ԼՂՀ անկախության հանրաքվեի տարեդարձի առթիվ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը, ԵՊՀ ուսխորհուրդը կազմակերպել էին հանդիպում ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հետ։
ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանն ասաց, որ անձի գովք չէ, որ իրեն պիտի թույլ տա. «Իրեն (Սամվել Բաբայանին- Ա.Գ.) գործով գիտեք»։ Հրամանատարությունն էլ նրան ոչ ոք չի շնորհել, ինքն է պայքարում նվաճել այն։ Սամվել Բաբայանն առաջին հերթին պրոբլեմներից պատմեց։ Դրանք անմիջականորեն առնչվում են այն ակնկալիքներին, որոնք ԼՂՀ պաշտպանության նախարարն ունի «Հայաստանի ջահելությունից»։
Նախարարն ի սկզբանե ասաց, որ անկեղծ է լինելու։ Ղարաբաղի «բանակի ներսի կյանքում» «կան սպանություններ, դեպքեր, թերություններ»։ Եվ քանի որ 150 հազար բնակչություն ունեցող երկրից չի կարելի 5-6 հազար սպա պահանջել, պրն Բաբայանն ակնկալիքներ ունի «Հայաստանի ջահելությունից»՝ սպայական կազմը համալրելու համար։ «Թույլ է» ոչ միայն սպայական կազմի վիճակը։ Զինվորների 40 տոկոսի կրթությունը 4-րդ, 5-րդ դասարանի է, «տուն նամակ գրել չի կարողանում»։ Պրն Բաբայանը կոչ արեց՝ օգնեք։ «Ներսի մնացած հարցերում» Ղարաբաղի «վերեւ- ներքեւի օղակների հետ պրոբլեմ չկա, չի լինելու»։
Փոխարենը պրոբլեմներ կան Հայաստանի (կամ՝ «ստեղի») հետ։ Հավանաբար այդ կերպ կարելի է հասկանալ Սամվել Բաբայանի այն հայտարարությունները, թե ոչ մեկն իրենց կոնկրետ, կտրուկ, հստակ չի ասում, թե «ինչ ենք հետ տալու, մինիմում ինչ ենք զիջելու»։ Երկրորդ խնդիրը, որ «չի ստացվում մեր ու Հայաստանի միջեւ», «մարմնով միանալու» խնդիրն է. «Քելբաջարն ու Լաչինը չենք տալու։ Մեր միջեւ ոչ ոք, բացի հայությունից, չպիտի ապրի»։ Երրորդ պրոբլեմն այն է, որ, ըստ պրն Բաբաբյանի, «Ղարաբաղը պիտի զարգանա առաջնակի։ Հայաստանից պիտի հոսք լինի Ղարաբաղ»։ Այն պատճառաբանությամբ, որ «մի անգամ հաղթանակած տղամարդը» սոված կռիվ չի գնալու։ Անկախ վերեւում թվարկված պրոբլեմների, Հայաստանի հետ Ղարաբաղը միացած է՝ ե՛ւ տնտեսապես, ե՛ւ քաղաքականապես, ե՛ւ օրենքներով. «աշխարհի համար ենք արտահայտում, որ ունենք երկու պետություն։ Երկուսս միասին մի բեռ ենք քաշել»։
Կարդացեք նաև
Իսկ ընդհանրապես Սամվել Բաբայանի համար «փոխզիջումային տարբերակն անհասկանալի է». «էդ ձեւի մոտիկացումներ ես չեմ ընդունում»։ «Ընդհանուր պետության» գաղափարն էլ Սամվել Բաբայանը չի ընդունում, որովհետեւ «դա Ադրբեջանի երեսը փրկելու համար է»։ Մեր այն հարցին, թե արդյոք իրենց զիջումներ անել է պարտադրվել, պրն Բաբայանն ասաց. «Գիտենք, որ մի բան պիտի զիջենք»։ Դրա համար էլ հարկ է ճշտել՝ մեզ հող պե՞տք է։ ԼՂՀ պաշտպանության նախարարն ասաց, որ ղարաբաղցիների 70 տոկոսը Հայաստանում տուն ունի։ Եվ եթե 30 տոկոսն էլ ապահովվի, այլեւս ապրելու պրոբլեմ չեն ունենա։ Իսկ հողեր զիջել-չզիջելու հարցը ժողովուրդը պիտի որոշի. «Ժողովրդի արյունով անեն, հետո երկու հոգի՞ նստեն որոշեն»։
Այն հարցին, թե ավելի ճիշտ չի՞ լինի, որ ԼՂՀ պաշտպանության նախարարը ստանձնի նախագահի (ԼՂ) պաշտոնը եւ կրի պատասխանատվությունը, պրն Բաբայանը պատասխանեց, որ ինքը կարիերիստ չէ, չի ուզում դառնալ նախագահ, հետո էլ Հայաստան գա։ Իրեն Ղարաբաղից դուրս չի պատկերացնում, իսկ պատասխանատվություն ինքը միշտ կրել է։
ԵԱՀԿ նոր առաջարկներն, ըստ պրն Բաբայանի, Ղարաբաղի լրիվ անկախությունն էին ապահովում, դրա համար էլ Ադրբեջանը չի ընդունել դրանք։
Գյուղատնտեսության հարցում Ղարաբաղում «մի լավ լուծում» են գտել, որ մեզ էլ կուղարկեն՝ կուսումնասիրենք։ Սակայն պրն Բաբայանը բառերով չի կարող ասել, «օրենքը կկարդաք, կհասկանաք մեր մոտիկացումները»։
Ղարաբաղում մսի գինը ոչ թե Սամվել Բաբայանի եղբայրն է իջեցրել, այլ 97-ին «մսի գործի տակ դրած մեծ գումարները»։ Ընդհանրապես Հայաստանի ջահելությունից Սամվել Բաբայանը շատ դժգոհ է նաեւ նրանց պասիվության, անտարբերության պատճառով. չեն մտածում 1 մլրդ դոլար արտաքին պարտքի մասին։ Այսօր 20 տոկոս հարկերից դժգոհում են, բայց հենց «էստեղ նստածներից» ոմանք մի 5-10 տարուց հետո որոշում կկայացնեն 40 տոկոս հարկերի մասին։
Վազգեն Մանուկյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը չորս հոգու ձեռքում է (այդ թվում եւ Սամվել Բաբայանի), առիթ է դարձել, որ Սամվել Բաբայանը հանդիպի նրա հետ (հանդիպումը նշանակված էր երեկ ժամը 16-ին)։ Իսկ «Վազգեն Մանուկյանը շատ լավ գիտի, որ սուտ ա ասում»։
Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերությունների մասին հարցին ի պատասխան էլ Սամվել Բաբայանն ասաց, որ Հայաստանի նախագահը իր տված հարցերին պատասխան չի տվել. «Կտա՝ կտա, չի տա՝ իրա պրոբլեմն ա»։ Մանավանդ որ պրն Բաբայանը Հայաստանի համար կործանում է համարում «ցնցումներով ապրելը»։
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ