Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալան-թալանի իսկական կազմակերպիչները»

Դեկտեմբեր 22,1998 00:00
Shoger Matevosyan

«Շամիրամի» վերապահումները նախորդ իշխանության վերաբերյալ ՔԽ-ի գնահատականին

Թերեւս Քաղաքական խորհրդի նորընտիր բարեկիրթ քարտուղար Ռուբեն Խուրշուդյանը մի քիչ շտապեց՝ հատուկ շնորհակալություն հայտնելով նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգծի գնահատականին վերապահումներով «կողմ» քվեարկած «Շամիրամին»՝ անցյալի սխալներն ու վրիպումներն ընդունելու խիզախության համար։ Պետք էր սպասել՝ մինչեւ «Շամիրամը» ներկայացներ նախապես հայտարարած իր երկու վերապահումները։

«Շամիրամի» համանախագահ Շողեր Մաթեւոսյանի հետ զրույցում պարզեցինք, որ նա «կողմ» է քվեարկել միայն այն դրական գնահատականներին, որոնք պարունակվում են այդ փաստաթղթում։ Այն է, որ «նախորդ իշխանությունների օրոք՝

ա) ընդունվել է անկախության հռչակագիրը, որը սկիզբ դրեց Հայաստանի պետական անկախության գործընթացին,

բ) սկսեցին ձեւավորվել պետական իշխանության բոլոր ինստիտուտները,

գ) ՀՀ-ն՝ որպես անկախ պետություն, ճանաչվեց միջազգային հանրության կողմից, ինտեգրացվեց միջազգային բազմաթիվ կազմակերպությունների,

դ) ձեւավորվեց եւ կայացավ ազգային բանակը՝ ազգային անկախության կարեւորագույն հիմնաքարը»։

Քաղաքական գնահատականի մյուս բոլոր հատվածներին են վերաբերում «Շամիրամի» վերապահումները։ Եվ արձանագրված վրիպումների դրդապատճառների մեկնաբանություններն էլ, ըստ տիկին Մաթեւոսյանի՝ ուղղակի սխալ են։ Իրական պատճառները պարունակվում են «Շամիրամի» վերապահումներում, որոնք հետեւյալն են.

«1. Խորհրդային տնտեսական համակարգի փլուզման հետեւանքով բնականաբար փլուզվեց հանրապետության արդյունաբերությունը, եւ ժողովրդին սովի չմատնելու միակ ձեւը միջազգային կազմակերպությունների ներդրումներն էին, որոնց հետեւում կանգնած էր ԱՄՆ-ն։ Նախկին իշխանություններին այս պայմաններում հաջողվեց Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ պահպանել՝ միաժամանակ պաշտպանելով ԱՄՆ-ի՝ վարկերի հետ պարտադրված աշխարհաքաղաքական շահերը։ Անհրաժեշտ է ստեղծել այդ միջազգային կազմակերպություններին նվիրված մարդկանց ցանց, որոնք կպաշտպանեին դրանց շահերը, իսկ աղքատ երկրում աղքատ չինովնիկների առկայության պայմաններում ցանկացած «նվիրվածություն» կարելի է գնել, ինչն արվում է մինչեւ այսօր եւ կարվի եւս 30 տարի, քանի դեռ այս երկիրն աղքատ է։

2. Հայտարարված ժողովրդավարությունը դեռ չի նշանակում ժողովրդավարության լիակատար հաղթանակ, որին ամենեւին էլ չեն նպաստել այն կուսակցությունները, որոնք կոչված էին հասարակությունը քաղաքացիական դարձնելու։ Այս պայմաններում հսկայական ազդեցություն են ձեռք բերում իշխանական լծակ ունեցող չինովնիկները, որոնք կանխորոշում են արդար կամ ոչ արդար ընտրությունները՝ ապահովելով իրենց բարեկեցությունը։

Այսպիսով, նույն չինովնիկների գործունեությունն ապահովում է ցանկացած նախագահի իշխանությունը՝ հանուն անձնական շահերի։ Իսկ ալան-թալանի հիմնական հեղինակներն ու կազմակերպիչները շարունակում են իշխանական ղեկին մնալ, քանի դեռ մեր կուսակցությունները տարբերություն են դնում ազգային եւ պետական շահերի միջեւ եւ իրենց անձնական խնդիրները շփոթում են հասարակականի հետ»։

Ի դեպ, Շողեր Մաթեւոսյանը նաեւ հայտնեց, որ իրենք պատրաստվում են տալ նախկին ընդդիմության քաղաքական գնահատականը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031