Սպառնաց «Օրինաց երկիր»-ի համաժողովը
Շաբաթ օրը, չխնայելով իրենց հանգիստը, ինչպես իրենք բնորոշեցին, «մտահոգության ծնունդ» «Օրինաց երկիր» կուսակցության անդամներն ու համակիրները հավաքվել էին համաժողովի՝ որոշելու, թե որն է լինելու կուսակցության հետագա ռազմավարությունը ձեւավորված քաղաքական դաշտում։ Նաեւ կուսակցության վերջին (ու առաջին) վեց ամիսների գործունեության ամփոփումն էր։
Թեեւ նույն օրվա «Օրինաց երկիր» շաբաթաթերթում կուսակցության անդամների թիվը նշված էր 5000, սակայն համաժողովի ժամանակ անընդհատ շեշտվում էր 6000 եւ նույնիսկ վեցից ավելի (բազմազանության պատճառների շարքում էր այն փաստարկը, որ ժողովուրդը «Օրինաց երկրին» սվիններով չդիմավորեց)։
Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ամբիոնից հայտնեց այն հարցերը, որոնք «խորը մտահոգում են» իրենց։ «Շարունակվում է կոնֆլիկտային ֆենոմենի առկայությունը քաղաքականության մեջ։ Մեր երկրում ձեւավորվել է երկիմաստ տխուր իրավիճակ։ Կառավարության մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուսը»։ Իրավիճակը քիչ, թե շատ «ուրախ է դարձել» ԱԺ-ում մեծամասնություն կազմող Երկրապահի՝ կառավարության քաղաքական հենարան դառնալուց հետո։
Կարդացեք նաև
«Օրինաց երկիրն» իր վճռական խոսքը կասի առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Ապագա խորհրդարանում տեղ ունենալը կուսակցության գերխնդիրն է, իսկ կարգախոսը՝ համ նալին, համ մեխին, ներեցեք, ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն։ Պրն Բաղդասարյանն ասաց, թե քանի անգամ է ինքն ամբիոններից, հատկապես ԱԺ-ի, ելույթներ ունեցել, քանի անգամ է հարցրել՝ «Ո՞ւր ենք գնում»։ Եվ իր այդ հռետորական հարցին այդպես էլ պատասխան չի ստացել (չգիտեինք, որ հռետորական հարցը պատասխան է ենթադրում- Ա. Գ.)։ Փոխարենը անորոշ ոգեւորությամբ դիմեց, թե «տվեք ծրագրեր եւ դրանցով մենք կապահովենք մեր զարգացումը»։
Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սերգեյ Երիցյանն առավել մեծ ոգեւորությամբ (ընդ որում համապատասխան ռեակցիան էլ դահլիճում էր առաջացնում) հայտնեց, որ կուսակցության յուրաքանչյուր անդամի բացատրում է, թե իրենք «որտեղից են գալիս, ուր են գնում»։
Մեր պետությունը 10 տարի է՝ իրավիճակային քաղաքականություն է իրականացնում։ Սակայն պրն Երիցյանը ուրախ է, որ գոնե այդ դահլիճում կան մարդիկ, որոնք «այրվում են, այրվում են իրենց զավակների, այրվում են իրենց թոռների համար»։ «Օրինաց երկիրը» կհասնի այն բանին, որ իրենց օրենքները հասկանան ու կիրառեն։
«Բռնենք այդ գաղափարը եւ զարգանանք»,- կոչ արեց պրն Սերգեյ Երիցյանը։ ԵՊՀ պրոֆեսոր Աղասի Թամազյանը ներկայացրեց այն սկզբունքները, որոնց հիման վրա իրենք կհամագործակցեն ուրիշ կուսակցությունների հետ։ Սակայն թե կոնկրետ ո՛ր կուսակցության հետ, նույնիսկ ինքը՝ կուսակցության առաջնորդը չասաց։
Կենտրոնի տարածքային կազմակերպության ներկայացուցչի ելույթի ժամանակ բարձրախոսները չգիտես ինչու բարձրաձայնեցին Իրինա Ալեգրովայի հայտնի երգի «Сегодня день рождения моей маленькой, но всё-таки души»։
Ելույթ ունեցան նաեւ Արթիկի, Արտաշատի, Կապանի տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Նրանցից մեկը կոչ արեց ԱԺ-ում բարձրացնել երիտասարդության հարցերը, քանի որ, ի տարբերություն ճաշից հետո անգլիական աղ օգտագործող եւ ջրում լողացող ամազոնուհիների, իրենք առողջ մարմին սարքելու տեղ չունեն։
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ