովրդից վերցվել է 1990 թվից, ապա ճշտեց՝ 1995-ից։ Իշխանություններն էլ, փոխանակ ժողովրդին հուսադրելու, ամեն օր ահաբեկում են։ Ասում են՝ սով է լինելու, պարտք արեք՝ ապրեք։
ՀԺԿ-ն մասնակցելու է ընտրություններին, եւ պատրաստ է համագործակցել բոլոր կուսակցությունների հետ։ ՀԺԿ-ն ընտրությունների է գնում ավելի առնականացած։ Խոսելով ընտրությունների ժամանակ վստահված անձանց անձնազոհ պայքարի մասին, Կարեն Դեմիրճյանը մատնացույց արեց առաջին շարքում նստած կնոջը. «Այստեղ նստած է Էմման, Մատրոսովա։ Մատրոսովը կուրծքը դեմ էր արել դզոտին, նա էլ՝ քվեատուփին։ Տեսեք՝ ինչ խայտառակ տարբերություն կա, բայց դա էլ է մարդկային»։
Պրն Դեմիրճյանը գիտի այս վիճակից դուրս գալու հնարավորությունները, սակայն դա արդյունավետ չէ, քանի որ իշխանությունները հատվածաբար օգտագործելով տրված խորհուրդները, վարկաբեկում են դրանք։ Վիճակը շտկելու համար Կարեն Դեմիրճյանն առաջարկեց ձեռք-ձեռքի տված գնալ ընտրություններ, դեպի ժողովրդի բարեկեցություն եւ հայրենիքի հզորացում։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ