Դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովում քննության առնվեցին մի շարք միջազգային պայմանագրեր, որոնց հարցով գլխադասային հանձնաժողովն արտաքին հարաբերությունների համապատասխան կառույցն էր։
Պատգամավորների դատին ներկայացվեց «ՀՀ եւ ԳԴՀ միջեւ տեխնիկական օժանդակության մասին» համաձայնագիրը։ Դրա կողքին՝ նույն պետությունների միջեւ կնքված ֆինանսական օժանդակության մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ ՀՀ եւ Եվրամիության կնքած համաձայնագիրը, որով նախատեսվում է վարկի տրամադրում Հայաստանին։ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքն է մեկնաբանում խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը։
– Շատ հրատապ կարգով օրակարգ մտցվեց երեք համաձայնագիր։ Կանոնակարգը պահանջում է, որ օրակարգ մտցվեն միայն այն պայմանագրերը, որոնց վերաբերյալ կա հանձնաժողովի եզրակացությունը։ Այլ կերպ չի կարելի՝ կա երեք հարց, որ անպայմանորեն պետք է անցնի այդ պրոցեդուրայով՝ պատերազմի հայտարարում, համաներման հայտարարում եւ պայմանագրերի վավերացում։ Կան հարցեր, որ միայն քննարկումների ժամանակ է հնարավոր հարթել։ Մեզ փաստի առջեւ են կանգնեցրել, եւ օրակարգում ընդգրկվել է երեք հարց՝ առանց հանձնաժողովի եզրակացության։
Բայց, առանց հեգնանքի եմ ասում, մեր հանձնաժողովը, պետական շահը ֆորմալ հարցերից վեր դասելով, փորձեց նիստ գումարել՝ պայմանագրերի բովանդակությունն ուսումնասիրելու համար։ Իհարկե, հնարավոր չէ դրանք հապշտապ քննության առնել։ Սակայն, այնուամենայնիվ, պարզվեց, որ ներկայացված երեք պայմանագրերից երկուսը լուրջ խնդիրներ են բովանդակում, որոնց վերաբերյալ կառավարությունն ու նրա ներկայացուցիչը մեզ որեւէ պատասխան չկարողացան տալ։ Համաձայնագրերից մեկում Հայաստանի համար շատ վիրավորական մի կետ է ամփոփված։ Դա Գերմանիայից Հայաստանին տրամադրվելիք տեխնիկական օժանդակության ընթացքը նկարագրող համաձայնագիրն է։ Շատ մեծ լիազորություններ է պահանջվում այդ տեխնիկական օժանդակությունը ցուցաբերելիք անձանց համար։ Այդպիսի լիզորություններ նույնիսկ Հայաստանում հավատարմագրված դեսպանները չունեն։
Կարդացեք նաև
Կա մի կետ, որին, հանձնաժողովը համարում է, անպայմանորեն պետք է վերապահումով մոտենալ. Հայաստան գործուղված մասնագետները եւ նրանց ընտանիքների անդամները կառավարության երաշխավորությամբ պետք է չձերբակալվելու եւ չկալանավորվելու իրավունք ունենան, այդ թվում՝ սխալներ կատարելու դեպքում, ինչպես նաեւ՝ բանավոր եւ գրավոր հայտարարություններ անելու դեպքում։ Փաստաթուղթը վիրավորական է նաեւ այն առումով, որ ենթատեքստում ենթադրում է, թե Հայաստանում արտասահմանցիներին ձերբակալում են բանավոր հայտարարությունների համար։ Մյուս կողմից էլ այնպես է ստացվում, որ անգամ լուրջ քրեական գործողությունների դեպքում այդ մարդիկ քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու։ Աստված մի արասցե, եթե նույնիսկ հարբած վիճակում երեխայի գցեն ավտոմեքենայի տակ, էլի պիտի անձեռնմխելի լինեն։ Այդպիսի արտոնություն Հայաստանում նույնիսկ պատգամավորներն ու դեսպանները չունեն։
Մենք, իհարկե, շնորհակալ ենք գերմանական կողմին, սակայն համարում ենք նաեւ, որ այդպիսի բարենպաստ համաձայնագրին ոչ համարժեք լիազորություններ են սահմանվում տեխնիկական օգնություն ցուցաբերելիք անձանց համար։ Մեր կարծիքով, դա ոչ թե գերմանական կողմի խիստ պահանջներից է, այլ՝ հայկական կողմի վատ աշխատանքի հետեւանք։ Եթե հայկական կողմը ժամանակին առարկեր, ապա այսօր մենք այդ խնդրին չէինք բախվի, մանավանդ որ Հայաստանում գոյություն ունի Գերմանիայի դեսպանատուն, որը շատ լավ տեղեկացված է Հայաստանի վիճակի մասին ու հանգիստ կարող է ծանուցել, որ մարդիկ մեզ մոտ հանգիստ կարող են շրջել փողոցներում։ Պարզապես պետության համար է վիրավորական։
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ