Հարցազրույց Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթի հետ
-Պարոն Սաադաթ, ի՞նչ սկզբունքով է կատարվում ՀԲ-ի ներկայացուցչի նշանակումը որեւէ երկրում։ Արդյոք թեկնածությունը համաձայնեցվո՞ւմ է կառավարության հետ։ Մասնավորապես, ձեր դեպքում, ՀՀ կառավարության համաձայնությունը որքանո՞վ էր համաձայնեցված։
-Բավական լավ, հաջող հարաբերություններ ունենք Հայաստանի կառավարության հետ, եւ ես այնպես եմ հասկանում, որ նրանք ողջունեցին իմ մուտքը երկիր։ («Նշանակումը երկրի համաձայնության հետ որեւէ կապ չունի, բանկի աշխատակիցն է ինքը, եւ բանկն է որոշում»,- լրացրեց մամուլի գրասենյակի ղեկավար Վիգեն Սարգսյանը)։
-Իսկ դուք ինչպե՞ս եք գնահատում ՀԲ-ի գործունեության արդյունավետությունը Հայաստանում։
Կարդացեք նաև
-Կան մի շարք հաջող ծրագրեր, ցավոք, կան նաեւ ծրագրեր, որոնք այնքան էլ հաջող կամ դրական չեն, կամ՝ չեն գոհացնում մեզ, բայց եւ այնպես, աշխատանքները շարունակվում են եւ հուսով ենք, որ պիտի հասնենք ավելի մեծ արդյունքների։ Մոտակա օրերս, եւ ես սա ձեզ առաջինն եմ հայտնում, ՀԲ-ի վարչությունը քննարկելու է, եւ ըստ ամենայնի, մոտ 65 միլիոն դոլարի վարկ կտրամադրվի Հայաստանին՝ կառուցվածքային բարեփոխումների համար։ Սա կլինի ամենամեծ գումարներից մեկը, որ տրվել է Հայաստանին բանկի այս 5-6 տարվա գործունեության ընթացքում։ Եվ սա ցույց է տալիս մեր վստահությունը այն տնտեսական ռեֆորմներին, որոնք կատարվում են Հայաստանում, թեեւ կան բավական լուրջ պրոբլեմներ բարեփոխումների իրագործման մեջ, բայցեւայնպես, մենք շարունակում ենք համագործակցել։
-Մի շարք վարկային միջոցների գործունեություն, փաստորեն, դադարեցվեց։ Ինչո՞վ է բացատրվում վարկային միջոցների գործունեության դադարեցումը։
-Որեւէ նման ծրագիր Հայաստանում երբեւէ չի դադարեցվել, ծրագրերը շարունակվել են եւ հասցվել են ավարտին։
-ԱԺ-ի Վերստուգիչ պալատը, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, շատ վարկային միջոցների ծախսումը գնահատել են ոչ արդյունավետ։ Համաձա՞յն եք այս գնահատականի հետ, ձեր կարծիքով, ՀԲ-ի վարկերը որքանո՞վ են արդյունավետ աշխատում Հայաստանում, դուք վերահսկո՞ւմ եք եւ ի՞նչ փաստեր եք արձանագրել։
-Մենք բացարձակապես բաց կազմակերպություն ենք, երբեւէ դեմ չենք եղել կամ չենք խոչընդոտել որեւէ քննության, ավելին՝ կողմնակից ենք, որ նման ստուգումներ կատարվեն, բայց բոլորովին վերջերս ես հանդիպել եմ ԱԺ նախագահին, մեր կողմից ցանկություն եմ հայտնել, որպեսզի վերստուգիչ պալատն իր քննությունը կատարելիս խորհրդակցի մեզ հետ, մեզ նույնպես ցույց տա այն արդյունքները, որին նա հասնում է, որովհետեւ բաներ կան, որ ճշգրտման կարիք ունեն։
-Դուք ասացիք, թե բացարձակապես բաց կազմակերպություն եք, սակայն ձեր նախորդի ղեկավարության ընթացքում այդ բաց լինելն այնքան էլ նկատելի չէր։ Կարո՞ղ ենք հուսալ, որ ձեր ղեկավարությամբ ՀԲ-ն իսկապես բաց կլինի լրագրողների եւ այլնի համար։
-Ես չգիտեմ, թե ինչ վիճակ է եղել նախորդ տարիներին, բայց ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ թե անձամբ ես, թե մեր գրասենյակը բաց է բոլորի համար։ Մենք շարունակելու ենք բաց աշխատել նաեւ կառավարության հետ, մամուլը եւս կարող է օգտվել։
-Մի քանի ամիս առաջ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այսուհետեւ կառավարությունը կվերահսկի ՀԲ-ի վարկային միջոցների օգտագործումը։ Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ մինչ այժմ չէր վերահսկվում, կամ՝ վստահությա՞ն խնդիր է։
-Երեւի թե հարցն ավելի ճիշտ կլիներ ուղղել վարչապետին, որը կճշտեր, թե ի՞նչ է ուզում ասել, բայց ես ուզում եմ ասել, որ մենք հստակեցնում ենք, ճշգրտում ենք մեր հարաբերությունները կառավարության հետ։ Բոլոր ծրագրերը ամենից առաջ Հայաստանի եւ Հայաստանի կառավարության որոշումներն են եւ մենք ուղղակի աջակցում ենք երկրին եւ կշարունակենք աջակցել։ Իսկ եթե իրենք ավելի ակտիվ դեր կատարեն, մենք միայն կողջունենք։
-Ձեր աշխատանքային փորձը թույլ է տալիս համեմատել, Հայաստանը դժվա՞ր երկրների շարքում է, թե՝ հեշտ։
-Ընդամենը երեք ամիս է, ինչ այստեղ եմ աշխատում եւ կարող եմ ասել, որ զգացված եմ այն պրոֆեսիոնալիզմից եւ մարդկանց բարձր նվիրվածությունից՝ գործին, որոնք ասենք մինչեւ ուշ գիշեր աշխատում են եւ մեզ էլ հանգիստ չեն տալիս։
Զրուցեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ