Դավիթ Վարդանյանին
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանը ԱԺՄ համագումարում հայտարարել է, որ դրական է վերաբերվում հեղափոխությանը, քանի որ, նրա կարծիքով, էվոլյուցիոն ուղին Հայաստանում դեպի վատն է տանում: Կարելի՞ է արդյոք այդ խոսքերից եզրակացնել, որ նախագահի նստավայրում գտնվող իր կաբինետում նա փոքրիկ «Ավրորա» հածանավ է պատրաստում, որի կրակոցներից հետո ԱԺՄ-ական նավաստիները գրոհելու են այդ նույն նստավայրը:
Անդրանիկ Մանուկյանին
Կարդացեք նաև
«Արարատ-Լադա» ձեռնարկության տնօրեն, երկրապահ Անդրանիկ Մանուկյանը, պաշտպանելով թաղային երկրապահ Արմենակ Արմենակյանին, ակնարկեց, որ եթե վերջինս շատ ջղայնանա թիվ 61 դպրոցի տնօրեն Գեորգի Վանյանի վրա, ապա խստորեն կպատժի նրան, ենթադրվում է, երկրապահական-ֆիդայական եղանակով: Ցավոք, բիզնեսմեն-երկրապահը չմանրամասնեց՝ պրն Վանյանի հետ կոնկրետ ինչպես է վարվելու իր ընկերը՝ միայն ակա՞նջն է կտրելու, թե՞ ամբողջ գլուխը:
Բիլ Քլինթոնին
Հայկոմկուսը, Հայդատը, ազգային պահպանողականները եւ մի շարք այլ ազդեցիկ հայաստանյան կուսակցություններ խստորեն դատապարտեցին Բիլ Քլինթոնին, որն առանց լուրջ պատճառների օդային հարվածներ հասցրեց Իրաքին: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք այդ քաղաքական ուժերի կազմակերպած հզոր ցույցերից ԱՄՆ նախագահը բավարա՞ր չափով է սարսափել, որ անմիջապես ներողություն խնդրի Սադամ Հուսեյնից եւ թույլ տա նրան զանգվածային ոչնչացման զենք արտադրել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ