1996-ի նախագահական ընտրություններից հետո «Հայաստանի Հանրապետութիւնը» վերլուծությունների հոդվածաշար հրապարակեց, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը։ Թեկնածուների մեջ Հայաստանի ներկայիս նախագահն անգամ թռուցիկ հիշատակված չէր։ Սա եւս մի ապացույց է, թե որքան անհեռանկար գործ է քաղաքական կանխատեսումներով առաջնորդվելը։ Այսուհանդերձ, ընտրական օրենսգրքի միասնական տարբերակի կողմնակից 10 կուսակցություններն արդեն այսօր են փորձում ծրագրել, թե ինչպես են հանդես գալու միայն կես տարի հետո կայանալիք ընտրություններում։
«Հայրենիքն»՝ առաջարկում է ՀՀԺ հիմնել
«Առավոտն» արդեն հաղորդել է, որ դեկտեմբերի 17-ին «Ժողովրդավարական Հայրենիքն» այլ կուսակցությունների քննարկմանն է ներկայացրել մի հայտարարության նախագիծ, որով առաջարկում է հիմնել «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» (ՀՀԺ) խորհրդակցական մարմինը։
Հավելյալ նշենք, որ ՀՀԺ-ն ընտրական դաշինք չէ, բայց չի բացառվում այս խորհրդակցական մարմնի շրջանակում ընտրական դաշինքների առաջացումը եւ դրանց համագործակցությունը։
Կարդացեք նաև
Էդվարդ Եգորյանը նաեւ առաջարկներ է ներկայացրել։ Մասնավորապես՝ դարձյալ (որպես օրենսդրական նախաձեռնություն) առաջադրել ընտրական օրենսգրքի միասնական տարբերակը՝ փոխզիջումային որոշ փոփոխություններով եւ նաեւ ազգային հեռուստատեսությունն ու ռադիոն հանրայինի վերածելու վերաբերյալ օրենքի միասնական նախագիծ ներկայացնել։ Ավելին, «Հայրենիքն» արդեն տասնյակի ուշադրությանն է ներկայացրել այդ օրենքի իր տարբերակը։
ԱԺՄ-ն մասնակի համագործակցության կողմնակից է
Ընտրական օրենսգրքի «Երկրապահի» տարբերակն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո տասնյակի 3-4 հանդիպումներին ԱԺՄ-ից ներկայացել են Արշակ Սադոյանը կամ Շավարշ Քոչարյանը։ «Հայրենիքի» նախագծի մասին Արշակ Սադոյանն առայժմ չցանկացավ խոսել։ Փոխարենը ներկայացրեց իրենց դիրքորոշումն ընդհանրապես միավորման հեռանկարների վերաբերյալ. «Ցավոք սրտի, հիմնական կուսակցություններն իրենց սկզբունքային մոտեցումներով, գործելակերպով իրարից էապես տարբերվում են։ Այդ իմաստով, պետք է խոստովանել, որ հեռահար քաղաքական նպատակների շուրջ իրական համագործակցությունը որոշ ուժեղ կուսակցությունների հետ հնարավոր չէ՝ իմ կարծիքով։ Այլ հարց է, որ անհրաժեշտ է համախմբել կուսակցությունների ջանքերը հանուն ազատ եւ արդար ընտրությունների։ Այդ տասնյակից այսօր էլ առնվազն 7-8-ը կարող են պայմանավորվել տեղամասերում ընտրությունները վերահսկելու շուրջ»։
Արշակ Սադոյանն անիմաստ համարեց այժմ ստվերային կառավարության ձեւավորման մասին խոսելը։ Հիշեցնենք, որ սա ՀՀՇ-ի առաջարկն է, որի նախանշած՝ Կարեն Դեմիրճյան՝ նախագահ, Վազգեն Մանուկյան՝ վարչապետ բանաձեւի առնչությամբ էլ պրն Սադոյանն ասաց, թե այն լուրջ չէ. «Իմ համոզմամբ, այս առաջարկը նույնիսկ խորն ու մանրամասն ուսումնասիրությունների կարիք էլ չի զգում։ Մի երկու կուսակցության գաղափարական մերձեցումը դեռ սկզբունքորեն հնարավոր է։ Բայց էապես տարբեր 10 կուսակցությունների կողմից իշխանության բարձրագույն համակարգի ձեւավորումն անիմաստ եւ ուղղակի վնասակար է։ Մենք շա՜տ քիչ ընդհանրություններ ունենք եւ նախկին իշխանավորների՝ ՀՀՇ-ի, եւ Կոմկուսի հետ, եւ նաեւ ինձ համար այդքան պարզ չէ Դեմիրճյանի կուսակցության իրական բնույթը»։
Ինչեւէ, ԱԺՄ ներկայացուցիչներն առայժմ վաղաժամ են գտնում ընդհանրական մոտեցումների եւ միավորման մասին խոսելը։ Իսկ մեր ենթադրությանն ի պատասխան, թե գուցե այս դեպքում արգելակը հատկապես ՀՀՇ-ԱԺՄ անհաշտ հակասություննե՞րն են, Արշակ Սադոյանը մասնավորապես ասաց. «Եթե ՀՀՇ-ի ղեկավարներն էապես փոխել են իրենց մոտեցումները, եթե իրենց գործելակերպով էլ ցույց տան, որ իսկապես նոր ուղի են ընտրել, նոր ճանապարհով են գնում, եւ այն մոտ է մեր գաղափարական սկզբունքներին ու մոտեցումներին՝ առանց նույնիսկ հաշվի առնելու անհատների խնդիրը՝ կարող ենք համագործակցել»։
Ի դեպ, մամուլում հրապարակված մի լուրի համաձայն՝ ԱԺՄ-ն այժմ ՀՅԴ-ի հետ է բանակցություններ վարում։ «ՀՅԴ-ն քաղաքական լուրջ ուժ է Հայաստանում ու Սփյուռքում։ Եվ այս իմաստով բանակցություններ միշտ էլ անհրաժեշտ են։ Դաշնակցական առանձին գործիչների հետ միշտ էլ շփվում ենք, բայց պաշտոնական բանակցություններ վերջին շրջանում չեն եղել»,- պարզաբանեց Արշակ Սադոյանը։
ՀՀՇ-ն քայլերի հաջորդականությունը խախտեց
ԱԺ ամենամեծ խմբակցության՝ «Հանրապետության» ղեկավար Բաբկեն Արարքցյանը ծանոթ էր այն բոլոր առաջարկներին, որ ներկայացվել էին տասնյակի հանդիպումների ընթացքում։ Եվ մեր հարցին ի պատասխան, թե համագործակցության ո՞ր ձեւերն են այժմ առավել իրական թվում, պատասխանեց. «Կարծում եմ, որ այն քաղաքական ուժերը, որոնք իսկապես անհանգստացած են ընտրությունների արդար եւ ժողովրդավարական ընթացքով՝ պիտի փորձեն գոնե այս օրենքի շրջանակներում համագործակցել՝ չնայած դա շատ դժվար կլինի։ Եվ այս հանդիպումների նպատակը դաշինք ստեղծելը չէ, այլ ուղղակի պիտի ձգտենք համախմբել ուժերը՝ ընտրությունները ժողովրդավարական եւ բաց անցկացնելու համար։ Համոզմունք չունեմ, որ քաղաքական բոլոր ուժերը, որոնք դեկլարատիվ պնդում էին դա՝ կմիանան այդ դաշինքին։ Բայց, այնուամենայնիվ, մի կորիզ կարող է ձեւավորվել եւ որոշակի սկզբունքների շուրջ կարող ենք համագործակցել ե՛ւ ընտրական հանձնաժողովներում, ե՛ւ ընտրությունների ընթացքում։ Չնայած ներկա նախագծով հանձնաժողովները գրեթե ամբողջովին ղեկավարվող են լինելու»։
Բաբկեն Արարքցյանը նաեւ նշեց, թե դաշինք կազմելու համար ավելի սահմանափակ թվով կուսակցություններ պիտի հանդիպեն։ Սակայն տասնյակին Վանո Սիրադեղյանի առաջարկը՝ ստվերային կառավարություն ձեւավորելու եւ պետության առաջին չորս տեղերի շուրջ պայմանավորվելու մասին, դաշինքից էլ ավելին է։ «Այսօրվա դրությամբ այդ առաջարկը «սառեցված» է։ Քանի որ, կարծում եմ, հենց որոշ անունների թվարկումը (Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Մանուկյանի- Ա. Ի.) որոշ ուժերի մոտ առաջացրին ավելի զուսպ մոտեցումներ,- ասաց Բաբկեն Արարքցյանը։ – Առաջին հերթին պիտի խոսվի գաղափարական ծրագրահենքերի մասին եւ եթե ընդհանրություններ գտնեն՝ նոր հետո կարելի է որոշակիացնել։ Կարծում եմ, որ քայլերի հաջորդականությունն, ըստ երեւույթին, անհաջող արվեց՝ դրա համար էլ այժմ զգուշավոր մոտեցումներ կան։ Բայց անպայման պիտի աշխատենք, որ քաղաքական, գաղափարական նման ծրագրահենք ունեցող ուժերն իսկապես մի կողմ թողնեն տարաձայնությունները եւ դաշինք կազմեն»։
Հիշեցնենք, որ այս տասնյակի մեջ ՀՀՇ-ից սերված եւ նրան իրենց ծրագրերով մերձ առնվազն 4 կազմակերպություններ կան։ Մեկն էլ հենց ԱԺՄ-ն է, որի վերաբերյալ արդեն իսկ հրապարակավ ՔԴՄ-ի նախագահ Իդա Մարտիրոսյանը նշել էր, թե ամենաշատը Վազգեն Մանուկյանը շահեց այս միավորումից։ Իսկ այլ թերահավատ գործիչներ գուշակում էին, որ այս բանակցությունները ոմանց համար միայն իրենց ավելի թանկ ծախելու առիթ կդառնան։ Բաբկեն Արարքցյանին խնդրեցինք մեկնաբանել այսօրինակ կանխատեսումները։ «Իհարկե, կա նման մտայնություն։ Եվ հենց դրա համար եմ ասում, որ սկզբում էր պետք պարզել, թե արդյոք գաղափարների՞ ընդհանրության, թե՞ քաղաքական պատեհապաշտությունից ելնելով էին ցանկանում միավորվել։ Այլապես նման կիսատ բանակցությունները հենց այսպիսի առիթներ են դառնում։ Հիմա չեմ ուզում ասել՝ ով օգտվեց, ով վնաս կրեց՝ դա շատ թափանցիկ է եւ երեւում է։ Եվ այստեղ կարելի է խոսել ոչ միայն ԱԺՄ-ի, այլեւ ուրիշ կուսակցությունների մասին էլ։ Ցանկը կարող ենք շարունակել»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. ՔԴՄ նախագահ Իդա Մարտիրոսյանն այս հանդիպումներից մի կարեւոր եզրակացության էր հանգել, որ որակապես անհավասար կազմակերպությունների միավորումն աննպատակահարմար է։ Եվ ժամանակն է, որ փոքր ու միջին կուսակցությունները ոչ թե մեծերից կառչեն, այլ սեփական դաշինքով հանդես գան։