Արագածոտնի մարզի Կարբի գյուղում ՀՍՆՀ-ն հերթական ջրագիծը բացեց։ Այս անգամ ջրագծի բացմանը մասնակցում էր նաեւ ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը, որն էլ, դպրոցի բակում ողջունելով դպրոցականներին եւ կարբեցիներին, ասաց. «Ձեզ բարի բախտ եմ ցանկանում»։ Բարի բախտն իր հերթին, բայց որ պարոն Սաադաթի անգլերենը երեխաները բերանբաց լսում էին եւ նույնիսկ մեկ-երկու բառ հասկացան, դա՝ հաստատ։
Գյուղական պատկերներ
Կարբին հանրապետության ամենախեղճ գյուղը չէ, ավելին՝ բոլորովին խեղճ չէ։ Գյուղն ունի 3400 բնակիչ, 980 աշակերտ։ Գյուղի պատմությունը ըստ դպրոցի տնօրենի, սկսվում է Մենուայի ժամանակներից։ Հիմնականում հնաբնակներ են, հին Բայազետից գաղթածներ. «Եթե մեր կառավարությունն ուզում է դուրս գալ համաշխարհային շուկա, պետք է գա ու կանգնի գյուղացու կողքին»,- պնդում է դպրոցի տնօրենը։ Խմելու ջրի խնդիրն այս գյուղում արդեն լուծվեց եւ լուծվեց սոցներդրումների հիմնադրամի շնորհիվ։ Սակայն գյուղն ամենեւին անտեր ու լքված չէ, շատ բարերարներ, թափով մարդիկ, չգիտես ինչու, ընտրել են հենց այս բերրի, գեղեցիկ եւ հեռանկարային գյուղը եւ լավ էլ օգնում են։
Այդ բարերարների անունները թվարկելիս գյուղապետը ոչ մի պայմանով չուզեց շփոթվել եւ չմոռացավ թվարկել բոլորին մեկ առ մեկ։ Գյուղապետն ինքն էլ երկրապահների միության անդամ է, թեպետ նախկինում՝ ֆիզիկոս է եղել։ Ջրագծի համար անհրաժեշտ միջոցների մեծ մասը, ինչպես միշտ ներդրել է սոցներդրումների հիմնադրամը, գումարի 15 տոկոսը տրամադրել է համայնքը։ Գյուղում կա ընտանիք, որ մոտ 50 հազար դրամ է տվել, սակայն ընտանիք էլ կա, որ ոչ մի լումա ի վիճակի չի եղել տալ։ Յուրաքանչյուր ընտանիքի բաժին է ընկել միջինը՝ 5-7 հազար դրամ։ Ջրագծի ընդհանուր արժեքն է 110 հազար դոլար, որի 7,5 մլն դրամը տվել է համայնքը։
Կարդացեք նաև
Չմոռանանք նշել բարերարների մասին, թե չէ կարբեցիք «Առավոտից» խիստ կնեղանան։ Ֆրանսահայ բարերարներ Արաքսյա Մուրադյանը, Ռիտա եւ Վարդգես Պալյանները, արգենտինահայ Արմեն Մեծատուրյանը։ Այս բարեգործներին ամենայն հավանականությամբ գյուղին է կապել նախկին կուսակցական աշխատող Կառլեն Դալլաքյանը, որը թեպետ կարբեցի չէ, բայց արդեն 15 տարի է տուն ունի այստեղ եւ «գաղափարական» աշխատանքը տեղափոխել է այս գյուղ։
Փորձարկվեց ՀԲ-ի դաշտային հեռախոսը
Աշտարակի ձորի գլխին, երբ որոշվեց, որ չարժե այդքան դժվար ճանապարհ իջնել ջրագծի բաշխիչ կետը զննելու համար, պրն Սաադաթը որոշեց փորձարկել ՀԲ-ի նոր դաշտային հեռախոսը։ Բարեբախտաբար հեռախոսն աշխատեց եւ պատվիրվեց պրն Սաադաթի առաջիկա ճամփորդության ավիատոմսն ու հյուրանոցը։ Մեզնից ոչ ոք այդ հեռախոսի համար չզարմացավ, սակայն…
Լարախաղացը զարմացրեց պրն Սաադաթին
Գյուղը ջանք ու եռանդ չէր խնայել պատվավոր հյուրերին ինչպես որ հարկն է դիմավորելու համար։ Ճառ ասելու հրապարակ էր բացվել ե՛ւ դպրոցի բակում, ե՛ւ դպրոցի դահլիճում, իսկ գագաթնակետն էլ ջրագծի գլխին էր։ Այստեղ «մի մեծ անասուն» էին մորթել, դհոլ-զուռնան էլ մի կողմից էր աղմկում, գյուղական հասարակությունն էլ իր հերթին էր մրսում, բայց՝ ներկա էր։ Ճառ ասելու սեր ունեցողներն ու չունեցողները ստիպված այստեղ էլ խոսեցին։ Պրն Սաադաթը զարմացավ, որ լարախաղացն աղջիկ է։ Հավանաբար, պրն Սաադաթի մուսուլմանական հայացքներն էին այս զարմանքի պատճառը։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Հ. Գ. Օրեր առաջ ՀՍՆՀ-ի աշխատանքային պրակտիկայում չտեսնված-չլսված մի դեպք պատահեց. հիմնադրամի աշխատակից Արմեն Զարգարյանը հերթական ջրագծի աշխատանքների ընթացքը ստուգելու պահին սայթաքեց ու վնասեց ոտքը։ Չենք ուզում չարախոսել, բայց երեւի ՀՍՆՀ-ի նոր ոտքը…