Հայաստանի պահպանողական կուսակցությունը երեկ հանդես եկավ հայտարարությամբ՝ բավական «համարձակ» մտքերով համեմված։
Մինչ հայտարարության նյութին անցնելը, նշենք, որ պահպանողականներին են միացել «Հայ դատ» հասարակական կազմակերպությունը, Հայ աշխատավորների կուսակցությունը, ՀՀ Ազգային վերածննդի կուսակցությունը՝ գրավոր եւ Ցեղապաշտական կուսակցությունը՝ բանավոր։
«Պահպանողական կուսակցությունը (նաեւ վերոնշյալ մյուսները) իր վճռական բողոքն ու տագնապն է հայտնում Իրաքի տարածքն ու խաղաղ բնակչության ռմբակոծման՝ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների գազանային արարքի կապակցությամբ»։ Ընթերցելով նախապես լրագրողներին բաժանված հայտարարությունը՝ կուսակցության նախագահ Միքայել Հայրապետեանը դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բիլ Քլինթոնի այս արարքը որակեց իբրեւ սեփական սեռական հարցերի լուծման փորձ՝ արաբ անմեղ մանուկների արյան հաշվին, եւ որ կարեւորն է՝ «դա տեղի չէր ունենա, եթե պահպանողական գաղափարախոսության կրող հանրապետական կուսակցությունն այսօր ԱՄՆ-ում լիներ իշխանության»։
Կուսակցությունը բողոք-պահանջի ուղերձներ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Չինաստանի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներին՝ հորդորելով սանձել հրահրվող պատերազմը։
Կարդացեք նաև
Պահպանողական կուսակցությունը, փաստորեն, ավելի հեռատես է գտնվել. Հայաստանին սպառնացող այս վտանգի համար նրանք անհանգստացել են դեռ վաղուց՝ 97-ի եւ 98-ի նոյեմբեր ամիսներին բողոքի ցույցեր կազմակերպելով ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ։
Քանի որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ են Ռուսաստանը, Չինաստանը եւ Ֆրանսիան, կուսակցության կարծիքով այս իրադարձությունը (ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի խախտում) ապտակ էր նրանց երեսին։ «Հաշվի չառնենք, որ մեր մաշկի գույնը մի փոքր այլ է նրանց մաշկի գույնից, կամ որ մենք քրիստոնյա ենք (որ դեռ ստուգել է պետք,-Մ. Հ.), իսկ նրանք՝ մուսուլման։ Եկեք սթափվենք, դուրս գանք ընկճվածությունից… հասկանանք, որ պատերազմը մեր դուռն է թակում։ Ամերիկայի օրինակով՝ ժամանակն է էշին փղով փոխարինել»։ Կուսակցությունը պատրաստվում է օգնություն ցուցաբերել արաբ ժողովրդին, եւ «եթե կարող եք, ձեր մի կապոց բինտն ավելացրեք մերին»։
Ի վերջո, «Բիթլզ» ծնած ժողովուրդը չպիտի արժանանար հազարավոր մայրերի անեծքին»,-հուզված արտասանեց Մ. Հայրապետեանը։ Ասուլիսի վերջում մեր գործընկերներից մեկը խնդրեց թեմայից դուրս մի հարց տալ. «Ինչպե՞ս եք վերաբերվում աղանդավորներին». կարծում եմ՝ հարցն ամենեւին էլ թեմայից դուրս չէր։ Պատասխանը եղավ. «Շատ նորմալ՝ օրենքի սահմաններում, հաճախ շատ բարեհամբույր». պատասխանը եւս սպասելի էր։
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ