Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԻՆԵՐԻ ՓՏԱԽՏ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Դեկտեմբեր 19,1998 00:00
yegia najaryan

Հարցազրույց ՍԴՀԿ ցկյանս նախագահ Եղիա Նաճարյանի հետ:

-Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո լուրեր տարածվեցին, թե դուք ծախել եք կուսակցության գրասենյակը եւ ընդմիշտ փախել Հայաստանից։ Այժմ կրկին Երեւանում եք։

-Հայաստանից ես մեկնեցի փետրվարի 17-ին, բուժման նպատակով։ Ինձ մոտ հիվանդությունների մի ամբողջ կույտ էր հավաքվել՝ շաքար, սրտամկանի բեկման վտանգ, սեւ թոքի ախտահարում եւ աղիների փտախտ։ Այս ութ ամիսների ընթացքում բուժվել եմ, երկու ծանր վիրահատություն եմ տարել։ Գալուցս առաջ իմացա, որ մեր ընկերները նախաձեռնել են չորրորդ հերթական համագումարը։ Ես էլ, թեեւ շատ առողջ չեմ, մտադիր չեմ հեռու մնալ ակտիվ քաղաքականությունից, սակայն լինելով կուսակցության նախագահ, պարտավոր եմ ներկայացնել նախորդ՝ 1997 թ. մարտին կայացած համագումարից մինչեւ օրս կուսակցության հաշվետվությունը։ Հետեւում էի մամուլին, տեսնում էի զրպարտությունները եւ մտածեցի, որ պատասխան կտամ զրպարտիչներին։

-Ձեր բացակայության ժամանակ նոր նախագահ նշանակվեց Էռնեստ Սողոմոնյանը։ Նոյեմբերին տեղի ունեցավ կուսակցական կոնֆերանս։ Ինչպե՞ս եք վերաբերվում նոր նշանակմանը եւ կոնֆերանսին։

-Էռնեստ Սողոմոնյանն ընդամենը 6 ամիս է մեր կուսակցության ղեկավար մարմնի անդամ եղել։ Խորհրդարան նրա ընտրությունը եղել է մեր կամքից անկախ։ Սողոմոնյանին պաշտպանեցին Տեր Հուսիկն ու Եգորյանը։ Մեկի խնամին էր նա, մյուսի սաունայի գործերով օգնականը։ Եգորյանին նա Սահմանադրական հանձնաժողովից սիրաշահել էր, նրա հետ սաունա էր գնում, նրան քիսա էր անում։ Դա շատ ստույգ է, քանի որ Եգորյանի հետ լողացած մարդիկ են ինձ պատմել, թե Էռնեստը այնտեղ ինչ դեր էր խաղում։ Օրերից մի օր Էռնեստը եկավ տպարան եւ ասաց, որ Տեր Հուսիկն ու Եգորյանը ընտրությունների քարտեզը վերցրել են եւ մերոնքական տղաներին առաջարկում են իրենց օկրուգները գծել իրենց ցանկությամբ։ Խնդրեց, որ մի գրություն տամ, որ իր կնոջ դպրոցը մտցնեն իր օկրուգի մեջ։ Ես էլ մի թղթի վրա գրեցի, որ մեր կուսակցությունը երեք մեծամասնական թեկնածու ունի՝ Եղիա Նաճարյանը, Էդիկ Տարանյանը եւ Էռնեստ Սողոմոնյանը, որին խնդրում ենք ընդառաջել իր օկրուգի ձեւավորման հարցում։ Համամասնական ցուցակը այլ էր։

Օրերից մի օր, երբ Տեր Հուսիկը կուսակցապետերին կարդում էր «Հանրապետություն» միավորման ցուցակը, տեսա, որ 10-րդը ես եմ, իսկ 24-րդը՝ Էռնեստը։ Ես բողոքեցի, թե ով է տվել մեր ցուցակը, նա էլ հանեց Էռնեստին տված գրությունը։ Մենք վիճեցինք, նա էլ բացատրեց, որ ցուցակը նախագահի սանկցիան է ստացել եւ հաստատվել է Անվտանգության խորհրդում։ Ես միառժամանակ դադարեցրի իմ մասնակցությունը «Հանրապետություն» միավորման աշխատանքներին։ Սակայն համոզեցին, թե կարեւորը անհատները չեն, այլ կուսակցության պաշտոնական թափանցումը խորհրդարան։

-Ինչո՞ւ վաճառեցիք կուսակցության գրասենյակը։

-Կուսակցական ընկերներից մեկը ինձ 34 հազար դոլար փող էր տվել։ Բայց նա ինձ շտապեցնում էր վերադարձնել այդ գումարը, այլապես փող տվողները ամիսը 10 տոկոս էին ուզում։ Ես գտա մեկին, որն ինձ 40 հազար դոլար տվեց երկու ամիս ժամկետով։ Երբ չկարողացա վճարել, նա եկավ եւ ասաց, որ ամիսը 6 տոկոս կուզեմ։ Այդպես ձգվեց ամբողջ 1997 թվականը։ Այդ ժամանակ առողջությունս շատ վատ էր։ Պարտատերը մտածեց՝ կմեռնեմ։ Մեռնեմ՝ ումի՞ց է փողն առնելու, եկավ կանգնեց դռանս եւ պահանջեց փողը 10 ամսվա տոկոսով՝ սպառնալով տանել աղջկաս եւ թոռնիկիս։ Որոշեցի կուսակցության գրասենյակը վաճառել։ Բայց Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո խուճապ էր առաջացել եւ անշարժ գույքի գներն ընկել էին։ Վերջը, 50 հազարով վաճառեցի, որից 47-ը տվեցի այդ մարդուն։ Եթե այդ վաճառքը չլիներ, այս տանը կարող էր ուրիշ բան լինել։

-Ասում են, որ դուք վաճառել եք կուսակցության 100-ամյա դրոշը։

-Ոչ թե 100-ամյա, այլ 84՝ (Եղիա Նաճարյանը դստերը՝ Ալինային, խնդրեց բերել դրոշը)։ Այս դրոշը պատրաստվել է 1914 թվականին՝ Եգիպտոսում։ Դրոշը կախված է եղել Պռոշյանի վրա գտնվող մի գրասենյակում, որի վաճառքից հետո ես դրոշը տուն եմ բերել։ Այլապես Էռնեստ Սողոմոնյանը կգողանար նաեւ այս դրոշը, ինչպես ամբողջ կուսակցության գույքը՝ սառնարանները, գորգերը, կահույքը, գրականությունը, էլեկտրոնային տեխնիկան։

-Այսինքն, ոստիկանության հետ դուք առնչություն չե՞ք ունեցել։

-Իմ վերադարձից մի երկու օր հետո ինձ զանգահարեց ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանը եւ ասաց, որ ես, այսպես ասած, «պա խարոշեմու» տամ կնիքն ու դրոշը։ Այդպիսի դիմում իրենց տվել էր Էռնեստ Սողոմոնյանը։ Ես ասացի, որ չեմ տա, կարող ենք գնալ Արդարադատության նախարարություն եւ պարզել. ե՞ս եմ օրինական, թե՞ Էռնեստ Սողոմոնյանը։

-Ի վերջո, ինչպե՞ս է լուծվելու Էռնեստ Սողոմոնյան-Եղիա Նաճարյան վեճը։

-ՍԴՀԿ հայաստանյան կազմակերպության կենտրոնական վարչությունը արդեն դիմել է ԱԺ նախագահին եւ Արդարադատության նախարարին, որտեղ հայտնվել է, որ, այսպես կոչված, «հաշվետու ընտրական կոնֆերանսը» ապօրինի է, իսկ «ժամանակավոր վարիչ մարմնի» նշանակումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին։ Այժմ կուսակցական հին ընկերները պատրաստվում են հրավիրել համագումար, որը կկայանա մինչեւ հունվար։ Այդ համագումարը իր վերաբերմունքը կհայտնի Էռնեստ Սողոմոնյանի գործունեությանը եւ նրան, հավանաբար, կվտարի կուսակցությունից։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031