Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ րոպե, ուրիշ ոչինչ

Դեկտեմբեր 19,1998 00:00
zinvor

Այս էլ որերորդ անգամ քաղաքացիները մեզ համոզում են, թե իրենց վերջին հույսը թերթն է։ Սա դեռ ոչինչ։ Բա որ ասում են, թե՝ այս կամ այն նախարարը։ Այստեղ արդեն չնչին կասկած էլ անգամ չի մնում, թե ժողովուրդն իր իմաստնության հետ մեկտեղ, անչափ միամիտ է։

Ներկայացնեմ հերթական մարդկային ճակատագրի պատմությունը։ Երեւանում, Պուշկինի փողոցում, հայտնի «Աքաղաղ» խանութի հենց հարեւանությամբ արկղեր են երեւում՝ կարտոֆիլի, կաղամբի, մանր խնձորների ու խառը կանաչու։ Երեւում է նաեւ դրանց կողքին նստած կամ կանգնած (հետուառաջ անող) սպիտակահեր մի կին։ Համոզված եմ՝ ճերմակել է վերջին հինգ տարիներին, անհույս հետուառաջ է անում հենց այս վերջին հինգ տարում։

1993-ին, տարիքը լրանալուն պես, բանակ են զորակոչել նրա միակ որդուն՝ Մանվել Սիմոնյանին։ Նախապես տարել են Ղափան։ Դա եղել է նոյեմբեր ամսին։ Մեկ ամիս անց մայրը որդուն գտնելու համար բազմաթիվ նամակներ, հեռագրեր է ուղարկում (համապատասխան բաժիններին ուղղված)։ Ութ ամիս հետո պատասխանում են, թե՝ որդիդ Ղափանում է։ Մայրը Ղափանում էլ չի գտնում Մանվելին։ «Իմացա, որ Հորադիզ են տարել։ Ու ինձ Վազգեն Սարգսյանի կարգադրությամբ տարան Հորադիզ։ Ասացին, որ առաջին գծից տղաս անհետացել է։ Ինչպե՞ս, հո հավի ճուտ չէ՞ր, որ կորչեր, ի՞նչ եղավ…»։ Հետո կինը սկսեց պատմել, որ Էջմիածնում կես սենյակի մեջ է ապրում իր ընտանիքով։ Սկեսուրը առաջվա իրենց տունը կտակել է մյուս որդուն, իրենք էլ… դե այսպես։ Նորից անցնում է որդուն. «Թող ինձ մի պատասխան տան, թող ասեն՝ զոհվել է, գերի է ընկել, ոչ մի պատասխան չեն տալիս։ Երեխա եմ տվել, բա չիմանա՞մ…»։

Այս վերջին մեկ տարում «անհայտ կորածի» ընտանիքին օգնում են սոցապ նախարարությունն ու երկրապահները. ժամանակ առ ժամանակ 5000 դրամով, ուտելիքով… օգնում են, ուրիշ ոչնչով չեն կարող օգնել։ «Դուք թերթով ասեք, որ ես ուզում եմ Վազգեն Սարգսյանի մոտ մտնել, հինգ րոպեով նրա հետ զրուցել, ուրիշ ոչինչ չեմ ուզում»։

Սա ոչ «Մեր բակը-2»-ն է, եւ ոչ էլ մի սովորական պատմություն։ Եթե առաջինում հինգ րոպեն այս դեպքում (նախագահի մոտ) ինչ-որ լուծում է տալիս խնդրին, ապա այս դեպքում… ոչինչ. միայն մի թուղթ. «Մանվել Սամվելի Սիմոնյան, ծնված 1974 թ…. անհայտ կորել է 26.08.1994 թ. մարտական դիրքերից…», տրված է սոցիալական պաշտպանության վարչության կողմից, ՀՀ կառավարության 14.12 1993 թ. 629-գ որոշման հիման վրա՝ սահմանված զեղչերն ու արտոնությունները ձեւակերպելու համար։ Հա՛, մի բան էլ ասաց զինվորի մայրը. «Որդուս վրա քրեական գործ էլ հարուցեցին՝ ինչ-որ զենքի համար…»։

Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031