«Օրագրին» երեկ հյուր եկած նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի շուրթերից մի շատ հետաքրքիր միտք հնչեց. ԵԱՀԿ Մինսկի համանախագահների արած առաջարկությունների փաթեթը եւ 97-ին արված առաջարկություններն իրարից ոչ մի բանով չեն տարբերվում։
Պարզապես, այս դեպքում առաջարկություններին միացել է նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Այն, թե ինչպես է նման գաղտնի փաստաթուղթն «ընկել» պրն Արզումանյանի ձեռքը, վերջինս այսպես մեկնաբանեց. «Իմ կարծիքը դեռեւս հետաքրքրում է մի շարք արտգործնախարարների։ Իսկ Մինսկի խմբի որեւէ անդամից փաստաթուղթը վերցնելն ու ծանոթանալը դժվար չէ»։ Իսկ այն, թե. «Ասել, որ այս փաթեթն ավելի հայանպաստ է, եւ այդ պատճառով է Ադրբեջանը մերժել, նշանակում է թյուրիմացության մեջ գցել բոլորիս, քանի որ այն Ադրբեջանը մերժել էր արդեն 97-ի գարնանը։ Այս անգամ էլ Ադրբեջանը հավատարիմ մնաց իր մոտեցմանը եւ մերժեց»։
Նոր փաստաթղթում ձեւակերպված է, որ ընդհանուր պետությունը Ադրբեջանի հանրապետությունն է, որի կազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի լայն ինքնակառավարում։ Ի տարբերություն այս՝ փաթեթային տարբերակի, փուլայինն այն էր, որ մի կողմ դնել կարգավիճակի մասին փաստաթուղթը եւ բանակցել միայն ռազմատեխնիկական խնդիրների շուրջ։ «Այսինքն՝ այն տարածքները, որոնք գրավել էին ԼՂՀ ուժերը, նպատակ ունեին հետապնդել միայն ու միայն Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։ Եվ այդ տարածքներից ԼՂՀ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դուրս գալ, եթե լինի ռազմական հակամարտության կարգավորման վերաբերյալ լուծում։ Նույնն ասել է նաեւ Հայաստանի ղեկավարությունը»։
Պրն Արզումանյանը ներկայացրել է փուլ առ փուլի այլ առավելությունները եւս։ Ինչ վերաբերում է ընդհանուր պետության կարգավիճակին առհասարակ, պրն Արզումանյանն ասաց. «Օսլոյում որեւէ փաստաթուղթ Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ չընդունվեց։ Սա, կարծում եմ, այս անգամ ձեռնտու էր Ադրբեջանի պատվիրակությանը, որովհետեւ պետք է այդ դեպքում ֆիքսվեր Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ մոտեցումը։ Սա Կոպենհագենի հակառակ արդյունքն էր, երբ մենք էինք դեմ փաստաթուղթը ընդունելուն։ Կոպենհագենում գործող նախագահողը ամփոփիչ արտահայտություն է անում, ուր նշված էր, որ բոլոր 3 կողմերին կոչ է արվում շարունակել բանակցությունները Մինսկի խմբի առաջարկների հիման վրա։ Օսլոյում կոչ է արվում բանակցությունները շարունակել Մինսկի խմբի շրջանակներում։ Այսինքն՝ վերջին առաջարկությունները ոչ եւս են։ Եվ Հեյդար Ալիեւը դեկտեմբերի 3-ին հայտարարել է, որ խոսել է իր արտգործնախարարի հետ, որը հայտնեց, թե Օսլոյում թաղվեցին ընդհանուր պետության բոլոր առաջարկները»։
Կարդացեք նաև
«Առավոտի» այն հարցին, թե ըստ պրն Արզումանյանի՝ ո՞րն է Լեռնային Ղարաբաղի նման կտրուկ դիրքորոշման պատճառը. մեկ տարի առաջ մերժեց առաջարկությունները, այսօր ընդունում է, պատասխանեց. «Ես դժվարանում եմ պատասխանել։ Կարծում եմ, այդ հարցը պետք է ուղղեք ԼՂՀ նախագահին եւ արտգործնախարարին եւ իրենք երեւի կբացատրեն, թե ինչն է պատճառը, որ մեկուկես տարում այսպես կտրուկ փոխվեց Ղարաբաղի մոտեցումը, եւ «պարտվողական» փաստաթուղթը դարձավ «հաղթողական»։ Եթե վարկած ասեմ, դա լուրջ քաղաքական գնահատական կլինի. ի՞նչն էր պատճառը, որ Տեր-Պետրոսյանին ստիպեցին հրաժարական տալ։ Պետք է երեւի անդրադառնանք փետրվարին տեղի ունեցած բոլոր իրադարձություններին, հասկանանք՝ ինչ էր կատարվում, ինչն էր իշխանափոխության հիմքը»։
Հետաքրքիր էր նախկին արտգործնախարարի կարծիքն իր տեղակալ Օսկանյանի մասին, որը հիշատակվեց իբրեւ արտակարգ լավ եւ չհակաճառող ենթակա։ Վերջինիս հետ պրն Արզումանյանը հիմա էլ է հանդիպում, սակայն միայն պաշտոնական ընդունելություններին, եւ նրանց բարեկամական ջերմ հարաբերությունները սկսվում ու ավարտվում են ձեռքսեղմումով։
ՀՀ նախկին նախագահի առօրյան էլ պակաս հագեցած չէ. հետեւում է աշխարհի անցուդարձին, զբաղվում գիտությամբ եւ իր թոռնիկ Լեւոնով։
ԱՄՆ-ի՝ Իրաքի հանդեպ ռազմական գործողությունները պրն Արզումանյանի կարծիքով, պաշտոնական Երեւանը պետք է դատապարտի։ Այդպես է արել նաեւ Վրաստանը։ Իսկ Հայաստան-Իրան հարաբերությունների սառեցման պատճառը հայկական կողմի ոչ ճիշտ քայլերն են, մասնավորապես՝ Օսկանյանի այցելությունն Իսրայել։
Պրն Արզումանյանի տրամադրությունը բավական բարձր էր. դա երեւի պայմանավորված էր նաեւ այն համոզմունքով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀՇ-ն անպայման կհաղթահարի 5%-ի պատնեշը։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ