Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂՔԱՏ ՃԱՐԵՔ ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 19,1998 00:00
Gagik Eganyan

Ուսանողության մոտ մի սովորություն կա, երբ դասախոսը դասից ուշանում է՝ 15 րոպե սպասելուց հետո ուսանողները ցրվում են։ «Արմենպրեսի» մամուլի սրահում դեկտեմբերի 18-ին լրագրողները ՀՀ սոցիալական ապահովության նախարար Գագիկ Եգանյանին համբերատար սպասեցին ուղիղ 20 րոպե։ Դե, ոչ լրագրողներս ենք ուսանող, ոչ էլ պրն Եգանյանը՝ դասախոս, մանավանդ որ «Արմենպրեսի» տնօրեն Մ. Հարությունյանը զգուշացրեց, որ նախարարին անսպասելի կանչել էին կառավարություն։

Սոցիալական ապահովության խեղճ նախարարի աչքը երեւի շատ էինք վախեցրել լրագրողներս, որ խոսքը սկսեց հետեւյալ կերպ. «Ես խնդրում եմ, իհարկե, եթե կզգաք, որ խոսքս վերածվում է դասախոսության՝ ընդմիջեք ինձ, որովհետեւ նախորդ իմ մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ նման որակման եւ գնահատականի արժանացա։ Իհարկե, չեմ կարծում, որ դասախոսության մեջ վատ բան կա, բայց, ամեն դեպքում»։ Նախարար Եգանյանը սկսեց բացատրել, թե ինչ ասել է սոցիալական ապահովության քաղաքականություն, որպեսզի հասկանայինք սոցիալական ապահովություն ասվածը, այդ ուղղությամբ պետության՝ կառավարության ծրագրերը եւ պետք է արդյոք սոցիալական պետության սահմանադրորեն սահմանված նորմը։

Պրն Եգանյանը խոսքը համեմում էր ցուցապաստառների տվյալներով։ Դրանցից մասնավորապես տեղեկացանք, որ սոցիալական խոցելի խմբերի ցուցակի համաձայն, հանրապետությունում կան շուրջ 110 հազար հաշմանդամ, 17 հազար միայնակ մայրեր՝ 21 հազար երեխաներով, 587 հազար կենսաթոշակառուներ, մոտ 40 հազար աղետի գոտու ժամանակավոր կացարանների բնակիչներ, Չեռնոբիլի աղետի հետեւանքով հաշմանդամներ դարձածների թիվը 5 հազար է, եւ 13 հազար հաշմանդամ զինծառայող։

Նախարար նշանակվելու 1-ին իսկ օրից Գագիկ Եգանյանը փորձել է հասկանալ եւ վերլուծել սոցիալական ապահովությանը վերաբերող հիմնարար հասկացությունները։ Թեպետ պրն Եգանյանը համոզված էր, որ լրագրողներից յուրաքանչյուրս կարող ենք բացատրել ինչ ասել է սոցիալական պետություն կամ ապահովություն, այդուհանդերձ նախընտրեց տալ իր սահմանումը։ «Սոցիալական ապահովությունը դա այն է, որ մարդը, որպես սոցիումի անդամ, հասարակության անդամ, իր բնորոշ կենսապայմաններից, եթե շեղումներ կա, որի անունը դնենք սոցիալական դժվար կացություն, ապա սոցիալական ապահովությունը այդ սոցիալական դժվար կացության մեջ հայտնված անձանց օգնության ճանապարհով այնտեղից հանելն է կամ կանխարգելումը նման կացության առաջացման»,- ձեւակերպեց Գագիկ Եգանյանը։ Սոցիալական ապահովությունը մեր երկիրը որոշել է իրականացնել 2 եղանակով. I- սոցիալական ապահովագրություն, II- սոցիալական աջակցություն։ Եթե I-ինն արվում է անհատների ֆինանսական ներդրմամբ (այսինքն մարդը իր կյանքն ապահովագրում է ցանկացած տիպի վտանգներից), ապա II-ն իրականացվում է պետական բյուջեի հատկացումներով։

Ըստ պրն Եգանյանի, մշակված է նաեւ «Սոցիալական պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքի» նախագիծը եւ ներկայացված կառավարություն։ Նախարարը կոչ արեց բոլորիս՝ ընդգրկվել ապահովագրության համակարգի մեջ, իր հետ միասին։ Առաջ ընկնելով ասեմ, որ նախարար Եգանյանն իր հետ օգտվելու մի կոչ էլ արեց կենսաթոշակային ապահովագրության վերաբերյալ. «Այս համակարգը լիարժեք կանցնի մեկ սերունդի փոփոխությունից հետո, 20 տարի հետո։ Այդ ընթացքում լինելու է երկարատեւ ներդրման ժամանակաշրջան։ Հավանաբար, բոլորդ այդ համակարգից կօգտվեք, ես էլ երեւի կօգտվեմ, եթե առողջությունս մինչեւ այդքան բան կանի…»։

Քանի որ մեր թերթը բազմաթիվ հրապարակումներով անդրադարձել է սոցիալական ապահովության խնդիրներին եւ դրանց լուծման համար պետության, ի դեմս սոցիալական ապահովության նախարարության կողմից առաջարկվող ծրագրերին՝ նպատակահարմար չենք գտնում եւս մեկ անգամ անդրադառնալ սոցիալական ապահովագրությանն ու սոցիալական աջակցությանն իր ընտանեկան նպաստներով հանդերձ։ Նշեմ միայն, որ պրն Եգանյանը ժամանակ առ ժամանակ հարցնում էր. «Հը, չխճճվեցիք դեռ, էլի խճճեմ ձեզ» կամ «եկանք, հասանք բյուջեին, բան չմնաց» կարծես թե պրն Եգանյանն իր առջեւ մեզ խճճելու խնդիր էր դրել։ Բայց դե, մենք լրագրողներս էլ հո խճճվող չենք, համբերատար ուսանողի նման 45 րոպե լսելուց հետո սկսեցինք հարցերի տարափը էլի նույն սոցիալական ապահովագրության ու սոցիալական աջակցության մասին։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ. Գ. «Ես տարբեր տրիբունաներից հայտարարում եմ. կառավարության խնդիրն է՝ գտնել աղքատին եւ աղքատի կողքը կանգնել, շատ լավ է չէ՞ հնչում, բայց ո՞նց գտնենք էդ աղքատին»,- զարմացավ սոցիալական ապահովության նախարարը։ Բոլոր աղքատներին կոչ եմ անում, եթե կառավարությունը չի կարողանում ձեզ գտնել, գոնե դուք գտեք կառավարությանը՝ մի թողեք ձեր կողքը թափուր մնա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031