Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մաքսավճարի «առեղծվածը»

Դեկտեմբեր 22,1998 00:00
Azgayin joxov

Դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճի նախասրահում, առաջին հերթին, իհարկե, լրագրողական շրջանակներում, ինչ-որ ինտրիգի որոնում կար։ Հետաքրքրության առանցքն այն էր, թե ինչո՞ւ է վարչապետը հայտնվել Ազգային ժողովում։ Ինտրիգն ավելի հետաքրքիր նրբերանգներ էր ձեռք բերում նաեւ նրանով, որ խորհրդարանում գտնվելով հանդերձ, Արմեն Դարբինյանն այդպես էլ չմասնակցեց ընդմիջումներին պարբերաբար գումարվող «Երկրապահ» պատգամավորական խմբի խորհրդակցություններին։ Լրագրողներին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը մինչ այդ հասցրել էր ապակողմնորոշել, թե վարչապետը խորհրդարան է ժամանել հանուն տնտեսական օժանդակություն նախատեսող միջազգային պայմանագրի վավերացման։ Գուցե թե այդ հանգամանքը դեր խաղացել է, սակայն մեր ունեցած ստույգ տեղեկատվությունն այլ շարժառիթներ է մատնանշում։ Բավական է ասել, որ Արմեն Դարբինյանը չի շրջանցել երկրապահական միջավայրը։ Սակայն այս անգամ նա ոչ թե ամբողջ պատգամավորական խմբի հետ է հանդիպել, այլ՝ վերնախավի։ Ընդ որում՝ 2 անգամ։

Իսկ այդ հանդիպումներին նախորդում ու հաջորդում էին «Երկրապահ» պատգամավորական խմբի խորհրդակցությունները, որոնք ամենեւին էլ միջազգային պայմանագրերին չէին, որ վերաբերում էին։

Ուրեմն այսպես՝ «Երկրապահ» պատգամավորական խումբը հիմնականում քննարկել է մաքսավճարների հարցը։ Գաղափարին հավանություն տալու հիմնական ջատագովներն են եղել Անդրանիկ Մանուկյանը եւ Սմբատ Այվազյանը։ Պատգամավորական խմբի այս պահին էլ դե-ֆակտո առաջնորդը հայտարարել է, որ մաքսավճարի գաղափարը մերժելու դեպքում, կփլուզվի ամբողջ համակարգը։ Այլապես աշխատելն անհնար է։ Սմբատ Այվազյանի խոսքն, ըստ էության, շարունակել է «Արարատ-Լադա» ձեռնարկության տնօրեն Անդրանիկ Մանուկյանը՝ ասելով, թե գտնված մեխանիզմ է առաջարկում՝ բերեք համաձայնություն տանք, թող տղերքն աշխատեն։

Սակայն նույն «Երկրապահի» ներսում մաքսավճարի գաղափարն ունեցել է նաեւ ընդդիմախոսներ։ Ոմանք չեն էլ թաքցրել, որ դեմ են քվեարկելու։ Հիմնավորումը ձեւավորվել է հետեւյալ առանցքի շուրջ. թող 0,3 տոկոս մաքսավճարը մտցվի մաքսատուրքի մեջ եւ ստացվելիք գումարի չափով պետբյուջեից փոխանցվի մաքսային վարչությանը նույն համակարգիչները գնելու, նույն շինարարություն ծավալելու համար։

Ի վերջո, «Երկրապահում» քաղաքական վճիռ է կայացվել՝ կողմ քվեարկել մաքսավճարի գաղափարին։ Այդպես էլ եղավ՝ օրենքի նախագիծը հավանության արժանացավ 127 կողմ, 8 դեմ, 10 ձեռնպահ քվեով։

Մաքսավճարների գանձումը կշարունակվի, թեպետ, որոշ պատգամավորների կարծիքով, գործող մեխանիզմը թույլ չի տա գործընթացը վերցնել վերահսկողության տակ…

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031