ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում տեղի ունեցավ Հայաստանի քաղաքագետների միության հերթական համագումարը։ Միության զգալիորեն նորացված վարչության կազմի մեջ ընտրվեցին Հմայակ Հովհաննիսյանը, Տիգրան Ջանոյանը, Նարեկ Մեսրոպյանը, Միքայել Քոթանյանը, Արմեն Խաչատրյանը, Մանվել Բադեյանը, Հենրիկ Գրիգորյանը, Ալբերտ Գեւորգյանը եւ ուրիշներ։ Միության նախագահ վերընտրվեց Հմայակ Հովհաննիսյանը։
Վարչությունը որոշում ընդունեց նոր հասարակական-քաղաքական թերթ հիմնադրելու մասին։ «Ձայն ժողովրդի» անվանումը կրող այդ պարբերականի վերաբերյալ փաստաթղթերը դեկտեմբերի 18-ին, սահմանված կարգով ուղարկվեցին արդարադատության նախարարություն։
«Հայաստանի քաղաքագետների գործնական քաղաքականության վրա ազդելու ձգտումը միանգամայն բացատրելի է,- «Սնարք» լրատվական գործակալությանն ասաց Հմայակ Հովհաննիսյանը։ – Գրչին տիրապետող եւ անալիտիկ ընդունակություններ ունեցող մարդկանց մասնակցությունը քաղաքականության մեջ շատ ավելի կառուցողական է, քան այն մարդկանց, որոնք տիրապետում են զենքին եւ կարող են կրակել։ Եթե «Երկրապահ» հասարակական կազմակերպությունը մեծամասնություն է կազմում խորհրդարանում, ապա ինչո՞ւ նույն դերին չի կարող հավակնել հայ քաղաքագետների կազմակերպությունը։ Ակնհայտ է, որ երկիրը միայն կշահի, եթե կարողանա ազատվել հասարակական-քաղաքական կյանքի միլիտարիզացիայի վտանգավոր սինդրոմից»։